ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ՏՐՎԱԾ ՄԱՆԴԱՏԸ ԹԵԵՎ ԴԵ ՅՈՒՐԵ ՈՒԺԻ ՄԵՋ Է, ԲԱՅՑ ԴԵ ՖԱԿՏՈ ԱՅՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ԱՆՎԱՎԵՐ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի կարելի է համարել անվավեր: «Հակամարտությունը կարգավորելու համար Մինսկի խմբին տրված մանդատը թեև դե յուրե ուժի մեջ է, բայց դե ֆակտո այն կարելի է համարել անվավեր», - ասել է Ալիևը՝ հիշեցնելով, որ գործունեության 28 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը ներկայացնող համանախագահները հարյուրավոր անգամ այցելել են Հայաստան և Ադրբեջան:
«Արդյունքն ակնհայտ է՝ զրո: Ադրբեջանն ինքը ռազմաքաղաքական ճանապարհով լուծեց այս հակամարտությունը», - նշել է նախագահը:
Նրա խոսքով` պատերազմից ավելի քան մեկ տարի անց ԵԱՀԿ Մինսկի խմբից որևէ առաջարկ չի ստացվել. «Իսկ ներկայիս պայմաններում Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը փաստացի անգործունակ է, այս մասին արդեն խոսում են համանախագահող երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, իսկ այդ դեպքում խմբակային որևէ գործունեության մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Ալիևը:
Միաժամանակ Ադրբեջանի նախագահը գոհունակությամբ է խոսել Եվրամիության դերակատարության, մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին:
«Իհարկե, թե՛ փորձագետները, թե՛ ադրբեջանական հանրությունը տեսան, որ այդ հանդիպման վերջնական հայտարարությունում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը բնական է. Ադրբեջանն ընդդիմանում էր դրան: Չկա նաև «հակամարտություն» բառը։ Դա ևս բնական է, քանի որ հակամարտություն չկա, այն լուծված է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:


Читайте также

Оставить комментарий