ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ը ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ՝ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ ՀՆՉԵՑՎԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Ադրբեջանը բարձր է գնահատում այն ջանքերը, որոնք ռուսական կողմը ձեռնարկում է հայ-ադրբեջանական, հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից միակ երկիրն է, որն ուղղակիորեն սահմանակից է մեր տարածաշրջանին և նրա հետ ունի երկարատև պատմական կապեր: Սա բացատրում է Ռուսաստանի անմիջական շահագրգռվածությունը՝ Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և խաղաղության ամրապնդման գործում»:
Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունում՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ 2020 թ. նոյեմբերի 17-ին կայացած հարցազրույցի հետ կապված:
«Հարցազրույցում բավականին մանրամասն պատմվել է այն մասին, թե ինչպիսի կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի պետության ղեկավարի միջնորդությունը՝ այս տարվա նոյեմբերի 9-ի համաձայնագրերի ձեռք բերման հարցում: Ռուսաստանի նախագահի անձնական դերը, նրա ստորագրությունն այս տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ, հանդիսանում են չափազանց կարևոր ներդրում՝ խաղաղ կարգավորման գործընթացում և այս գործընթացի անշրջելիության երաշխիքը:
Մենք լիովին կիսում ենք Ռուսաստանի նախագահի գնահատականը այն մասին, որ եռակողմ հայտարարության կարևոր ձեռքբերումը՝ արյունահեղության դադարեցումն է: Ադրբեջանական կողմը՝ պատերազմի առաջին րոպեներից սկսած, միշտ և լիովին աջակցել է միջազգային հանրության հրադադարի կոչերին», - ասվում է տեղեկատվության մեջ: