Արամ Ամատունի. «Շաբաթվա ինտրիգը. Սերժ Սարգսյանը թողել է կառավարության կնիքը»
Սերժ Սարգսյանն ըստ էության ավարտել է նոր կառավարության ձևավորումը՝ նախօրեին կատարելով մի շարք նոր նշանակումներ և վերանշանակումներ: Ամենահետաքրքրականը սակայն շարունակում է մնալ չնշանակված:
Խոսքը վերաբերում է Պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին: Այս պաշտոններն են մնացել նոր կառավարության կազմում, որ սպասում են նշանակումների: Այս պաշտոնների կապակցությամբ մամուլում վերջին շաբաթներին եղել են իրարամերժ և հակասական մի շարք տեղեկություններ՝ կապված և´ գործող նախարարների կամ ժամանակավոր պաշտոնակատարների հետ, և´ նրանց հավանական փոխարինողների: Շոշափվել են պաշտպանության նախարարի պաշտոնում Վիտալի Բալասանյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի, մինչև անգամ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի անունները: Սարգսյանի անունը ի դեպ շոշափվել է նաև արտաքին գործերի նախարարի պաշտոնի հավակնորդ որպես:
Ամենաինտրիգային այս նշանակումների հարցը հավանաբար պարզ կլինի առաջիկա մի քանի օրերին: Սպառվում է կառավարության ձևավորման քսանօրյա ժամկետը, ՀՀԿ խոսնակն էլ նախորդ շաբաթ հայտարարել է, որ մինչև շաբաթվա վերջ կունենանք արդեն ձևավորված կառավարություն:
Այսպիսով, Սերժ Սարգսյանը ամենավերջին է թողել պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնները, որոնք, ըստ էության, առանցքային նշանակություն ունեցողն են կառավարության փոփոխության այս գործընթացում: Եվ սա իհարկե կապված չէ զուտ ոլորտային գործոններով և կարևորությամբ: Ոլորտներն ինքնին հիմնարար են ցանկացած երկրի համար, սակայն Հայաստանի համար առավել ևս և հատկապես ներկայիս ժամանակահատվածում:
Ըստ էության՝ հայաստանյան համակարգային խնդիրները այսօր սերտորեն հանգում են ինքնիշխանության խնդրին: Իսկ ինքնիշխանության խնդիրը անկասկած հիմնավորապես պարփակվում է այս երկու նախարարությունների տիրույթում, այս ոլորտներն են, որ ըստ էության հանդիսանում են ինքնիշխանության հարցում ամենազգայուն, հետևաբար նաև ամենանուրբ ազդակներ հաղորդող ոլորտները:
Եվ ուրեմն, ներկայումս իշխանական համակարգում տեղի ունեցող տրանսֆորմացիաները խոշոր հաշվով չափվելու են հենց երկու այս նշանակումների համատեքստով: Ավելի շուտ, այս համատեքստով է չափվելու կառավարության և ընդհանրապես ներիշխանական լայն վերադասավորումների բովանդակային, համակարգային խորությունը և հեռանկարայնությունը: Ըստ էության՝ պաշտպանության և արտաքին գործերի ոլորտների նախարարական նշանակումները լինելու է կնիքը, որ դրվելու է նոր կառավարության վրա և որ նախանշելու է, թե իրականում ինչ հեռանկարներ ունի և´ այդ կառավարությունը, և´ բնականաբար այդ կառավարության գործերը, այդ թվում և՝ ներքին տնտեսական:
/1in.am/