ԱՄԻՐ ԱԲԴՈԼԱՀԻԱՆ. ԲԱՔՎԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը, որը հանրային տիրույթում է ընթացել, ավարտված է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանը Թեհրանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում։
«Մենք շփումներ ենք ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Կարծում եմ, որ մենք ավարտել ենք լարվածության հրապարակային փուլը։ Ենթադրում եմ, որ մեր ունեցած խնդիրները աստիճանաբար կլուծվեն»,- ասել է նախարար Աբդոլահիանը։
Երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են ավելի քան մեկ ամիս առաջ, երբ Գորիս-Կապան ճանապարհի Բաքվի վերահսկողության տակ անցած հատվածում ադրբեջանական ոստիկանությունը սկսեց կանգնեցնել և ստուգել իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին, նաև նրանցից ճանապարհային տուրք պահանջել և ձերբակալել երկուսին որոնք անօրինական բեռներ էին տեղափոխում  Ղարաբաղ։
Օրերս Պաշտոնական Բաքուն հաղորդել էր, որ «Իրանին է վերադարձրել բեռնատարների երկու վարորդներին, որին հաջորդել է հեռախոսազրույց երկու երկրների արտգործնախարարների միջև։ Աբդոլահիանը, մասնավորապես, հայտարարել է, թե Իրանի և Ադրբեջանի կառավարությունների և ժողովուրդների միջև կապերը կընդլայնվեն փոխադարձ հարգանքի լույսի ներքո։


Читайте также

Оставить комментарий