ՋՈ ԲԱՅԴԵՆ. ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի պետության ղեկավարին՝ Անկախության օրվա առթիվ։
«Վերջին 30 տարիների ընթացքում էներգետիկ դիվերսիֆիկացման և միջազգային անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը կարևոր պատմական պահին տվել է իր պտուղները, և Ադրբեջանը կարևոր դեր է խաղացել եվրոպական և համաշխարհային շուկաների անվտանգության ապահովման և կայունացման գործում։
Ադրբեջանի կողմից աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, ինչպես նաև Ուկրաինային հումանիտար և էներգետիկ օգնությունը կարևոր ուղերձ է հանդիսանում։ Մենք բարձր ենք գնահատում նաև ձեր նշանակալի ներդրումը ահաբեկչության դեմ գլոբալ պայքարում»,- ընդգծվում է ուղերձում։
Անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ այժմ եկել է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու կարևոր հնարավորության հույսի ժամանակը։
«Միացյալ Նահանգները պատրաստ են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացմանը և Ադրբեջանում տնտեսական, տրանսպորտային և միջանձնային կապերի հաստատմանը, ինչը թույլ կտա ողջ Կովկասին և Կասպից տարածաշրջանին բարգավաճել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին նպատակաուղղված քայլեր ձեռնարկել՝ բոլոր ադրբեջանցիների իրավունքներն ու հիմնարար ազատությունները պաշտպանող ժողովրդավարական կառավարման և բարեփոխումների ուղղությամբ:
Համաշխարհային անկայունության այս շրջանում, երբ Ռուսաստանը փորձում է Ուկրաինայի դեմ պատերազմով խաթարել միջազգային անվտանգության հիմնական հենասյուները, ԱՄՆ-ը վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի անկախությանը և ինքնիշխանությանը։ Մենք ակնկալում ենք ընդլայնել մեր հարաբերությունները առաջիկա տարիներին և տասնամյակներում»,- եզրափակել է իր ուղերձը Ամերիկայի նախագահը։


Читайте также

Оставить комментарий