Վադիմ Դուբնով. «Հայաստանը Լապշինի հարցում իրեն հարվածի տակ է դնում»

irevanaz.comՀարցազրույց Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովի հետ:
– Պարոն Դուբնով, Ձեր գնահատմամբ ի՞նչ է այսօր տեղի ունենում Ղարաբաղի շուրջ ընդհանուր առմամբ՝ հաշվի առնելով շփման գծում ռազմական իրադրության սրացումը և հակամարտող կողմերի, հատկապես՝ ադրբեջանական կողմի վերջին հայտարարությունները: Ինչո՞ւ է մեծանում լարվածությունը հակամարտության գոտում:
–...Կարծում եմ՝ այսօր գործընթացի բոլոր մասնակիցները հավաքում են իրենց ուժերը և գիտակցում են իրավիճակը նոր իրողության մեջ, որը առաջացել է նախորդ տարվա ապրիլից հետո: Մենք դեռ այն ժամանակ ձեզ հետ խոսում էինք, որ Ալիևին հաջողվեց փոխել ընդհանուր մոտեցումը, ընդհանուր վերաբերմունքը հարցին: Դա էր Ալիևի գլխավոր հաջողությունը ապրիլյան պատերազմում, և հիմա բոլորը ապրում են որոշակիորեն նոր իրողության մեջ, որտեղ բոլորը հասկանում են, որ «ապրիլի» կրկնությունը տեխնիկայի հարց է: Միգուցե մեծ պատերազմ չի լինի, բայց նոր «ապրիլի» սպառնալիքը շարունակում է կախված մնալ բոլորի գլխին և ոչ մեկի ծրագրերի մեջ չի մտնում:
Ուստի կարծում եմ՝ Ալիևը այդ իմաստով կարողացավ իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը, և նա փորձում է եթե ոչ զարգացնել այն, ապա գոնե ամրապնդվել նվաճած նոր մակարդակի վրա: Դրանով են բացատրվում իր ակտիվ քայլերը նաև այլ ուղղություններով՝ ներառյալ Լապշինի արտահանձնումը: Ալիևին կարելի է շնորհավորել Լապշինի գործի շուրջ հանգամանքների շատ հաջող դասավորության համար: Դա ևս, կարելի է ասել, իր տակտիկական հաջողությունն էր: Ես համոզված չեմ, որ դա ուղղակի առնչություն ունի ռազմաճակատում տեղի ունեցող իրադարձությունների հետ, բայց քաղաքական իմաստով՝ Բաքուն զարգացնում է նախաձեռնությունը, իսկ մնացած բոլորը փորձում են հարմարվել այդ տեմպին:
– Լապշինը, կարծես թե, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է, բայց խնդրով ավելի շատ մտահոգված հայկական կողմը, որովհետև սա, ըստ էության, ավելի շատ վնաս է հասցնում հայկական շահերին, իսկ Ռուսաստանը և Իսրայելը պետական իմաստով չեն տուժում Լապշինի արտահանձնումից:
– Գիտեք, գուցե մի քիչ ռիսկային հնչի, բայց այս հարցի կապակցությամբ Հայաստանում առաջացած այդքան մեծ հետաքրքրությունը կապված է միայն Հայաստանի և ներքին քաղաքականության առանձնահատկությունների, միգուցե նաև քաղաքական հոգեբանության հետ, որովհետև Լապշինը, ըստ էության, որևէ պրագմատիկ իմաստ չունի Հայաստանի համար: Նրան ձերբակալել են այնպիսի մոտիվներով, որոնք ֆորմալ առումով որևէ կապ չունեն Հայաստանի հետ: Ուստի Հայաստանը այստեղ, չասեմ՝ իրեն հարվածի տակ է դնում, համենայն դեպս անհամազոր է արձագանքում: Սա բելառուսական, ադրբեջանական, ռուսական և մասամբ՝ իսրայելական հարց է:
– Այնուամենայնիվ, Ադրբեջանը այս քայլով փորձում էր ցույց տալ բոլորին, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, և նրանք, ովքեր դա չեն ընդունում, կարող են քրեական հետապնդման ենթարկվել, այդպես չէ՞:
– Այո, անշուշտ Ալիևը այդ համատեքստում է հանդես եկել: Նա փորձում էր միջազգային հնչեղություն տալ գործին ինտերպոլի միջոցով, ինչը չհաստատվեց: Նա փորձում էր այս գործը ներկայացնել որպես նախադեպ, թեև այն նախադեպ չէ և չի լինի, բայց նա անվիճելի հաջողության հասավ ղարաբաղյան կարգավորման հարցում քաղաքական ինքնահաստատման՝ ներքին սպառման hամար: Տվյալ դեպքում ստեղծեց իմիտացիա, թե ունի միջազգային աջակցություն ԱՊՀ-ի շրջանակներում: Երեկ բելառուսցի գործընկերները հիշեցրեցին, որ երբ Բելառուսը նախորդ տարի արտահանձնեց ՌԴ քաղաքացուն Հայաստանին, և այդպիսի աղմուկ չեղավ: Ինչպես շատ ճիշտ նկատեցին բելառուսցի ընկերները՝ Լուկաշենկոն փորձում է պահպանել պարիտետը:
– Կարո՞ղ ենք ասել, Լուկաշենկոն սրանով իր դժգոհությունն էր արտահայտում Ռուսաստանին: Ինչպե՞ս կպատասխանի Ռուսաստանը ոչ միայն այս քայլին, այլև ընդհանրապես Լուկաշենկոյի վերջին ելույթներին և քայլերին:
– Կարծում եմ՝ Լապշինը որևէ նշանակություն չունի Լուկաշենկոյի և Ռուսաստանի երկխոսության մեջ, իսկ այդ երկխոսության սցենարը զարգանում է բոլորովին այլ չափանիշներով, մոտիվներով և սկզբունքներով: Այն ունի իր նրբերանգներն ու ենթակետերը, և դա որևէ կերպ չի առնչվում Լապշինի գործին:
– Ալիևը մի քանի օր առաջ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունը և լարվածությունը շփման գծում Ադրբեջանի ներքին գործն է: Սա պատասխան է Լավրովի հայտնի հայտարարությա՞նը:
– Շատերը այստեղ բանավեճ են տեսնում, բայց ես կարծում եմ՝ այստեղ բանավեճ չկա: Չեմ կարծում, թե Ալիևը վիճում է Լավրովի հետ այդ հարցի շուրջ: Լավրովը, որպես Մինսկի խմբի ներկայացուցիչ, պարտավոր է ասել այն, ինչ ասաց, որովհետև եթե հանկարծ համանախագահներից մեկը հայտարարի, թե Ղարաբաղը Ադրբեջանի ներքին գործն է, կլինի իսկական սկանդալ և ամենագլխավորը՝ բացարձակ հակասություն այն ամենի հետ, ինչ արել է Մինսկի խումբը վերջին 20 տարիներին: Ալիևն ասել է այն, ինչ պիտի ասեր: Սա դիրքորոշում է, որը սկսել է ավելի հաճախ կրկնվել ապրիլից հետո: Նախկինում Ադրբեջանը այդպիսի հայտարարություններ չէր անում նման հետևողականությամբ: Իսկ հիմա տեղի է ունենում այն, ինչի մասին արդեն խոսեցինք վերևում. Ադրբեջանը զարգացնում է իր նախաձեռնությունը և արձանագրում է իրերի նոր դասավորությունը:
– Հայաստանի կողմից նախաձեռնություն չեք տեսնում:
– Ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչ նախաձեռնություն կարող է ունենալ Հայաստանը: Ալիևը կարողացավ փոխադրել բանավեճը իր համար ակտիվ հուն, և այս պայմաններում Հայաստանին մնում է միայն խաղալ երկրորդ համարով: Հարցն այն է, թե ինչպես Հայաստանը կխաղա երկրորդ համարով: Երկորդ համարով նույնպես կարելի է խաղալ, սարսափելի ոչինչ չկա:
«Առաջին լրատվական»



Читайте также

Оставить комментарий