Վադիմ Դուբնով. «Մոսկվան երբեք չի օգնելու Հայաստանին Ադրբեջանի հետ հակամարտության մեջ»

irevanaz.comՊրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինմանը, ընդհանրապես ՀԱՊԿ-ի էությանն ու նշանակությանը և Ղարաբաղյան հակամարտությանը այս համատեքստում:
– Պարոն Դուբնով, ինչո՞վ է, Ձեր կարծիքով, պայմանավորված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխությունը: Մոսկվան այդպիսով որոշեց վերջապես լուծե՞լ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, քանի որ ոչ մի կերպ չէր հաջողվում անդամ-պետությունների հետ համաձայնեցնել ռոտացիայի սկզբունքով Հայաստանի ներկայացուցչի նշանակումը այդ պաշտոնում:
– Ի սկզբանե պարզ էին պատճառները, թե ինչու Մոսկվան չի ցանկանում այդ պաշտոնում նշանակել հայ զինվորականի, և որ Մոսկվան անպայման մի բան կմտածի: Դավադրության տեսության որոշ կողմնակիցներ ենթադրում էին, որ Լուկաշենկոյի հետ որոշակի պայմանավորվածություն է եղել այդ հարցի կապակցությամբ, և այդ ամենը խաղարկվել է գլխավոր քարտուղարի պաշտոնում հայ զինվորականի նշանակումը ձախողելու նպատակով, բայց ես չեմ կարծում, որ իրականում այդպես է եղել: Ըստ իս՝ Մոսկվայում ինչ-որ դրական բան գտան Լուկաշենկոյի դեմարշի մեջ և հաճույքով օգտվեցին դրանից: Բորդյուժայի հայտարարությունը, որում նա արտաբերեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը, կարծում եմ, գյուղական մակարդակի ինտրիգ էր, հայկական կողմին հաճոյանալու փորձ, բայց չգիտեմ՝ որքանով դա հաջողվեց: Դա շատ բնորոշ պատմություն է այս խնդրի համար, որովհետև ՀԱՊԿ-ում Հայաստանի մնալու կողմնակիցները, կարծես, փորձում են չմեկնաբանել դա, իսկ Ռուսաստանի հետ խորը ինտեգրման հակառակորդները հայտնվեցին երկակի վիճակում, քանի որ, մի կողմից, ընդհանրապես դեմ են ՀԱՊԿ-ին, իսկ մյուս կողմից՝ շատ են նեղացել, որ ՀԱՊԿ-ում հայի չեն նշանակել: Այդ հակասականությունը շատ բնորոշ է Հայաստանի ընդդիմության այդ հատվածին:
– Իսկ ընդհանրապես, այս հանգամանքը չի՞ ազդի ՀԱՊԿ-ի հեղինակության վրա, եթե այն, իհարկե, կա, որովհետև անդամ-պետություններից մի քանիսն ունեն տրամագծորեն իրար հակադիր շահեր և չեն կարողանում համաձայնության գալ տարրական հարցի շուրջ: Ինչպե՞ս է շարունակելու այս կազմակերպությունը իր հետագա գործունեությունը՝ որպես հավաքական անվտանգության համակարգ:
– Չէ, իսկ ի՞նչ է եղել, կշարունակենք հետևել անչափ հետաքրքրաշարժ մի մրցավազքի, թե ո՞րն է ավելի անիմաստ, ՀԱՊԿ-ը, թե՞ ԵվրԱզԵս-ը: Այդ մրցավազքը շատ երկար է տևելու ու շատ հետաքրքիր լինելու՝ անկանխատեսելի արդյունքներով:
– Սեմերիկովը ժամանակավոր կմնա գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե՞ կշարունակի պաշտոնավարել, և այդ հարցն ընդհանրապես կփակվի:
– Դրանք նեղ հիմնարկային հարցեր են: Հիմնարկի տեսանկյունից, կարծում եմ, Մոսկվային ձեռնտու է որքան հնարավոր է շատ պահել Սեմերիկովին գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի կարգավիճակում, որովհետև նրա վերջնական նշանակումը ՀԱՊԿ-ի պետի պաշտոնում կլինի ռոտացիայի սկզբունքի խախտման չափազանց ճչացող փաստ, իսկ պաշտոնակատարը շատ ավելի հարմար է: Մյուս կողմից, կարծում եմ, որ Մոսկվան հնարավորինս, առավելագույնս կձգձգի հայաստանցի ներկայացուցչի նշանակումը: Եթե պետք լինի՝ Հայաստանի ղեկավարությանը կտան անհրաժեշտ բացատրություններ, հայկական կողմը կհասկանա և կբավարարվի, և դա այնքան էլ դժվար չէ, որովհետև Հայաստանի իշխանությունը հեշտությամբ կհասկանա, իսկ ընդդիմությունը հեշտությամբ կսովորի ծաղրել դա:
– Ադրբեջանական լրատվամիջոցներն անմիջապես սկսեցին օգտագործել Բորդյուժայի փոխարինումը Ադրբեջանի քարոզչության համար, թե Բորդյուժային պաշտոնանկ են արել, պատժել են, որովհետև նա ասել է՝ ԼՂՀ, ճանաչել է Լեռնային Ղարաբաղը: Դուք համաձա՞յն եք այս տեսակետի հետ:
– Ոչ, ոչ, կարծում եմ՝ պատճառն այն է, ինչ նշեցի վերևում: Սա եռակողմ գավառական ինտրիգ է՝ գավառական թատրոնի սյուժեով: Ադրբեջանին առայժմ տվեցին ՀԱՊԿ-ի պետի պաշտոնում հայ զինվորականին չնշանակելու բոնուս, Երևանին ինչ-որ չափով փոխհատուցեցին դա Բորդյուժայի արտասովոր հայտարարությամբ, որը բացարձակապես որևէ ռիսկի չէր դիմում, քանի որ այսպես թե այնպես հեռանում էր իր պաշտոնից, և Բորդյուժայի հայտարարությունը իր հեռանալու փաթեթի մի մասն էր:
– Բայց չէ՞ որ դա ոչ թե Բորդյուժան էր ասում, այլ Մոսկվան, այդպես չէ՞: Եթե այո, ապա դա ի՞նչ ուղերձ էր, զգուշացո՞ւմ էր Ադրբեջանին:
– Ոչ, ոչ, Ադրբեջանը այստեղ ընդհանրապես կապ չունի: Դա փոքրիկ սփոփանք էր Հայաստանին ՀԱՊԿ-ի պաշտոնը չստանալու համար:
– Դուք նախորդ հարցազրույցներում շատ հաճախ նշում էիք, որ Մոսկվան երբեմն Երևանի՝ Հայաստանի ղեկավարության շուրթերով ասում է այն, ինչ ինքը չի ուզում ասել ՀԱՊԿ-ի կամ ԵՏՄ-ի մյուս գործընկերներին: Սա՞ է Հայաստանի նշանակությունը կամ դերը այս համատեքստում, որ Հայաստանը օգնում է Մոսկվային պահպանել ՀԱՊԿ-ի հեղինակությունը կամ կարգավորել հարաբերությունները մյուս երկրների հետ:
– Չեմ կարծում, թե Հայաստանը օգնում է Մոսկվային կարգավորել ինչ-որ հարաբերություններ:  Հայաստանին տրված չէ միջնորդի դեր կամ մասնակցի, որի լիազորությունները դուրս են գալիս սեփական երկրի սահմաններից: Բայց կարծում եմ, որ Հայաստանի անդամակցությունը բոլոր այդ կազմակերպություններին բացարձակապես պարտադիր է և սկզբունքային, որովհետև եթե Հայաստանը չլինի այդ կառույցներում, դա սկանդալ կլինի:
– Այդ դեպքում ինչպե՞ս պիտի գործի Երևանը, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկի այդ կառույցների շրջանակներում՝ իր շահերն առաջ տանելու իմաստով:
– Ես, իհարկե, դժվարանում եմ խորհուրդ տալու հարցում, բայց կարծում եմ, որ ամենաճիշտն այն կլինի, որ Երևանը գիտակցի իրականությունը և հրաժարվի պատրանքներից: Սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպից հետո միակ սփոփիչ փաստը գուցե այն էր, որ Երևանը սկսեց ավելի քիչ պատրանքներ տածել Ռուսաստանի մասնակցության և աջակցության մասին, քան ապրիլին էր:
– ՀԱՊԿ-ը, իսկ իրականում Մոսկվան, ճի՞շտ է՝ հասցեական գնահատական չտվեց, բայց հայտարարեց, որ դրանք սադրիչ գործողություններ են ՀՀ տարածքում:
– Այո, դա հայ զինվորական չնշանակման, Բորդյուժայի հեռանալու և այլնի միևնույն փաթեթի մի մասն էր: Չեմ կարծում, որ արժի այդ բառերը ընդունել՝ որպես գործողություն: Մոսկվան երբեք չի օգնելու Հայաստանին Ադրբեջանի հետ իր հակամարտության մեջ, եթե, իհարկե, խիստ ճակատագրական ինչ-որ բան տեղի չունենա Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, օրինակ՝ Ադրբեջանը պատահաբար ռուսական ինքնաթիռ խփի կամ նման մի բան լինի:
– Այսինքն՝ այդ հայտարարությունը չի՞ զսպի Ադրբեջանի գործողությունները Հայաստանի դեմ:
– Ոչ, կարծում եմ՝ միակ բանը, որ կարող է իրեն թույլ տալ Երևանը այս իրավիճակում, ավելորդ պատրանքներ չտածելն է և դա իր բնակչությանը ադեկվատ ձևով բացատրելը, և ի դեպ, հայ հանրությունը այնքան էլ հակված չի հավատալու այդ պատրանքներին:

 



Читайте также

Оставить комментарий