Ֆյոդոր Լուկյանով. «Ղարաբաղյան կոնֆլիկտը հրդեհում են արտաքին ազդակները»

irevanaz, irevan«Առաջին լրատվական»-ի հարցազրուցը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, Միջազգային բանավեճի «Վալդայ» ակումբի գիտական աշխատանքի գծով տնօրեն Ֆյոդոր Լուկյանովի հետ:
– Պարոն Լուկյանով, «Վալդայ» ակումբին անդամակցող ռուսաստանցի փորձագետների զեկույցներում նույնիսկ առանձին կետ է լինում՝ նվիրված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին, որտեղ նշվում է, որ կոնֆլիկտը Ռուսաստանի անվտանգության սպառնալիքներից մեկն է: Հաշվի առնելով բավական լարված իրադրությունը արցախա-ադրբեջանական շփման գծում՝ որքանո՞վ եք հնարավոր համարում պատերազմի՝ ռազմական ակտիվ գործողությունների վերսկսումը Ղարաբաղյան հակամարտության գոտում:
– Ինձ թվում է՝ ռազմական ակտիվ գործողությունների վերսկսումը քիչ հավանական է: Մեկ տարի առաջ տեղի ունեցած բռնկման արդյունքները այնքան ակնհայտ են, որ պատերազմի վերսկսման նոր փորձ անելու որևէ պատճառ չեմ տեսնում, ով էլ որ դա անի: Թեժ հակամարտությունը ոչ մի կերպ չի բխում արտաքին խաղացողներից որևէ մեկի շահերից, ուստի պատերազմ հրահրողը բանական խաղացող չի կարող լինել, առավել ևս, որ դա չի տա որևէ արդյունք: Հետևաբար հավանական չեմ համարում հակամարտության նոր սրացումը կամ թեժացումը:
Իսկ ընդհանրապես՝ այո, իհարկե, սա շատ լուրջ սպառնալիք է: Ես արդեն երկար տարիներ միևնույն բանն եմ ասում, որ Ղարաբաղյան թնջուկը, որը կայունացվել է ժամանակին՝ 1990-ական թթ., շատ բարդ իրավիճակ է, չկարգավորված հակամարտություն է, բայց դրանում, իմ կարծիքով, չկան սրացման ներքին շարժիչներ: Իրադրությունը կայուն է, այն ֆիքսված է ուժերի հավասարակշռությամբ և այլն, և այլն, ուստի քանի դեռ ընդհանուր իրադրությունը տարածաշրջանում՝ լայն իմաստով, քիչ թե շատ կանխատեսելի էր, հակամարտության վիճակն այդպես էլ շարունակվում էր, իսկ ապակայունացման աղբյուրը ոչ թե ներքին, այլ արտաքին պատճառներն են: Մերձավոր, Միջին Արևելքում առաջացած ապակայունացման այդ լայն դաշտը, Թուրքիան, որն ապրում է ներքին շատ բարդ ժամանակներ, այս ամենը այն ազդակներն են, որոնք ճոճում են ստատուս քվոն, և ինչպես ենթադրում էի երկար տարիներ առաջ, հենց այդ ազդակներն են ի զորու նոր կրակ հրդեհելու հակամարտության գոտում, ոչ թե հակամարտության ներքին տրամաբանությունը (ներքին տրամաբանությունը բավական կայուն է), և դա էլ հիմա տեղի է ունենում: Այդ բռնկումները սկսվեցին ճիշտ այն ժամանակ, երբ ընդհանուր համատեքստը կտրուկ սրվեց: Դա կապված է և՛ Ռուսաստանի, և՛ Մերձավոր Արևելքի, և՛ այլ խնդիրների հետ:
Հիմա իրավիճակը բացարձակապես անորոշ է, քանի որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի առաջնահերթություններն առայժմ պարզ չեն: Անորոշ է նաև այն, թե ինչ կլինի այստեղ: Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, կասպիական տարածաշրջանը առաջվա պես կլինե՞ն Միացյալ Նահանգների առաջնահերթությունների համակարգի էական տարրերը, թե՞ ոչ՝ հայտնի չէ: Իրանը կլինի՞ ԱՄՆ-ի կողմից հզոր ճնշման կետ՝ ներառյալ ռազմական ճնշումը, թե՞ ոչ: Վերջին պարագայում հստակությունը ավելի շատ է՝ ամենայն հավանականությամբ, կլինի, բայց դա միանշանակ չէ: Այդ պատճառով էլ դառնում ենք այս իրավիճակի գերին:
– Գլոբալ ի՞նչ գործոններ կան, որոնք կարող են զսպել պատերազմը: Ի՞նչ դեր կխաղա Ռուսաստանը այս իմաստով, եթե հիշենք նաև Լավրովի հայտնի հայտարարությունը, թե Ղարաբաղը Ադրբեջանի ներքին գործը չէ, և որ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի:
– Զսպման գլոբալ գործոնն այն է, որ ես չեմ տեսնում խոշոր խաղացող, որը հետաքրքրված կլիներ հակամարտության սրացմամբ և կուզենար դրանից ինչ-որ օգուտ ստանալ: Պատճառները տարբեր են: Դա չի նշանակում, թե բոլորը շատ խաղաղասեր են, պարզապես բռնության աճը, պատերազմը օբյեկտիվորեն գլխացավանք է, Ռուսաստանի համար հսկայական գլխավացանք է, գլխացավանք է նաև Միացյալ Նահանգների, Եվրոպայի ու բոլորի համար: Սա էլ գլոբալ կայունության գործոնն է: Մերձավոր Արևելքի փորձից գիտենք, որ միշտ էլ կան պատճառներ ցանկացած խժդժության, ապակայունացման համար, բայց դրանք կարող են տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ հայտնվի արտաքին խաղացող, որը շահագրգռված է դրանով: Եվ նույնիսկ պարտադիր չէ, այսպես ասած, հրահրել, բավական է ընդամենը բարոյաքաղաքական աջակցություն ցույց տալ, և հետո ամեն ինչ ինքն իրեն կզարգանա: Մենք դա տեսել ենք Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և այլն: Այստեղ դա չկա, և կարծում եմ՝ մոտ ժամանակներս չի էլ հայտնվի, որովհետև բացարձակապես անհասկանալի է՝ ի՞նչ օգուտ կարելի է քաղել ընդհանրապես այս փակուղային կոնֆլիկտից: Սա տալիս է որոշ հույսեր:



Читайте также

Оставить комментарий