ԱԼԵՔՍԵՅ ՕՎԵՐՉՈՒԿ. ՌՈՒՍԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԱՇԽԱՏԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Տրանսպորտային ապաշրջափակման հարցում առաջխաղացման մասին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարել են երկու օրեր առաջ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո։
«Ադրբեջանը կարող է լիովին նոր հնարավորություններ ստանալ Ասիայի և Եվրոպայի շուկաները կապելու համար», - Բաքվում կայացած «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» խորագրով համաժողովում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով նաև տրանսպորտային կոմունիկացիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է ռուսական կողմից։
Պաշտոնական Մոսկվան ու Բաքուն պարբերաբար հայտարարում են, որ մտադիր են է'լ ավելի խորացնել առևտրատնտեսական կապերը։ Այսօր դրա համար հետպատերազմյան տարածաշրջանում, Օվերչուկի խոսքով, նոր հեռանկար է բացվում. - «Այստեղ մենք կարող ենք միասին աշխատել և հասնել համատեղ հաջողությունների։ Ռուսաստանի ներդրումներն Ադրբեջանում հասել են 4,5 միլիարդ դոլարի, իսկ Ադրբեջանինը՝ Ռուսաստանում՝ 1,5 միլիարդ դոլարի։ Ռուսական բիզնեսը շահագրգռված է աշխատել Ադրբեջանում, և կան լավ հեռանկարներ երկաթուղիների զարգացման և ստեղծման, վերականգնվող էներգիայի աղբյուրների, բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների, լոգիստիկայի զարգացման համար։ Այժմ մեզ համար հյուսիսը հարավին և արևմուտքն արևելքին կապելու նոր հնարավորություններ են բացվել: Այստեղ կարող է հաղթել ԵԱՏՄ ողջ տարածաշրջանը»։
Օվերչուկը հայտնել է նաև, որ ակտիվ աշխատանքներ են տարվում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։


Читайте также

Оставить комментарий