ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Türk-ին տված ծավալուն հարցազրույցում խոսել է Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարների մասին՝ հայտարարելով, որ Բաքուն ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:
«Մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը: Ես մի քանի անգամ բացեիբաց ասել եմ, որ մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և սկսեն սահմանազատման գործընթացը, այն է՝ սահմանների հաստատումը: Բայց մենք դեռ դրական պատասխան չենք ստացել Հայաստանից: Ըստ ամենայնի, Հայաստանը պատրաստ չէ դրան կամ դեմ է», - ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Բաքուն այդ առաջարկը հավերժ սեղանին չի պահի:
«Եթե նրանք դեմ են դրան, ապա թող բացահայտ ասեն, որ չեն ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Այս դեպքում մենք մեր քաղաքականությունը վարելու ենք սրան համապատասխան: Եթե Հայաստանը պատրաստ է դրան, եթե պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ճանաչում է ամբողջ աշխարհը, ապա, բնականաբար, երկարաժամկետ խաղաղություն կգա տարածաշրջան: Միևնույն ժամանակ, դրան հասնելու համար սեղանին դրված են կոնկրետ առաջարկներ՝ ճանապարհների բացում, Զանգեզուրի միջանցքի ստեղծում, բոլոր առևտրային կապերի վերականգնում: Այսինքն՝ մեր շահերից է բխում երկար դադարից հետո Հարավային Կովկասում խաղաղության ապահովումը: Կարծում եմ, որ սա նույնպես համապատասխանում է Հայաստանի շահերին: Որովհետև Զանգեզուրի միջանցքը կծառայի նաև նրանց շահերին», - ասել է Ալիևը:
Նա հավելել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Թուրքիայի հետ կապի երկրորդ ուղղությունը:
«Միաժամանակ պահանջում ենք, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Արևմտյան Զանգեզուրի տարածքում ավտոմոբիլային ճանապարհ կառուցվի Մեղրիի շրջանում: Քանի որ դա բացարձակ անհրաժեշտություն է: Ցավոք, Հայաստանը դեմ է դրան: Մինչև վերջին օրերը նա դեմ էր Զանգեզուրի միջանցքի բացմանը: Բայց մի քանի օր առաջ այնտեղ դրական կարծիք եղավ, որ իրենք էլ դեմ չեն: Այնուամենայնիվ, Զանգեզուրի միջանցքի լիարժեք գործելու համար պետք է լինի և՛ երկաթուղի, և՛ ճանապարհ: Բաքվում նստելով մեքենա, մենք այնտեղից կարող ենք ապահով երթևեկել Թուրքիա և Նախիջևան», - եզրափակել է Ադրբեջանի նախագահը:


Читайте также

Оставить комментарий