ԱՆԴՐԵՅ ՌՈՒԴԵՆԿՈ. «ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ ՀՂԿԵԼՈՒ ՇՈՒՐՋ»

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, թե արդեն գրեթե պատրաստ է ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունների ապաշրջափակման միասնական փաթեթը: Նրա խոսքով՝ այսօր ընթանում են այդ փաթեթը վերջնական տեսքի հասցնելու աշխատանքներ:
Պաշտոնական Մոսկվան վերջին ամիսներին պարբերաբար շեշտում է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը, թեև նախկինի պես հայտարարություններն անում է ընդհանուր դիվանագիտական ոճի մեջ՝ խուսափելով հստակ ձևակերպումներից։
«Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում կարևորագույն ուղղություններից մեկը՝ տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումն է։ Խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից գործնական կոնկրետ օգուտ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանը այդ գործընթացի անմիջական մասնակիցն է», - նշել է Ռուդենկոն:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը շեշտում է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար կարևոր դեր է խաղացել Սոչիում նոյեմբերի 26-ին կայացած եռակողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ռուդենկոն նշել է, որ «եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել տարածաշրջանում երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման համար։ Այժմ աշխատանքներ են ընթանում միասնական փաթեթը հղկելու շուրջ»։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը շեշտել է, թե Մոսկվան ուշադրություն է դարձնում համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակման արագ ավարտին և կոնկրետ նախագծերի գործարկմանը։


Читайте также

Оставить комментарий