Սամեդ Սեյիդով. «Եվրախորհուրդը երկակի չափանիշների քաղաքականություն է վարում»
Եվրախորհուրդը Ադրբեջանի նկատմամբ երկակի չափանիշների քաղաքականություն է վարում։
Այդ մասին, չորեքշաբթի օմբուդսմենի ապարատի կողմից կազմակերպված՝ «Ադրբեջանը և Եվրոպայի Խորհուրդը. Համագործակցություն մարդու իրավունքների ոլորտում» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, պատգամավոր Սամեդ Սեյիդովը։
«Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով զեկուցող նշանակելով՝ Եվրախորհուրդը մեծ սխալ է թույլ տվել։ Հայաստանում կալանքի տակ են պահվում պատգամավորներ, սակայն, Եվրախորհուրդը այդ երկրին քաղբանտարկյալներին ազատելու պահանջներ չի ներկայացնում»,- նշել է նա։
Բացի այդ, Ս. Սեյիդովի խոսքով, ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկման էր դրվել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների իրավունքների խախտման հարցը։ «Այդ փաստաթղթի նախագծում նշված էր, որ Ադրբեջանում քրիստոնյաների ժամերգությունն արգելվել է։ Մեր պահանջով այդ կետը հանվեց փաստաթղթից։ Ադրբեջանում ապրում են ընդամենը 350 կաթոլիկներ, և չնայած դրան, նրանց համար Բաքվի կենտրոնում եկեղեցի է կառուցվել։ Երկրում պայմաններ են ստեղծվել բոլոր կրոնների ներկայացուցիչների ժամերգության անցկացման համար»,- ասել է Ս. Սեյիդովը։