Լիլիթ Գևորգյան. «Օլիգարխների իշխանությունը Հայաստանում կկազմաքանդվի, երբ տնտեսական հյուծման հասցնի երկիրը»
2017թ. ապրիլի 2-ին անցկացված ՀՀ ԱԺ ընտրությունների նպատակը օլիգարխիայի վերարտադրությունն էր, ոչ թե ուժեղ ընդդիմություն ստեղծելը: Սրանք ծիսական ընտրություններ էին, որոնք մատուցվեցին իբրև իրական ընտրություն հանրության կողմից, բայց ամենավատ արդյունքն այն էր, որ մեղքը բարդվեց «անկիրթ, անսկզբունքային ու կաշառված ժողովրդի վրա»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի մեկնաբանություն է տվել Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
– Հեղինակավոր Freedom House կազմակերպությունը անցումային շրջանում գտնվող երկրների մասին իր ամենամյա զեկույցում հետևյալ գնահատականն է տվել Հայաստանի մասին, այն է՝ Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակարգով պետություն է, որը մոտեցել է կոնսոլիդացված ավտորիտարիզմի շեմին: Ընդ որում, գնահատականը տրվում է Հայաստանի կառավարման կիսանախագահական մոդելից խորհրդարանականին անցում կատարելու և տեղի ունեցած ԱԺ ընտրությունների համատեքստում: Ստացվում է, որ չնայած կառավարության պնդումներին՝ անցումը նոր համակարգին խորացնելու է ոչ ժողովրդավարական համակարգը Հայաստանում:
– Այո, դեռ երկու տարի առաջ մենք եզրակացրինք, որ սահմանադրական փոփոխությունները հնարամիտ քայլ էր հայաստանյան տնտեսական և քաղաքական էլիտայի կողմից իշխանությունը անժամկետ պահելու համար: Ի տարբերություն, օրինակ, Ադրբեջանի, Տաջիկիստանի կամ Ղազախստանի, որտեղ պարզապես վերացրին նախագահական ժամկետային սահմանափակումները, ՀՀ իշխանությունները գտան ավելի լավ լուծում, ընդ որում՝ նաև Եվրոպական խորհրդի Վենետիկյան հանձնախմբի ներգրավմամբ: Այսինքն՝ անվանական (նոմինալ) առումով ՀՀ-ն կատարում է առաջընթաց, բայց իրականում սա հետընթաց էր: Կարծում եմ՝ որևէ մեկը ԵՄ-ում կամ արևմտյան այլ կազմակերպություններում պատրանքներ չունի այն մասին, թե ինչ է կատարվել, ինչը նաև Freedom House-ի որակումն է ցույց տալիս: Դիվանագիտական մակարդակով այս եզրահանգումը այլ լեզվով է արտահայտվում, իսկ անկախ կազմակերպությունը ավելի հստակ գնահատական է տալիս:
ՀՀ-ում վաղուց օլիգարխիկ նեպոտիստական համակարգը սերտաճել և փոխարինել է պետական կառույցներին: Նման համակարգում ընտրությունները կորցնում են իմաստը, քանի որ մինչև ընտրությունները համակարգը քաղաքական դաշտը մաքրում է լուրջ ընդդիմությունից:
– Ընդհանրապես ի՞նչ դրական և բացասական կողմեր կարող եք նշել ընտրությունների և դրանց արդյունքների մասին: Փաստորեն, Հանրապետական կուսակցությունը միայն ու միայն ամրապնդեց իր դիրքերը իշխանության ներսում: Այդ դեպքում ո՞րն է դրական զարգացումը այս համատեքստում՝ ընդդիմությանը ավելի շատ լիազորություններ տալու, իշխանությանը հակակշիռ ստեղծելու ու հետևաբար ավելի կանխատեսելի, հավասարակշռված ու վերահսկվող կառավարություն ունենալու, այլ խոսքով՝ ավելի ժողովրդավարական իշխանություններ ձևավորելու իմաստով:
– Այս ընտրությունների նպատակը օլիգարխիայի վերարտադրությունն էր, ոչ թե ուժեղ ընդդիմության ստեղծումը: Ընտրությունների մասնակիցների թիվն աճել էր՝ այն դեպքում, երբ բնակչության թիվը նվազել է վերջին տարիներին: Բացի այդ, այն կասկածելիորեն շատ բարձր էր՝ հաշվի առնելով, թե ինչ հիասթափություն է տիրում հայաստանցի ընտրողների շրջանում:
Լավ արդյունքներից էր քաղաքացիական ակտիվությունը, մասնավորապես՝ բացահայտումները, թե ինչպես է օլիգարխիան, որը հսկում է թե՛ պետական և թե՛ բիզնես կառույցները, կազմակերպում իր հաղթանակը: Այստեղ թե՛ դպրոցի տնօրենները, թե՛ մասնավոր խանութների ցանցի տնօրենները նույնանման գործիքներ են համակարգի համար:
Վատ արդյունքն այն էր, որ այս ծիսական ընտրությունները կայացան և մատուցվեցին իբրև իրական ընտրություն հանրության կողմից:
Առավել վատ արդյունքն այն էր, որ մեղքը բարդվեց, այսպես կոչված, անկիրթ ու անսկզբունքային ժողովրդի վրա: Մամուլը մեծ դեր խաղաց այս պատկերը տարածելու գործում: Հիմնական պատգամը այն էր, որ ժողովուրդը նույնքան կաշառված է, որքան իշխանությունները: Իսկ ամենակարևոր պատգամն այն էր, որ ՀՀԿ-ն իսկապես ընտրվում է, քանի որ իր բոլոր արատներով հենց նույն ժողովրդի արտացոլանքն է: Սա քաղաքականապես ակտիվ զանգվածին հուսալքելու շատ լավ տակտիկա է:
– Ընտրարշավի ընթացքում շատ քիչ էր դասական քաղաքական, գաղափարական, ծրագրային պայքարը կամ, ինչպես ամերիկացիներն են ասում, քաղաքականությունների մրցակցությունը, փոխարենը հարուստ կուսակցությունները ֆինանսական մեծ միջոցներ էին ծախսում, չարաշահվում էին վարչական լծակները, ինչի մասին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացրեց հստակ փաստեր: Ընտրակաշառքի փաստի մասին խոսեցին նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները: Ապաքաղաքականացման այս գործընթացի պատճառները որո՞նք են, և ի՞նչ օրինակներ կան աշխարհում նման իրավիճակից դուրս գալու: Հիմա Հայաստանում ոչ թե վիճում են՝ օրինակա՞ն է ընտրակաշառք տալը կամ վերցնելը, այլ՝ ո՞վ է ավելի շատ մեղավոր, իշխող կուսակցությունը կամ նրա արբանյակնե՞րը, որ ձայն են գնում, թե՞ ժողովուրդը, որ ծանր վիճակում է ու ստիպված էր այդ գումարը վերցնել: Համաձա՞յն եք, որ, մեղմ ասած, շատ յուրահատուկ իրավիճակ է:
– Իհարկե, գաղափարային կամ քաղաքական պայքար չի կարող լինել: Սա շատ լավ գիտեն իշխանությունները, դրա համար քննադատում են ընդդիմությանը թույլ և անկարող լինելու համար: Ի դեպ, սա յուրահատուկ իրավիճակ չէ: Սա հայտնի իրավիճակ է, որը հատուկ է շատ այլ երկրների:
Ընտրությունները լավ օրինակ էին՝ ակնհայտ տեսնելու, թե ինչպես է գործում ներկայիս համակարգը: Նման համակարգեր կան թե՛ Աֆրիկայում, թե՛ Հարավարևելյան Ասիայում և թե՛ այլուր: Սա հովանավորչական կամ կլիենտիզմի համակարգն է (clientelism): Այն Ձեր նշած քաղաքական պայքարից շատ հեռու է: Այս համակարգը հիմնված է «գործարքային» (transactional) հարաբերությունների վրա, որին ներգրավվածները կոնկրետ շահեր ունեն: Հիմնականում այդ շահը իրենց պետական հաստատություններում աշխատատեղերը պահելն է կամ իրենց բիզնեսի համար արդեն հաստատված «կտուրը» պահպանելը: Այստեղ օլիգարխները (այսինքն՝ այն փոքրաթիվ խումբը, որ իր ձեռքում է պահում թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանությունը, մամուլը, դատարանները, ոստիկանությունը և բիզնեսը) հովանավորներ են ավելի ցածր խավերի (կլիենտների կամ հաճախորդների) համար:
Այս համակարգը դեռ լավ գործում էր անգամ Հին Հռոմում: Այս համակարգում վարձատրվում է հնազանդությունը, ինչի դեպքում հնազանդները ստանում են հնարավորություն պետական լավ պաշտոններ և արտոնյալ պայմաններում բիզնես ունենալու համար: Այս օղակն ամենաակտիվն է, օրինակ, ընտրություններում ձայն բերելու հարցում:
Ցանկացած համակարգային ցնցում նշանակում է վտանգ շատ հաճախ ծանոթ-բարեկամով կամ կաշառքով ձեռք բերված պաշտոնների համար: Սա նշանակում է վտանգ բիզնեսի «կտուրին»: Այս առումով ՀՀԿ-ն ճիշտ պատգամ էր ուղարկում իր ստեղծած համակարգի անդամներին՝ կայունություն, այսինքն՝ ոչինչ չի փոխվի:
Շատ հետաքրքիր էր, որ ՀՀԿ պատգամավորներից մեկը ընտրակաշառքը անվանեց նվիրատվություն: Սա տեղավորվում է հենց կլիենտիզմի տրամաբանության մեջ, ուր հովանավորը, հարուստը բաշխում է բարիքների մի մասը իր մոտ եկածներին, և ոչ միայն ընտրությունների ժամանակ: Որտեղ տնտեսական մոտիվացիան քիչ է՝ գործում է սպառնալիքը, որը կարող է լինել աշխատանքի կորստի ձևով կամ ոչ ֆորմալ ուժային խմբերի մասնակցությամբ (թիկնապահներ և այլն): Այս ֆոնի վրա, այսպես կոչված, կաշառք վերցնող սովորական ժողովուրդը, որը որոշում է ընտրությունների արդյունքները, պատրանք է: Այն պարզապես պրոպագանդայի արդյունք է, որ լեգիտիություն հաղորդի օլիգարխիային:
Վերադառնալով Freedom House-ի որակմանը, թե ՀՀ-ն կոնսոլիդացված ավտորիտարիզմի շեմին է, պետք է նշենք, որ այս գնահատականը կարող է շատ կոշտ թվալ, անգամ անհասկանալի՝ հատկապես պետական սեկտորում աշխատողների համար, ովքեր իսկապես հավատում են, որ ծառայում են պետական շահերին և ինստիտուտների ամրացմանը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է նախագահը: Բայց նման գնահատականները տրվում են՝ ելնելով աշխարհի 100-ից ավելի այլ երկրները ուսումնասիրելով: Հայաստանի դեպքում զուգահեռները միապետական այլ երկրների հետ ակնհայտ են:
– Այդ դեպքում ի՞նչ տարբերակներ կան այս համակարգը փոխելու, հնարավո՞ր է այն կազմաքանդել:
– Նման համակարգերը սովորաբար իրենք են կազմաքանդվում, երբ տնտեսական հյուծման են բերում երկիրը: Սա կարող է առաջացնել մրցակցություն տարբեր օլիգարխների միջև, քանի որ ռեսուրսները պակասում են: Արդյունքում քաղաքական դաշտը կիսվում է, առաջանում է գաղափարական պայքար, օրինակ՝ լիբերալ ռեֆորմնե՞ր անել տնտեսությունը զարգացնելու համար, թե՞ ուժեղացնել պետության դերը:
Նման համակարգերը կարող են նաև ճգնաժամի մեջ մտնել, եթե երկար տարիներ իշխած ղեկավարը մահանում է՝ առանց հետնորդների հարցը լուծելու: Սա հանգեցնում է իշխանության մի քանի կենտրոնների ստեղծման, այսինքն՝ երկիրը հեռանում է կենտրոնացված ավտորիտարիզմից/միապետությունից:
Համակարգը կարող է թուլանալ նաև արտաքին հարվածի տակ, կամ երբ միջին խավը այլևս բավարարված չէ օլիգարխիայով: Հայաստանում դեռ նման վիճակ չի ստեղծվել: Միջին խավը (ՀՀ-ի դեպքում սա այն խավն է, որը ծայրահեղ աղքատ չէ, բայց նաև այս խավի ներկայացուցիչները դոլարային մուլտիմիլիոնատերեր չեն) դժգոհ է համակարգից, բայց ոչ այնքան, որ ինքնակազմակերպվի: Դժգոհները պարզապես հեռանում են երկրից: Կապիտալը դուրս է գալիս երկրից: Երկրում աճում է աղքատությունը: Հենց սրանք են տնտեսական հյուծման նախադրյալները:
– Ընտրությունների ընթացքը և արդյունքները որևէ կերպ կարո՞ղ են ազդել Հայաստանի ու Եվրամիության միջև նախաստորագրված նոր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերջնական ստորագրման և հաստատման վրա: Երկրորդը՝ Եվրամիությունը, Ձեր տպավորությամբ, գո՞հ է ընտրությունների այսպիսի արդյունքներից և ըստ դրա ձևավորվելիք քաղաքական դասավորությունից:
– Եվրամիությունը գործ ունի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի հետ: Եվրամիությունը և Եվրասիական միությունը տրամագծորեն տարբեր արժեքներ և աշխարհայացքներ ունեն: Հայաստանը ընտրել է ռուսական մոդելը: Եվրամիությունը պահպանելու է իր ներկայիս դիվանագիտական դինամիկան Հայաստանի հետ, բայց ավելին պետք չէ ակնկալել:
ԵՄ-ի պաշտոնյաները կարող են խիստ քննադատության ենթարկել Ուկրաինային կամ Վրաստանին, քանի որ նրանցից ակնկալիքներն այլ են, քան Հայաստանից: ԵՄ-ն դիվանագիտական հայտարարություններում չի օգտագործի Freedom House-ի որակումները, բայց կարծում եմ, որ նրանք լավատեղյակ են, թե նախկին խորհրդային երկրների շարքում Հայաստանը որտեղ է գտնվում քաղաքական համակարգի առումով: Ամեն դեպքում, նրանք նաև գնահատում են, որ գոնե նոմինալ առումով Հայաստանը պահպանում է ժողովրդավարական «ֆասադը»: