Լիլիթ Գևորգյան. «Հունաստանը ՀՀ-ին նայում է իբրև պատմական բարեկամ, բայց Ադրբեջանը խիստ տնտեսական կարևորություն ունի»
Հարցազրույց Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ:
– Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանում զգալի փոփոխություններ կատարվեցին, փոխվեց ոչ միայն կառավարությունը, այլև կառուցվածքային փոփոխություններ եղան մի շարք պետական գերատեսչություններում: Մասնավորապես, պաշտպանության ղեկավար նշանակվեց քաղաքացիական անձ, և ինչ-որ չափով փոխվեցին ՊՆ ղեկավարի գործառույթները: Նոր նախարարը սկսել է ակտիվ ռազմաքաղաքական դիվանագիտություն վարել՝ այցելելով ոչ միայն Ռուսաստան, այլև Հունաստան, Վրաստան, Իրան: Ի՞նչ նորույթներ եք նկատում Հայաստանի անվտանգային քաղաքականության մեջ, որոնք պիտի ուղղված լինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը ներկայիս բավական բարդ իրավիճակում:
– Այո, նաև ավելացնենք, որ այս դիվանագիտական քայլերից առաջ իրական արդյունք ունեցող քայլեր արվեցին: Դրանք էին Ռուսաստանի և Հայաստանի միջև հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգի և միացյալ զորախմբի կազմավորումը: Սրանք ռեալ քայլեր են:
Հանդիպումները Հունաստանի կամ Իրանի հետ, ըստ հաղորդագրությունների, ավարտվել են դիվանագիտական հայտարարություններով և ոչ ավելին: Չեմ տեսնում, թե ինչպես է դա էապես ուժեղացրել Հայաստանի անվտանգությունը:
Եթե, օրինակ, նման հանդիպումների արդյունքում լինեին խիստ հայտարարություններ Հունաստանի և Իրանի կողմից՝ քննադատելով Ադրբեջանին.., կամ լինեին կոնկրետ քայլեր ռազմական արդյունաբերության ոլորտում, ապա կտեսնեինք դիվերսիֆիկացիայի արդյունքները:
Պետք է նաև անաչառ ներկայացնել, օրինակ, Հունաստանի դիրքորոշումը: Այն ՀՀ-ին նայում է իբրև պատմական բարեկամ, բայց Ադրբեջանը խիստ տնտեսական կարևորություն ունի: Հունաստանով է անցնելու Տրանսադրիատիկ (TAP) գազամուղը, որ Ադրբեջանի գազը կհասցնի Հունաստան և Իտալիա: Ավելին, ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունը հնարավոր ներդրողներից կարող է դառնալ Հունաստանի հիմնական էներգետիկ ցանցի վաճառքի ժամանակ: Ավելորդ է ասել, որ ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող Հունաստանին այս պահին անհրաժեշտ է հոգալ իր կարիքները:
– Իրանի պաշտպանության նախարարը, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը հստակ շեշտել է, որ Իրանը անընդունելի է համարում տարածաշրջանային խնդիրների լուծումը ուժի կիրառմամբ: Նմանատիպ ուղերձներ են եղել նաև Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
– Այո, Իրանը գրեթե միշտ նույնատիպ հայտարարություններ է արել: Իրանի շահերից չի բխում նոր էսկալացիան Ղարաբաղում, իրենք ստատուս քվոյի կողմնակից են, բայց հարցն այն է, թե ի՞նչ լծակներ ունեն, օրինակ, Ադրբեջանին զսպելու, որ հյուծման պատերազմն ավարտի: Իմ կարծիքով՝ լծակները քիչ են:
1in.am