Էլնուր Ասլանով. «Ադրբեջանը կշարունակի տեղեկատվական պատերազմը»

irevanaz.comԱդրբեջանը շարունակելու է Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմը, քանի դեռ այդ երկիրը ամբողջությամբ չի ազատել ադրբեջանական հողերը։

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը։

«Իհարկե, մենք հասկանում ենք, որ տեղեկատվական պատերազմը չի կարող հավերժ շարունակվել։ Սակայն մենք դա կշարունակենք այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական հողերը չեն ազատվել օկուպացիայից», - ասել է նա։

Ասլանովի խոսքով, այդ պատերազմը կշարունակվի ամենատարբեր ձևերով՝ համացանցում, տարբեր հրատարակությունների ստեղծման ճանապարհով, Կովկասի պատմության և ղարաբաղյան հակամարտության թեմաներով գրքերի շնորհանդեսների կազմակերպմամբ։

«Տեղեկատվական պատերազմը այսուհետև էլ կշարունակվի, որը, Ադրբեջանի նախագահի խոսքով մեր հարձակողական արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասն է», - ընդգծել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։

Նշենք, որ Է. Ասլանովի զրույցը լրագրողների հետ կայացել է Բաքվում անցկացված՝ 20-րդ դարի հայտնի ռուս հրապարակախոս Վ. Վելիչկոյի «Կովկաս» գրքի շնորհանդեսի շրջանակներում, որտեղ պատմվում է նաև Կովկասում հայերի վերաբնակեցման մասին։

Ասլանովի խոսքով, գիրքը կթարգմանվի անգլերեն լեզվով։ Բացի այդ, նախատեսվում է այն լայնորեն տարածել արտասահմանում, այդ թվում այն ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև արտասահմանյան «ուղեղային կենտրոններին» և համալսարաններին։



Читайте также

Оставить комментарий