Լիլիթ Գևորգյան. «Պատերազմի և մեծ կորուստների վտանգը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը կշարունակի ներկայիս արտաքին քաղաքականությունը»
Պատերազմի վտանգը մեծ է, բայց նաև չպետք է մոռանալ, որ նման լարված վիճակը կարող է երկար շարունակվել, քանի որ վախը հոյակապ գործիք է Ռուսաստանի ձեռքին։
Այս մասին 168.am-ին հայտարարել է Jane՝s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը: Նա ասել է. «Հետաքրքիր է, որ հողերի հանձնման խոսակցությունը լայն հնչեղություն ունի Հայաստանում, բայց քիչ է խոսվում Ռուսաստանի հետ ռազմական ինտեգրացիայի մասին, և, թե ինչպես է այն թուլացնում Հայաստանի պետականությունը, ուստի` լուրջ կասկածի տակ դնում նաև ԼՂ-ի ապագան։ ՀՀ բանակն իր պետականության ամենակարևոր կառույցներից է, և ցանկացած քայլ` այս կառույցը փոխելու, լուրջ հետևանքներ կունենա։ Պատերազմի սպառնալիքն օգտագործելը Ալիևի համար ևս շատ օգտակար է։
Ապրիլյան պատերազմը լրջորեն ամրապնդեց Իլհամ Ալիևի ներքաղաքական դիրքերը, քանի որ նա առաջին նախագահն է, որ կարողացավ փոքր, բայց որոշ տարածքներ գրավել։ Նա ցույց տվեց, որ հայկական բանակն անպարտելի չէ, և, որ չնայած կաշառակերության մեղադրանքներին, ամեն դեպքում ադրբեջանական բանակը լրջորեն վերազինվել է վերջին տարիներին։ Այս հաղթական մթնոլորտը, նաև դիվանագիտական հաջողությունները Իրանի և Ռուսաստանի հետ, կօգնեն Ալիևին առաջիկա հանրաքվեում։ Բայց մեծացել են նաև ադրբեջանցիների ակնկալիքները և պատերազմով հարցերը լուծելու ցանկությունը, միևնույն ժամանակ` տնտեսական խնդիրներն են խորացել, ինչը կարող է դրդել Ալիևին հերթական ռազմական գործողությանը։
Պատերազմի և մեծ կորուստների վտանգը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հայկական կողմը կշարունակի իր ներկայիս արտաքին քաղաքականությունը։ Երևանը ունի մեկ ստրատեգիական դաշնակից` ի դեմս Ռուսաստանի։ Ռուսաստանը ցանկանում է լիակատար տնտեսական և ռազմական ինտեգրացիա, բայց այս պլաններում ԼՂ-ն տեղ չունի։
Հայաստանը կամովին ընտրել է բացարձակ ռուսական կախվածություն` հուսալով, որ կպաշտպանի ԼՂ-ն, կստանա տնտեսական օգուտ, այդ թվում` նաև էժան էներգետիկ ներկրումներ, և լուրջ ներդրումներ, ինչպես նաև` շուկայական գնից ցածր սպառազինություն։ Ինչպես տեսնում ենք, բոլոր հարցերում Երևանը լուրջ թերհաշվարկ է արել։
Ավելին, Հայաստանը չի ցանկանում և չի կարող իր միակ ստրատեգիական դաշնակցին ստիպել կատարել իր դաշնակցային պարտականությունները։ Ադրբեջանը կշարունակի արդյունավետ օգտագործել պատերազմի սպառնալիքը բանակցություններում, քանի դեռ Հայաստանը շարունակում է մասնակցել նման բանակցություններին, մնում է թույլ և մեկուսացած, իսկ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի շահերի հաշվին իր հարաբերությունները սերտացնել Ադրբեջանի հետ։ Եվ վերջապես, այս վտանգը կմնա, քանի դեռ լուրջ արևմտյան հակազդեցության չկա, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչու պետք է ռեսուրսներ ծախսել Ռուսաստանի ստրատեգիական դաշնակից Հայաստանին օգնելու, ուր թե՛ իշխանությունները, և թե՛ գրեթե ողջ համակարգային ընդդիմությունը նախընտրում է Եվրասիական ինտեգրացիան կամ հայտարարում, որ Հայաստանն աշխարհում դաշնակիցներ չունի»։