Լեյլա Աբդուլլաևա. «Երկու ժողովուրդների միջև առկա թշնամական հարաբերությունների հիմքում դրված է Հայաստանի վարած օկուպացիոն քաղաքականությունը»
Հայաստանը, որը պատասխանատու է հազարավոր խաղաղ բնակիչների թափված արյան, հարյուր հազարավոր մարդկանց խախտված իրավունքների, ինչպես նաև միջազգային պարտավորությունների կոպիտ խախտման համար, բարոյական իրավունք չունի խոսելու իրավունքների, օրենքի կամ ժողովրդավարության մասին, հատկապես՝ ուրիշներին քարոզ կարդալ: Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը: Աբդուլլաևան նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն ամբողջովին չի գիտակցում իր պատասխանատվությունը, այլև անտարբեր է իր երկրի և ժողովրդի ճակատագրի հանդեպ:
«Եթե Հայաստանի ղեկավարությունն իսկապես մտածում է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության մասին, ինչպես հայտարարում է պաշտոնական Երևանը, ապա նա պետք է իր օկուպացիոն ուժերը դուրս բերի Ադրբեջանի հողերից և բնակչությանը պատրաստի խաղաղության: Պետք է քաղաքական կամք դրսևորել բանակցային սեղանի շուրջ: Որովհետև Ադրբեջանի և միջազգային միջնորդների համբերությունն անսահման չէ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:
Նա նշել է, որ երբ պաշտոնական Երևանի փաստարկները վերջանում են և խոսելու թեմա չի գտնում, փորձում է բարձրացնել Ադրբեջանում հակահայկական տրամադրությունների թեման: Օկուպանտ երկրի ղեկավարությունը աչք է փակում այն հանգամանքի վրա, որ երկու ժողովուրդների միջև առկա թշնամական հարաբերությունների հիմքում դրված է Հայաստանի վարած օկուպացիոն քաղաքականությունը և անհիմն տարածքային հավակնությունները: «Նման քաղաքականությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ հենց Հայաստանի համար», - ընդգծել է Լեյլա Աբդուլլաևան: