ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ, ՈՐՔԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ԱՅԼ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»
Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 27-ին ելույթ ունենալով Զանգիլանի շրջանի Աղալը գյուղում հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Անդրադառնալով Երևանի առաջ քաշած սկզբունքներին, թե պետք է քննարկել նաև Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու կարգավիճակը՝ պետության ղեկավարն ասել է, որ նման խնդիր Ադրբեջանում չկա:
«Ադրբեջանը բազմազգ, բազմադավան երկիր է: Բոլոր ազգերի ներկայացուցիչներն Ադրբեջանում հարմարավետ են ապրում և օգտվում են բոլոր իրավունքներից։ Ադրբեջանում ազգային և կրոնական հողի վրա խտրականություն երբեք չի եղել և չի լինելու։ Ուստի Ադրբեջանում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը նույնքան կարևոր են, որքան Ադրբեջանում ապրող այլ ժողովուրդների անվտանգությունն ու իրավունքները։ Այստեղ հատուկ արտոնություն չկա», - հայտարարել է Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահը հղում է արել Եվրոպայի խորհդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությանը բրյուսելյան վերջին հանդիպման մասին և ընդգծել, որ միջազգային կառույցների բառապաշարում Լեռնային Ղարաբաղ եզրույթ չկա:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վարչական տարածքին, ապա այդ տարածքն Ադրբեջանի տարածքում գոյություն չունի։ Ուստի միջազգային կազմակերպությունների լեքսիկոնում Լեռնային Ղարաբաղ բառը չկա, և Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց դա։ Ճիշտ է, Հայաստանը հերթական անգամ բարձրացրել է այդ հարցը և ինչպես ասում են, գլուխները պատին են խփում, բայց սա է իրականությունը, և պետք է հաշտվել դրա հետ», - ասել է նախագահը:
Խոսելով ապագայի մասին՝ Իլհամ Ալիևը ասել է, որ Ադրբեջանը ինքն է թելադրում բանակցությունների օրակարգը, և պնդել, օր Բաքուն հասել է կամ հասնում է իր առջև դրված նպատակներին: Որպես դրա ապացույց նա նշել, որ Հայաստանը համաձայնել է սահմանագծման գործընթաց սկսել, և դրանից հետո Հայաստանը այևս չի կարող Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսել:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի: Հայաստանը փորձում էր դրանից խուսափել, քանի որ այդ պայմանագիրը նշանակում է միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում», - ասել է Ադրբեջանի նախագահը: