Վադիմ Դուբնով. «Սերժ Սարգսյանը պատասխանեց երեք հարցի՝ ապրիլ, Ռոբերտ Քոչարյան և տնտեսական վիճակ»
Հարցազրույց քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովի հետ:
– Պարոն Դուբնով, տեղյակ եք, որ Հայաստանում փոխվել է կառավարության ղեկավարը, նշանակվել են նոր նախարարներ, և վերջին փուլում կատարվեց պաշտպանության և արտաքին գործերի նախարարների նշանակումը. պաշտպանության նոր նախարար դարձավ Վիգեն Սարգսյանը, իսկ Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեց արտգործնախարարի պաշտոնում: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունները ներքին և նաև արտաքին քաղաքականության տեսանկյունից: Մասնավորապես, ինչո՞ւ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվեց ոչ զինվորական, քաղաքացիական անձ, այս նշանակումից հետո որքանո՞վ են փոխվում պաշտպանության նախարարի գործառույթները և ընդհանրապես պաշտպանական գերատեսչության դերակատարումը պետական քաղաքականության մեջ:
– Չեմ կարծում, թե պետք է գերագնահատել այս նշանակումները: Ըստ իս՝ սա նշանների որոշակի համակարգ է: Գուցե ես սխալվում եմ, բայց ինձ թվում է, որ այս խճճված խաղը՝ բռնոցին, երբ նշանակումները կատարվում են կլոր շրջանով, փորձ է մատնանշելու որոշ փոփոխություններ՝ հաշվի առնելով հայկական քաղաքականության միջով անցնող բոլոր ուժային գծերը: Առաջին հերթին, սա պատասխան էր նրանց, ովքեր սպասում էին նախորդ նախագահի վերադարձին, դա տեղի չունեցավ համենայն դեպս այն չափով, ինչ սպասվում էր: Սա պատասխանների համակարգ է այն հարցերին, որոնք տրվել են Սերժ Սարգսյանին գարնանը և ամռանը, նկատի ունեմ ապրիլյան իրադարձությունները, տնտեսական վիճակը՝ ներառյալ վիճակը բանակում, և Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը: Բոլոր այս հարցերին տրվեցին խորհրդանշական, առանձնակի ոչինչ նշանակող և արմատապես որևէ բան չփոխող պատասխաններ:
– Այսինքն՝ կարծում եք, որ սա շախմատային խա՞ղ է՝ սահմանադրական և ներիշխանական փոփոխությունների իրագործման շրջանակներում:
– Այո, կարծում եմ՝ սա խաղ է ներքին ինչ-որ դրամատիզմով, բայց քայլերը բավական պարզունակ են:
– Իսկ որքանո՞վ է դա համաձայնեցվում մերձավոր դաշնակցի՝ Մոսկվայի հետ, եթե նկատի ունենանք, որ բոլոր այս պաշտոնյաները՝ Վիգեն Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը, Արմեն Գևորգյանը, որը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, Յուրի Խաչատուրովը, ով ստացավ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, բավական լոյալ են ռուսական քաղաքականությանը:
– Դե, ընդհանրապես Հայաստանի ողջ քաղաքական դասը արտաքնապես պարտավոր է ցուցաբերել հավատարմություն ռուսական քաղաքականությանը Հայաստանում, բայց ես չէի ասի, թե նախագահի աշխատակազմի ղեկավարը, զբաղեցնելով այդ պաշտոնը, եղել է այդ հավատարմության մարմնավորումը: Համենայն դեպս ես այդպիսի տպավորություն չեմ ստացել:
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը հետխորհրդային երկրներում ածանցյալն է այն մոդելի, որն ընտրում է պետությունը: Նալբանդյանը կարող էր և կարող է իմպրովիզներ անել, և ինքնուրույնություն ցուցաբերել միայն առաջադրված մոդելի շրջանակներում: Այդ մոդելին պիտի հետևի նույնիսկ վարչապետը, էլ չենք խոսում արտգործնախարարի մասին: Հետևաբար, այս կամ այն գործչի անձնական հավատարմությունը կամ համակրանքը այս կամ այն քաղաքական գծին թվացյալ է և բավական խաբուսիկ: Կարծում եմ՝ պատկերացումները Հայաստանի քաղաքական դասի՝ Մոսկվային հավատարիմ լինելու մասին գերագնահատված են:
– Եթե Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվում է արտգործնախարարի պաշտոնում, դա նշանակում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը ոչ մի դեպքում չի՞ կարող կասկածի տակ դրվել:
– Կարծում եմ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հեղափոխական իմաստով երբեք էլ չի փոխվել: Սա այն դեպքերից է, երբ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության բացարձակ շարունակությունն է: Հայաստանը չի կարող թելադրել ինչ-որ օրակարգ, կարող է միայն ենթարկվել այդ օրակարգին, բայց հիմա օրակարգը փոխվում է վերջին իրադարձությունների հետևանքով և հավանաբար շարունակվելու է փոխվել: Այժմ արտաքին գործերի նախարարը մի կողմից հետևելու է այն մոդելին, որին հետևել է վերջին տարիներին, մյուս կողմից՝ պիտի հարմարվի փոփոխությունների այն համակարգին, որոնք կարող են բավական արմատական լինել:
– Ձեր կարծիքով, Վիգեն Սարգսյանը որքանո՞վ կարող է համարվել հարմար ֆիգուր Մոսկվայի համար, եթե հաշվի առնենք իր գործունեությունը, թեկուզ՝ կենսագրությունը, ստացած կրթությունը:
– Իմ փորձը ցույց է տալիս, որ Մոսկվայի հանդեպ քննադատական վերաբերմունք են ունենում հենց այն մարդիկ, ովքեր Ռուսաստանում են կրթություն ստացել և շատ լավ են խոսում ռուսերեն: Ինտելեկտուալ վերնախավը, որն անցել է ռուսական դպրոցը, բացական սթափ է գնահատում մեծ եղբայրության մասին միֆերը և կարող են այսպես ասած՝ կասկածի օբյեկտ Ռուսաստանի կողմից:
Չեմ կարծում, թե Մոսկվան բաժանում է մարդկանց հարմարների և ոչ հարմարների: Երբ հայ քաղաքական գործիչը դառնում է բարձրաստիճան պաշտոնյա, նա պարտավոր է հարմար մարդ լինել Մոսկվայի համար, որովհետև այդպիսին է դիսկուրսը: Մենք կարող ենք երկար քննարկել, թե ինչու է դիսկուրսն այդպիսին և արդյոք այն իսկապես հանդիսանում է Մոսկվային հավատարիմ լինելու նշան, բայց հարցը դա չէ, հարցն այն է, որ հայկական վերնախավը ցանկանում է պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա երկրում տեղի ունեցող բոլոր վատ բաների համար: Օրինակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայիս նախագահը (Տիգրան Սարգսյանը,- Ա. Ս.) իր բնավորությամբ, կենսագրությամբ միանգամայն կարող էր լինել Մոսկվայի հանդեպ քննադատորեն տրամադրված մարդ, բայց նա հարմար է, որովհետև իր զբաղեցրած պաշտոնը պարզապես գործառույթ է:
Բոլոր այդ աշխարհաքաղաքական շարժառիթները կարող էին ազդել նշանակումների վրա, բայց ինձ թվում է, որ մենք թերագնահատում ենք պետական համակարգում տեղի ունեցող գործընթացի նշանակությունը: Սա հիմնականում ապարատային գործընթաց է, որում հաճախ շատ բան թաքնվում է աշխարհաքաղաքական մեծ կուլիսների ետևում:
– Մենք խոսեցինք Սերժ Սարգսյանի «շախմատային խաղի» մասին: Նրա վերջնական քաղաքական նպատակը Ձեզ համար հասկանալի՞ է, կարծում եք՝ այս քայլերն ուղղված են իր իշխանության պահպանմա՞նը:
– Սա այն է, ինչ ես արդեն ասացի. նա ինչ-որ կերպ պիտի պատասխաներ երեք համալիր հարցերի՝ ապրիլ, դիմադրություն նախորդ նախագահի ակնհայտ գրոհին և տնտեսական վիճակը: Սրանք խնդիրների երեք հիմնական խմբերն են: Դրանք ներառում են նաև վիճակը բանակում, հանրաքվեն և այլն, բայց չեմ կարծում, թե Ռուսաստանը մտնում է հարցերի այդ խմբի մեջ: Ռուսաստանը մշտական գործոն է, որը պարզապես անհրաժեշտ է հաշվի առնել՝ այդ հարցերին պատասխանելիս:
/1in.am/