Էլնուր Ասլանով. «Ադրբեջանը խաղաղության կողմնակից է»
«Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների խաղաղ ճանապարհով վերականգնման կողմնակից է` առանց իրավիճակը ռազմական գործողությունների հասցնելու:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը:
«Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանն իր զինված ուժերը դուրս բերի Ադրբեջանի օկուպացված տարածքներից, իսկ դրանք՝ այսօրվա դրությամբ, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանն է և նրան հարակից յոթ շրջանները, որոնք միասին կազմում են մեր պետության տարածքի 20 տոկոսը», - ասեկ է Ասլանովը:
Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Էխո Մոսկվը» ռադիոկայանին տված հարցազրույցը, հատկապես այն միթքը, թե «hակամարտության կարգավորման միակ տարբերակը, դա խաղաղ կարգավորումն է, և միակ ուղին՝ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացումը, կամ 1991 թվականի հանրաքվեի արդյունքների ճանաչումը, Էլնուր Ասլանովի նղել է. «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ մարզում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ապօրինի և ինքնակամ անցկացված` այսպես կոչված «հանրաքվեի» արդյունքների ճանաչումն անհնար է, քանի որ այն` իրավաբանների եզրակացության համաձայն, անցկացվել է ԽՍՀՄ օրենսդրության խախտմամբ, չի ունեցել իրավական հիմք, չխոսելով արդեն նրա միջազգային իրավունքին «համապատասխանության» մասին:
Նոր քվեարկության անցկացումը նույնպես չպետք է հակասի օրենսդրությանը, այլապես այն կլինի անիմաստ և նույնպես կճանաչվի` որպես իրավական հետեւանքներ չունեցող:
Բացի այդ, նոր քվեարկության անցկացումն անհնար է` Ադրբեջանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի և Լեռնային Ղարաբաղի բնակչության մեկ երրորդ մասի վտարված լինելու պայմաններում: Հանրաքվեներն այսպես չեն անցկացվում, մանավանդ Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի անդամ պետության տարածքում: Այս լուրջ թերությունների վերացումից հետո հնարավոր է քվեարկության անցկացում, սակայն, այն չպետք է հակասի Ադրբեջանի Սահմանադրությանը», - նշել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչը:
Նրա խոսքով` Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և նրա պետական սահմանները, և այս հարցում նրանից նման մոտեցում է ակնկալում, սակայն, ավաղ, Հայաստանից նման քայլ չի տեսնում: «Տարածքային ամբողջականությունը չունի տարբեր ձևեր, այն դեպքում, երբ ազգերի ինքնորոշումը լինում է տարբեր տեսակի` ինչպես ներքին, այնպես էլ` արտաքին, կախված համատեքստից: Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի մադրիդյան առաջարկությունները ենթադրում են այդ երկու սկզբունքների համատեղում, ապա դա, ըստ տրամաբանության, նշանակում է ինքնորոշման այնպիսի ձև, որը չի հանգեցնում ինքնիշխան պետության տարածքային ամբողջականության խախտման:
Այս երկու սկզբունքները համատեղելու միակ ձևը տարածքային ամբողջականության շրջանակներում ինքնորոշումն է՝ 1975 թվականի Հելսինկյան Եզրափակիչ Ակտի VIII հոդվածի համաձայն, որը դրված է խաղաղ գործընթացի հիմքում: Այսինքն, դա ներքին ինքնորոշումն է», - ասել է Էլնուր Ասլանովը: