Վադիմ Դուբնով. «Ռուսաստանը փոխում է խաղադրույքները Հայաստանում. դեսանտ կիջեցվեն «մոսկովյան հայերը»
Ռուսաստանը փոխում է խաղադրույքները Հայաստանում և փորձում է գտնել Հայաստանի հետ հարաբերությունների ավելի քաղաքակիրթ մոդել, աշխատել այստեղ ավելի առաջադեմ, ինտելեկտուալ մարդկանց հետ, ովքեր, իհարկե, կպահպանեն հավատարմությունը Ռուսաստանին՝ կարծում է քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը՝ ասելով, որ նոր վարչապետի նշանակումը Հայաստանում տեղավորվում է հենց այս փոփոխությունների, Ռուսաստանի այդ փնտրտուքների համատեքստի մեջ:
Վադիմ Դուբնովն այս կարծիքը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ մասնավորապես անդրադառնալով ռուսաստանահայ գործարար Ռուբեն Վարդանյանի վերջին հարցազրույցներից մեկին: Գործարարը բավական ուշագրավ մտքեր էր հայտնել՝ ասելով, թե այս տարիների ընթացքում Հայաստանում ստեղծված «կիսագողական լավ տղերքի» մոդելը սպառել է իրեն, և հարկավոր է կառուցել կառավարման նոր մոդել:
«Խորքային փոփոխությունները հնարավոր են հասարակության մեջ ներքին կոնսենսուսի առկայության պարագայում»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանը:
Վադիմ Դուբնովն իր հերթին ասում է. «Սա կլինի ավելի պրագմատիկ համակարգ, որում չեն լինի ցնցումներ: Գլխավորը Մոսկվան, Հայաստանի կողմից հավատարմության պահպանման պարագայում, կփորձի խուսափել այն գայթակղություններից, որը մշտապես ունեցել է Երևանը՝ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը գցելով Մոսկվայի վրա: Մոսկվան, իհարկե, պատասխանատու է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար, բայց այդ մոդելը չէր կառուցվի առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության: Այժմ Երևանն ավելի շատ տարածություն կստանա խուսանավելու համար՝ համենայնդեպս, այն աստիճանով, որ իր համար ավելի դժվար կլինի ամեն ինչի համար մեղադրել Ռուսաստանին»:
– Պարոն Դուբնով, Ռուբեն Վարդանյանը ասում է, որ մենք մոտեցանք Հայաստանի անկախության 25-ամյակին մի իրավիճակում, երբ այս տարիների ընթացքում ստեղծված երկրի կառավարման մոդելն իրեն սպառել է, և անհրաժեշտ է փոխել այդ մոդելը և քաղաքական էլիտան ընդհանրապես: Այս համատեքստում նա կարծում է, որ Կարեն Կարապետյանի նշանակումը «ստատուս քվոյի լուրջ փոփոխություն է և առաջին քայլն է մոդելի ու էլիտայի փոփոխության ուղղությամբ»: Դուք համաձա՞յն եք նրա հետ:
– Այո, ես ամբողջովին համաձայն եմ այդ տեսակետի հետ, քանի որ այդ մոդելը իսկապես ավելի պրագմատիկ է լինելու: Սրանով իշխանության մեջ առաջ են մղվում, ես կասեի, ինտելեկտուալ, անկախ և միաժամանակ Ռուսաստանին իրատեսորեն լոյալ մարդիկ: Խաղադրույքն արվելու է այդ կատեգորիայի վրա: Չեմ կարծում, թե էլիտան Հայաստանում լրջորեն կփոխվի. էլիտան, որպես կանոն, շատ քիչ է փոխվում: Բայց կարծում եմ, որ այդ խաղադրույքը հնարավորություն կտա Հայաստանին զարգանալու, թեև դժվար թե այդ հնարավորությունը այնքան մեծ լինի, որպեսզի Հայաստանը իսկապես ինքնուրույնություն ձեռք բերի:
– Շատերը կարծում են, որ հուլիսյան իրադարձությունների պատճառով ստեղծված ճգնաժամից հետո Ռուսաստանը ինքն է փորձում վերահսկողության տակ առնել իրավիճակը Հայաստանում, որովհետև տեսնում է, որ գործող իշխանությունը լուրջ խնդիրներ ունի, և Կարեն Կարապետյանի նշանակումը հենց այս փոփոխությունների շրջանակում է:
– Ոչ, չեմ կարծում, թե այստեղ խոսք կա արտաքին կառավարման մասին, և չեմ կարծում, թե Կարեն Կարապետյանը հանդես է գալիս Մոսկվայի անունից, թեև ամենևին չեմ բացառում ընդհատակյա ինչ-որ հոսանքներ, Մոսկվայի հույսեր և մոսկովյան ինչ-որ խաղեր Հայաստանի քաղաքականության ներսում: Իհարկե, այդ խաղերը միշտ էլ եղել են, Մոսկվան միշտ էլ ներգրավված է եղել Հայաստանի բոլոր ներքին դիմակայություններին, գուցե ոչ այդքան խորությամբ և ուշադրությամբ, այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքական գործընթացի բոլոր կողմերը, օրինակ՝ ներկայիս և նախկին նախագահների դիմակայության մեջ, ինչ-որ չափով հայացքը թեքել են դեպի Մոսկվա: Հիմա Մոսկվայի ուշադրությունը մի քիչ շեղվել է. Ռուսաստանը ուշադրություն է դարձրել Հայաստանին «մնացորդային սկզբունքով», որպեսզի իր համար կարևոր լինեն ղարաբաղյան, արտաքին քաղաքական հարցերը, բայց այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի քաղաքական դաշտում, այնքան էլ չի հետաքրքրել Մոսկվային: Այժմ Մոսկվան որոշ հետաքրքրություն է ցույց տալիս: Չեմ կարծում, որ իր մասնակցությունը սկզբունքային է, բայց ամեն դեպքում նա ներկայացրել է իր տեսլականը, և Երևանը ընդունել է այդ խաղը:
– Բավական հետաքրքիր կարծիք է հայտնել Ժիրայր Սեֆիլյանի զինակիցներից մեկը՝ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը՝ ասելով, թե Մոսկվան շատ լավ է հիշում՝ ինչ եղավ Յանուկովիչի հետ Ուկրաինայում, և չէր կարող թույլ տալ, որպեսզի նույնը կրկնվի Հայաստանում, և փորձել է կանխել նմանատիպ զարգացումները՝ նշանակելով նոր «ադմինիստրատորի»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետը:
– Ինձ թվում է, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև համեմատությունները շատ արհեստական են՝ հատկապես տվյալ համատեքստում: Ես չեմ տեսնում որևէ նմանություն Յանուկովիչի անձի, նրա վերապրած քաղաքական շրջանի և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև: Հայաստանը բոլորովին այլ պատմություն է, որը ամենաքիչը կարելի է համեմատել Ուկրաինայի հետ:
– Իսկ ինչո՞վ էր, Ձեր կարծիքով, պայմանավորված «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի վերջին այցելությունը Հայաստան: Պատճառը միայն «Գազպրոմ Արմենիա»-ի նոր գլխավոր տնօրենի նշանակո՞ւմն էր, թե՞ սա կարող է կապված լինել նաև Հայաստանում գազի սակագների հնարավոր իջեցման հարցի հետ:
– Ես այնքան էլ ծանոթ չեմ «Գազպրոմի» ներքին խոհանոցին և ծանոթ չեմ, թե ինչպես են կառուցվել «Գազպրոմի» և Հայաստանի հարաբերությունները, բայց ինչպես գիտենք՝ Հայաստանի ներկայիս վարչապետը և Միլլերը օտար մարդիկ չեն, և այցը ամեն դեպքում պիտի տեղի ունենար: Եթե մենք խոսում ենք նոր մոդելի կառուցման մասին, ապա դրան, բնականաբար, պիտի մասնակցի նաև Ալեքսեյ Միլլերը, առավել ևս, որ այժմ Հայաստանում աշխատում է իր գործընկերը: Սա ծրագրային այց է, անսպասելի որևէ բան չկա:
Հնարավոր է՝ գազի գները իջեցնեն՝ որպես բոնուս կամ նոր հարաբերությունների համալիրի մի մաս, բայց այնտեղ շատ ավելի հետաքրքիր բաներ կան՝ կապված Հայաստանում գազի խնդրի հետ: Օրինակ՝ Ալեքսեյ Միլլերին հետաքրքիր կլինի լսել և քննարկել իրանական գազամուղի տարանցման հետ կապված հարցերը: Գազի գնի հարցը, իհարկե, կարևոր է սոցիալ-քարոզչական առումով, բայց չեմ կարծում, որ այն գերակա հարց է այս քննարկման մեջ:
– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում այդ նոր մոդելը, որի մասին խոսեցինք:
– Կարծում եմ՝ Ռուսաստանը պարզապես փոխում է խաղադրույքները և մոդելի էությունը: Հովիկ Աբրահամյանի ու նմանատիպ անձանց հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ՝ կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Մոսկվայի համար ավելի հարմար է աշխատել ավելի առաջադեմ հանրության, ավելի ինտելեկտուալ թևի հետ: Եվ Կարեն Կարապետյանը, այսպես ասած, մոսկովյան հայերից է: Երբ ասում ենք՝ Մոսկվայի հայերը, նկատի չունենք մարդկանց, ովքեր սեղմում են Մոսկվայի ձեռքը, ընդհակառակը, կարծում եմ՝ այդ մարդիկ շատ ավելի լավ գիտեն Մոսկվան, քան շատերը Հայաստանում, և այս իմաստով ավելի հարմար են Մոսկվայի համար: Միևնույն ժամանակ, նրանք կպահպանեն Մոսկվային հավատարիմ լինելու գիծը:
Հետևաբար, կարծում եմ, սա որոշակի փոխզիջում է վերջին շրջանում Հայաստանում նկատվող դժգոհության և Մոսկվայի՝ Հայաստանը իր ուղեծրում պահելու ցանկության միջև: Հիմա արդեն կհայտնվի, այսպես կոչված, «մոսկովյան հայերի» դեսանտը, որը չէի ասի, թե կուժեղացնի իր ազդեցությունը, բայց ամեն դեպքում նրանք շատ ավելի ինքնուրույն խաղացողներ են, քան Հովիկ Աբրահամյանը: