Ֆյոդոր Լուկյանով. «Մոսկվան ցանկություն չունի միջամտել և ընտրել ֆավորիտների»
Հարցազրույց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովի հետ:
– Պարոն Լուկյանով, ինչպե՞ս են Մոսկվայում վերաբերվում Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ հատկապես Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Այժմ, ըստ էության, պայքար է ընթանում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջև, թե ով պետք է լինի երկրի ղեկավարը: Այս երկու գործիչներից ո՞վ է ավելի ձեռնտու Մոսկվային:
– Ես չեմ լսել, որ Մոսկվայում որևէ մեկին նախապատվություն տան, առավել ևս որ իրադարձությունները շատ անսպասելի են: Մոսկվայում ելնում են այն հանգամանքից, որ իրադրությունը վերահսկվում է Հանրապետական կուսակցության կողմից, և, իհարկե, այնքան էլ հաճելի անակնկալ չէր այն, որ Սերժ Սարգսյանն ու իր զինակիցները թերագնահատեցին հասարակության տրամադրությունները, ուստի այսօր տեղի ունեցողը բավական անսպասելի է: Առայժմ՝ վերջին երկու-երեք օրերին, Մոսկվայի արձագանքը շատ զուսպ է եղել: Ի տարբերություն նախորդ դեպքերի՝ նմանատիպ իշխանափոխություններին հարևան երկրներում, այս դեպքում ոչ ոք չի ասում, թե Արևմուտքի մատը խառն է այս գործընթացին: Մոսկվայում հասկանում են, որ սա ներքին ծագում ունեցող գործընթաց է, հանրությունը հոգնել է միևնույն քաղաքական գործիչներից: Իրավիճակը տհաճ է, բայց շատ բնական: Եվ այս իմաստով, ինձ թվում է, Մոսկվան ցանկություն չունի միջամտել այս իրադարձություններին և փորձել ընտրել ֆավորիտների, առավել ևս որ Ռուսաստանը դա չի կարողանում անել: Մեր բազմամյա փորձը ցույց է տալիս, որ երբ Ռուսաստանը փորձում է այդպես գործել, դա չի բերում ցանկալի արդյունքի: Այստեղ ես չեմ տեսնում նման պահվածքի հետքեր:
Մոսկվայում կարծում են, որ հայ քաղաքական գործիչները ստիպված են լինել ռեալիստներ: Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակը, սպառնացող երկարաժամկետ վտանգները թույլ չեն տալիս այն աստիճանի անպատասխանատվություն, որն իրենց կարող են թույլ տալ այլ երկրների քաղաքական գործիչները: Ռուսաստանին Հայաստանում կարող են տարբեր կերպ վերաբերվել, բայց փաստ է այն, որ Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության անվտանգության միակ երաշխավորն է: Նախ, չկա որևէ այլ պետություն, որը պատրաստ է ստանձնել այդ գործառույթը: Երկրորդը, նույնիսկ եթե հայ քաղաքական գործիչները որոշեն փոխել իրենց քաղաքական կողմնորոշումը, կարծում եմ՝ ո՛չ հասարակությունը, ո՛չ էլ քաղաքական դասը չեն աջակցի դրան, որովհետև ակնհայտ է, թե որքան վտանգավոր է դա: Եթե Ռուսաստանը, ի պատասխան Երևանի ոչ բարեկամական գործողությունների, թշնամական դիրք գրավի Հայաստանի հանդեպ, ապա Հայաստանի վիճակը կտրուկ կվատանա: Ռուսաստանը չի պատրաստվում դա անել, բայց ակնկալում է, որ հայ քաղաքական գործիչները կպահպանեն իրենց բնական իրապաշտությունը:
– Բայց չէ՞ որ Ռուսաստանի, ռուսական ընկալումների տեսանկյունից կա տարբերություն Մոսկվայից եկած Կարեն Կարապետյանի և Եվրասիական տնտեսական միությանը քննադատած Նիկոլ Փաշինյանի միջև:
– Հավանաբար տարբերություն կա, հետո ի՞նչ: Դա չէ հարցը: Հարցն այն է, թե կվերականգնվի՞ արդյոք կայունությունը, որովհետև անկայունությունը Հայաստանում վատագույն տարբերակն է Ռուսաստանի համար: Իհարկե, ծանոթ քաղաքական գործիչ Կարապետյանն ավելի հաճելի է, քան անծանոթը, բայց դա միակ չափանիշը չէ: Ինձ թվում է՝ հարցն այժմ այն է, թե որքանով այս կամ այն քաղաքական ուժը կկարողանա ապահովել ներքին կայունություն:
– Մոսկվան ինչ-որ կերպ՝ քաղաքականապես, դիվանագիտորեն կամ ռազմական իմաստով կարո՞ղ է միջամտել այս իրավիճակին, եթե անկայունությունը երկար պահպանվի:
– Դժվար է ասել: Եթե անկայունությունը երկար պահպանվի, ապա դա խնդիր կլինի ողջ տարածաշրջանի համար, որովհետև անկայունությունը Հայաստանում ավելի հավանական է դարձնում անկայունությունը Լեռնային Ղարաբաղում, ուստի դա որևէ մեկին ձեռնտու չէ: Դժվարանում եմ պատասխանել: Չեմ կարծում, թե ռազմական միջամտությունը հնարավոր է: Հայաստանում գտնվող ռուս զինվորականները բոլորովին այլ առաջադրանքներ են կատարում, և օտար պետության ներքին քաղաքականությանը մասնակցելու փորձը գրեթե երաշխավորված կերպով կտրամադրի Հայաստանի հանրությանը Ռուսաստանի դեմ: Ռուսաստանը դա չի անի:
Ինչ վերաբերում է քաղաքական միջամտությանը, ապա եթե վիճակը գնալով վատթարանա, հնարավոր է՝ որոշ ոչ ֆորմալ ջանքեր գործադրվեն: Այնուամենայնիվ, ռուսաստանցի և հայ քաղաքական գործիչները շատ են շփվում իրար հետ, բայց Ռուսաստանը չէր ուզենա դա անել: Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի քաղաքական դասի ներկայացուցիչներն իրենք հասնեն համաձայնության:
– Երևանում շատերը հետևյալ կերպ են վերլուծում Ռուսաստանի պահվածքը այս օրերին: Ռուսաստանը բավական պասիվ էր թե՛ պաշտոնական, թե՛ մեդիափորձագիտական մակարդակում: Մամուլը չէր քննադատում ցույցերը, դրանք չէր անվանում Արևմուտքի դավադրությունը: Այսինքն՝ նրանք սպասում էին, որ իշխանությունից հեռացվի Սերժ Սարգսյանը, և մնա Կարեն Կարապետյանը: Եվ հիմա փորձում են այնպես անել, որ վերջինս պահպանի իշխանությունը, քանի որ Կարեն Կարապետյանը շատ հարմար մարդ է Ռուսաստանի համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետը:
– Ես հետևյալ կերպ կմեկնաբանեմ այդ տեսակետը, որ հարևան երկրներում, կներեք արտահայտությանս համար, շատ ուժեղ են պարազիտական տրամադրությունները: Սկսվում են խնդիրներ՝ կապված բացառապես ներքին պատճառների հետ, և չգիտես՝ ինչու բոլորը սկսում են սպասել, որ Ռուսաստանը կամ մեկ այլ արտաքին գործընկեր կօգնի լուծել այդ խնդիրը: Բայց սա այդ իրավիճակը չէ: Տվյալ պարագայում միջամտությունը որևէ հարց չի լուծի և կարող է միայն բարդացնել իրավիճակը: Իմ կարծիքով՝ Ռուսաստանը առաջին անգամ հազիվ ճիշտ՝ դիտորդի դիրք է գրավել: Բնականաբար, Ռուսաստանում անում են իրենց եզրակացությունները, և կան սցենարներ իրադարձությունների տարբեր զարգացումների համար, բայց մեզ մոտ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ սա բացառապես Հայաստանի ներքին գործն է: Միջամտությունն այս գործընթացներին շատ ապակառուցողական քայլ կլինի, և նրանք, ովքեր սպասում են դրան Հայաստանում, կա՛մ սխալ են գնահատում իրադրությունը, կա՛մ էլ գիտակցաբար ուզում են ինչ-որ բան սադրել:
/1in.am/