ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱ ՄԵՆՔ ԷԼ ԲԱԶՄԱԹԻՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ ԿԳՏՆԵՆՔ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

«Ավելի քան մեկուկես տարի հայերը օգտվում են Լաչինի միջանցքից, բայց Ադրբեջանը չի կարողանում օգտվել Զանգեզուրի միջանցքից։ Դա արդար չէ, մենք երբեք չենք հաշտվի դրա հետ: Ուստի, կարծում ենք, որ հայերը նախկինի պես փորձում են ժամանակ շահել»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ։
Երկրի ղեկավարի խոսքով՝ հայերի ողջ գաղափարախոսությունը ոչնչացված է, 30 տարվա օկուպացումը նրանց օգուտ չբերեց, ողջ աշխարհը տեսել է նրանց թողած ավերակները։ Զանգեզուրի միջանցքի բացումը մեր երկրների միջև խաղաղության հաստատման պայմաններից մեկն է, սա կարևոր հարց է, և Ադրբեջանն իրավունք ունի դա պահանջել։
«Կուզենայի նաև ուշադրություն հրավիրել Ադրբեջանի տարածքում ապրող հայերի ճակատագրի վրա։ Ադրբեջանը բազմազգ երկիր է: Հայ բնակչությունը Ադրբեջանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը չէ։ Մեր Սահմանադրությունը հավասար իրավունքներ է նախատեսում Ադրբեջանում ապրող բոլոր էթնիկ խմբերի, այդ թվում՝ այստեղ ապրող հայերի համար։ Մենք պատրաստ ենք դա անել, բայց ցավոք, կրկին լսում ենք «կարգավիճակի» վերաբերյալ վտանգավոր և հակաարդյունավետ պահանջներ։
Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի, իսկ «կարգավիճակի» ցանկացած հիշատակում տանում է դեպի հակամարտությունների։ Հայաստանը պետք է դադարեցնի պատմությունը վերաշարադրելու փորձերը: Կա ոչ պաշտոնական պայմանավորվածություն, որ «կարգավիճակի» հարց չի բարձրացվելու, բայց դա չի կատարվում։ Եթե Հայաստանը կրկին կասկածի տակ դնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա մենք էլ բազմաթիվ պատմական պատճառներ կգտնենք կասկածի տակ դնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե Հայաստանը Ղարաբաղի համար «կարգավիճակ» է պահանջում, ապա ինչու՞ մենք կարգավիճակ չպահանջենք Արևմտյան Զանգեզուրի համար, որտեղ ադրբեջանցիներ են ապրել: Բայց դա փակուղի կլինի»,- ասել է նախագահ Ալիևը:


Читайте также

Оставить комментарий