Հնարավոր է՝ ԼՂ հարցի լուծումը պարտադրվի արագ և առավել արյունալի հարձակմամբ

irevanaz.com2016 թվականը ճգնաժամային տարի էր Հայաստանի համար, թեև ներքին ու արտաքին ձախողումների շարքն անակնկալ չէր: Իսկ 2017-ին Հայաստանի անկախ պետական ֆունկցիաներն էլ ավելի կթուլանան, և կմեծանա Ռուսաստանի ազդեցությունը երկրում, ինչը նշանակում է, որ Հայաստանը ավելի խոցելի է դառնալու տնտեսական և ազգային անվտանգության առումով, քանի որ Հայաստանը 2013-ին արդեն կատարել է իր արտաքին քաղաքական ընտրությունը՝ միանալով Եվրասիական միությանը և արտաքին ու ռազմաքաղաքական որոշումների կայացման մենաշնորհը զիջելով Մոսկվային: 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը՝ ամփոփելով 2016-ին Հայաստանում և երկրի շուրջը տեղի ունեցած կարևոր իրադարձությունները:

Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրին՝ հեղինակավոր կենտրոնի փորձագետը նշեց, որ պատերազմի հավանականությունը մեծ է՝ ավելացնելով. «Եթե Մոսկվան և Բաքուն համաձայնության գան, իսկ հայ հասարակությունը ընդդիմանա նման որոշմանը, ապա հնարավոր է, որ հարցի լուծումը պարտադրվի արագ և առավել արյունալի հարձակմամբ, ինչն, իհարկե, Բաքուն կանի Մոսկվայի գիտությամբ: Սա կարող է հիմք ծառայել լուծման ներկայիս փաթեթի ՀՀ կողմնակիցներին՝ համոզելու հանրությանը, որ Հայաստանը ի վիճակի չէ ԼՂ-ն ներկայիս սահմաններով պահել»:

Հայկական կողմը, Լիլիթ Գևորգյանի խոսքով, Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հարցում նոր տեսլականի և ազատ ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունների կարիք ունի, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում ընդդիմանալ իրենց ռազմավարական դաշնակից Ռուսաստանին այն դեպքում, երբ երկուսի շահերը բախվում են:

- Լիլիթ, անցնող տարվա ընթացքում ընդհանուր առմամբ Հայաստանը որքանո՞վ կարողացավ դիմագրավել ներքին ու արտաքին մարտահրավերներին՝ ապրիլյան պատերազմ, բարդ բանակցային գործընթաց Ղարաբաղյան հարցի շուրջը, հասարակական աճող դժգոհություն համակարգի հանդեպ, ներքին աննախադեպ անկայունություն հուլիսին, կառավարության փոփոխություն և այլն: Այս իրադարձությունները ի՞նչ թերություններ ի հայտ բերեցին կամ սխալներ բացահայտեցին, Ձեր գնահատմամբ՝ ճիշտ հետևություններ արվե՞լ են իշխանությունների կամ կառավարության կողմից անվտանգության տարատեսակ սպառնալիքների, համակարգային խնդիրների կապակցությամբ, որոնք ակներև դարձան հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո՝ լինեն դրանք պաշտպանության ոլորտի թերացումները, թե կոռուպցիան:

- 2016-ը ճգնաժամային տարի էր, բայց ներքին և արտաքին ձախողումների շարքը անակնկալ չէր: Հայաստանի ներկայիս քաղաքական վերնախավը ընտրել է կառավարման մի համակարգ, որը շատ արդյունավետ է իշխանության պահպանման առումով: Բայց սա արվում է տնտեսության, երկրի անվտանգության և անկախության հաշվին: Ըստ էության, Հայաստանում միակուսակցական համակարգ է գործում, որի մասն են նաև գրեթե լիովին կառավարելի ընդդիմադիրները, ինչպես ԱՊՀ երկրների մեծ մասում: Այն տարիների ընթացքում է ստեղծվել և արդեն տալիս է իր վատ հետևանքները, ինչպես 2016-ը ցույց տվեց:

Պետք է նշել, որ սա շատ արդյունավետ, լավ ձևավորված համակարգ է իշխանության պահպանման առումով: Այն հենվում է լայնածավալ նեպոտիզմի, բնակչության թվի համեմատ մեծ ոստիկանական ուժի, տնտեսական գործունեության մոնոպոլիզացիայի և ակտիվ մեդիա պրոպագանդայի վրա: Չնայած լրջագույն տնտեսական և անվտանգության ձախողումներին՝ ՀՀ իշխանական բուրգը լիովին հսկում է քաղաքական դաշտը, ուստի վերնախավի համար այս համակարգը փոխելու հիմք չկա:

Ինչպես ԵՏՄ այլ երկրներում, ՀՀ իշխանությունները ևս անցկացնում են կոսմետիկ փոփոխություններ, ինչը հասարակական դժգոհությունների կառավարման ձև է: Լուրջ համակարգային փոփոխություններ, այսինքն՝ արդար ընտրություններ, խորքային պայքար կաշառակերության դեմ և անկախ իրավական համակարգ, չեն լինելու: Բացի, այսպես կոչված, «հմայքային արշավներից», ինչպիսիք են, օրինակ, նոր կառավարության ստեղծումը, նոր ոճով հանրության հետ խոսելը, կաշառակերության համար մի խումբ պաշտոնյաների ձերբակալումը և բարեփոխումների խոստումները, ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, էլ ավելի կխստացնեն հսկողությունը իրական ընդդիմադիր մամուլի և անհատների վրա: Պատճառը ահագնացող աղքատության մակարդակն է: Ըստ Համաշխարհային բանկի տվյալների և չափանիշների՝ ՀՀ բնակչության 76 տոկոսը աղքատության գծից ցածր է 2015-ի տվյալներով: Սա լրջագույն վտանգ է համակարգի համար: Շարունակվող արտագաղթը որոշ չափով այս խնդիրը կթեթևացնի: Բայց ներկայիս իշխանական բուրգը կշարունակի հենվել իր ավանդական լծակների վրա՝ լուրջ ընդվզումները վերացնելու համար:

Արտաքին քաղաքական առումով ՀՀ իշխանությունները և քաղաքացիների մեծամասնությունը արդեն կատարել են իրենց ընտրությունը՝ 2013-ին միանալով Ռուսաստանի ազդեցության գոտուն՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Ինչպես և սպասվում էր, ՀՀ-ն աստիճանաբար զիջում է իր արտաքին և ռազմական քաղաքական որոշումների կայացման մենաշնորհը Մոսկվային: Ռուսաստանի հետ սերտ ինտեգրացիան օգտակար է ՀՀ վերնախավի համար: Այն նվազեցնում է լուրջ հասարակական ապստամբությունների ռիսկը՝ հաշվի առնելով, որ Մոսկվան բացահայտ հակակրանք ունի դեմոկրատական համակարգային փոփոխությունների նկատմամբ, հատկապես ԵՏՄ երկրներում: 2017-ին ՀՀ անկախ պետական ֆունկցիաներն էլ ավելի կթուլանան, Մոսկվայի ազդեցությունը կմեծանա, ինչը նշանակում է, որ տնտեսական, ազգային անվտանգության առումով ՀՀ-ն ավելի խոցելի է դառնալու:

- Ապրիլյան իրադարձություններից և հաջորդած բանակցային փուլերից հետո Հայաստանը կամ պաշտոնական Երևանը, Ձեր տպավորությամբ, ավելի շահեկա՞ն, թե՞ ավելի թույլ դիրքերում է: Ռազմավարական առումով վերանայում տեսնո՞ւմ եք մեր դիվանագիտության կողմից: Նկատի ունեմ՝ ապրիլից հետո, երբ միջնորդները ակտիվացրին դիվանագիտական ջանքերը, հատկապես ռուսական դիվանագիտությունը, և սկսվեց ակնհայտ ճնշում գործադրվել հայկական կողմի վրա՝ տարածքային զիջումների գնալու համար, պաշտոնական Երևանը զգալիորեն կոշտացրեց իր դիրքորոշումը, առաջ քաշեց երեք նախապայման, որոնց կատարումը միայն կիմաստավորի հետագա բանակցությունները, անգամ զգուշավորությամբ ակնարկեց Արցախը ճանաչելու հնարավորության մասին: Ավելի ուշ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Մադրիդյան սկզբունքները և նախկինում կիրառված բանակցային չափանիշները պիտի վերանայվեն, բայց կարծես թե բանակցությունները կրկին վերադառնում են նախկին տրամաբանությանը, և Սերժ Սարգսյանն անձամբ Կիսելյովի հետ հարցազրույցում հայտարարեց, որ պատրաստ է Կազանի տարբերակով հիմնախնդրի լուծմանը: Այս իմաստով կոնցեպտուալ մոտեցում տեսնո՞ւմ եք մեր կողմից:

- Ղարաբաղյան հարցը տարիներ շարունակ օգտագործվում է ՀՀ իշխանությունների կողմից ներքաղաքական տարաձայնությունները լռեցնելու համար՝  խաղարկելով ազգայնական քարտը, ինչպես նաև շահարկելով թուրք-ադրբեջանական ագրեսիայի վախը: Հետևաբար ներքին լսարանի համար ՀՀ իշխանությունները առավել ազգայնական կեցվածք ունեն: Այս կեցվածքը դժվար կլիներ շահագործել, եթե հանրությանը հայտնի դառնար, թե սկզբունքորեն ինչ զիջումների է համաձայնվել հայկական կողմը տարիներ առաջ:  Իսկ արտաքին հարաբերություններում ԼՂ հարցը օգտագործվել է, հատկապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեպքում, լեգիտիմություն ձեռք բերելու համար: Բանակցվող փաստաթղթի փոփոխություններից ակնհայտ է, որ հայկական կողմը աստիճանաբար թուլացրել է իր դիրքերը, բայց փոխարենը ոչ արդար ընտրություններում հաղթած նախագահներն ընդունվել են իբրև լեգիտիմ ընտրված ղեկավարներ: Այս պահին ևս ԼՂ հարցն օգտագործվում է Մոսկվայի բարյացակամ վերաբերմունքը ներկայիս իշխանությունների նկատմամբ ապահովելու համար: Կարծում եմ՝ սա է հայկական կողմի հակասական հայտարարությունների պատճառը, քանի որ դրանք ուղղված են տարբեր լսարանների:

Հակասական հայտարարությունները պայմանավորված են մեկ այլ հանգամանքով: ՀՀ իշխանությունները գիտակցում են, որ ԼՂ լուծման այն փաթեթը, որին իրենք ըստ էության համաձայնվել են և հանրային քննարկման մինչև վերջերս չէին դրել, կարող է լուրջ հասարակական ընդվզման պատճառ դառնալ: Մյուս կողմից՝ ներկայիս կոռուպցիոն փակ համակարգի գոյատևման և իշխանությունը ձեռքում պահելու համար ներկայիս քաղաքական էլիտան Մոսկվայի հետ սերտ հարաբերություններ ունենալու կարիք ունի: Սրա նախապայմաններից մեկը նաև ԼՂ խնդիրը ռուսական միջնորդությամբ լուծելն է:

Կարծում եմ՝ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ առավել կոշտ հայտարարությունները ներքին լսարանի համար էին՝ որոշ չափով թուլացնելու հասարակական դժգոհությունը, ինչպես նաև ազդակ էին Մոսկվային առ այն, որ ՀՀ հասարակությունը դեռ անտեղյակ է կարգավորման մանրամասներին, և այդ փաթեթը «վաճառելը» հանրությանը հետապրիլյան շրջանում դժվար կլիներ:

- Ինչպե՞ս եք պատկերացնում բանակցային հետագա գործընթացը հաջորդ տարվա ընթացքում՝ հաշվի առնելով ներկայիս փակուղային վիճակը, հնարավոր ռազմական սրացումները շփման գծում: Ո՞րը պիտի լինի հայկական դիվանագիտության նպատակը առաջիկա տարվա ընթացքում:

- ԼՂ հարցում կոնցեպտուալ նոր մոտեցում ՀՀ-ն չի կարող ունենալ, քանի որ սա կնշանակի առճակատվել Մոսկվայի հետ: Նման քայլ անելու համար պետք է ունենալ բազմավեկտոր և նախաձեռնողական արտաքին և ռազմական դիվանագիտություն, ինչպես նաև նոր ռազմական տակտիկա: Նման առճակատումը կարող է ստիպել Ռուսաստանին վերանայել իր կապերը ՀՀ գործող ղեկավարների հետ և փորձել նրանց փոխարինել իշխանական բուրգի այլ անդամներով: Հետևաբար հանուն իշխանության պահպանման գերխնդրի՝ ՀՀ ներկայիս ղեկավարները կշարունակեն իրենց պասիվ դերը ԼՂ բանակցություններում:

Ավելին՝ ՀՀ-ն, հատկապես 2016-ի Ռուսաստանի հետ սրընթաց ինտեգրացիոն քայլերից հետո, առավել քան երբևէ դիտվում է իբրև Մոսկվայի արբանյակ: Սրա արդյունքում էլ ավելի է նվազել ՀՀ կողմի ազդեցությունը բանակցությունների սեղանի շուրջը: ԼՂ խնդրի լուծման հիմնական արգելքը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դեռ չհարթեցված դիրքերն են՝ հատկապես խաղաղարարների և ԼՂ կարգավիճակի առումով:

Պատերազմի հավանականությունը բարձր է: Եթե Մոսկվան և Բաքուն համաձայնության գան, իսկ հայ հասարակությունը ընդդիմանա նման որոշմանը, ապա հնարավոր է, որ հարցի լուծումը պարտադրվի արագ և առավել արյունալի հարձակմամբ, ինչն, իհարկե, Բաքուն կանի Մոսկվայի գիտությամբ: Սա կարող է հիմք ծառայել լուծման ներկայիս փաթեթի ՀՀ կողմնակիցներին՝ համոզելու հանրությանը, որ Հայաստանը ի վիճակի չէ ԼՂ-ն ներկայիս սահմաններով պահել:

Միայն դիվանագիտական ջանքերը հերիք չեն ԼՂ հարցը ՀՀ-ի համար ցանկալի տարբերակով լուծելու համար: ՀՀ-ն կարիք ունի նոր տեսլականի կոնֆլիկտի լուծման հարցում և ազատ ընտրություններում ընտրված իշխանությունների, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում ընդդիմանալ իրենց ռազմավարական դաշնակից Ռուսաստանին այն դեպքում, երբ երկուսի շահերը բախվում են:

- Հիմա շատ են քննարկում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին: Այս իրավիճակում հնարավո՞ր է գնալ փոխզիջումների, հիմնախնդրի լուծման: Ո՞րն է Ձեր ընդհանուր կարծիքը այդ ելույթի մասին: Դա ճի՞շտ մոտեցում է:

- Տեր-Պետրոսյանի սկսած արշավը հակասական է: Այն թե՛ օգտակար է և թե՛ վնասակար: Այն օգտակար է, քանի որ հասարակական քննարկումները կարող են ցույց տալ, թե արդյոք հանրությունը կարմիր գիծ դրե՞լ է հողերը տալու վրա, թե՞ պատերազմի վախը, աղքատությունը և տնտեսական բարիքների խոստումները, ինչպես նաև հավատը Ռուսաստանի արդար միջնորդության հանդեպ կկիսեն հանրային կարծիքը: Վնասակար է, քանի որ փորձը ցույց է տալիս, որ նման քննարկումները կարող են հեշտորեն մանիպուլացվել, քանի որ տեղեկատվական դաշտը վերահսկվում է ՀՀ-ում, իսկ ինֆորմացիոն պատերազմի մեթոդները շատ արդյունավետ են: Արդյունքում հանրային կարծիքը կարող է կիսվել՝ հատկապես, երբ այդ քննարկումները խեղաթյուրվում են, և խնդիրը ներկայացվում է իբրև պարզեցված ընտրություն՝ մշտական վախի կամ ապահով ու բարեկեցիկ ապագայի միջև:

Իբրև քաղաքական վարժություն այն, իհարկե, հետաքրքիր է, բայց Տեր-Պետրոսյանը հղում է կատարում 1990-ականների և 2000-ականների Արևմուտքին և Ռուսաստանին և միջազգային համակարգին: 2016-ը շրջադարձային տարի է այն համակարգի համար, որ ստեղծվել է 25 տարի առաջ՝ Խորհրդային Միության փլուզումից հետո: Շատ մասնագետներ անգամ մտահոգ են, որ 1945-ից ի վեր գործող միջազգային համակարգը կարող է վտանգի մեջ լինել:

Մադրիդյան սկզբունքները՝ իրենց ռուսական խմբագրմամբ, այժմ արդեն ժամանակավրեպ են: Դրանք պատկանում են հետխորհրդային այն երկու տասնամյակներին, երբ Արևմուտքն ու Ռուսաստանը Սառը պատերազմը ավարտեցին, և ավելին՝ ողջ նախկին սոցիալիստական բլոկի երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, գոնե անվանական առումով որդեգրեցին լիբերալ-դեմոկրատական համակարգը: Սա այն ժամանակ էր, երբ Ուկրաինան համաձայնվեց հանձնել իր միջուկային զենքը՝ փոխարենը ստանալով բոլոր գերտերությունների, այդ թվում նաև Ռուսաստանի երաշխիքը, որ իր տարածքային անվտանգությունը կապահովվի: Բայց անգամ այն տարիներին չհաջողվեց լուծել ԼՂ խնդիրը: Իսկ 2014-ին Ուկրաինան մասնատվեց նույն Ռուսաստանի կողմից, որն այդ երկրի տարածքային ամբողջականության երաշխավորներից էր:

Գլոբալ քաղաքականությունում տեկտոնիկ փոփոխություններ են տեղի ունենում այսօր, որոնք կարող են լրջորեն ազդել ներկայիս թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական գլոբալ կառույցների վրա: Ռուսաստանը, օգտվելով Արևմուտքի թողած իշխանության դատարկությունից, գոնե ռեգիոնալ առումով իրեն պահում է իբրև նեո-կայսրություն, գլոբալ խաղացող, որն ինքն է խաղի կանոնները թելադրում: 2017-ին Ռուսաստանը առավել համարձակ կլինի հատկապես հետխորհրդային երկրների կլանման առումով՝ օգտվելով այն փաստից, որ Միացյալ Նահանգները և ԵՄ-ն իրենց հիմնական ռեսուրսները ներքաղաքական խնդիրների վրա են ծախսելու:

Այս համապատկերում առնվազն համոզիչ չեն այն փաստարկները, որ կարելի է լուծել ԼՂ հարցը՝ հենվելով միջազգային հանրության երաշխիքների և խաղաղարար ուժերի տեղակայման վրա: Ավելին, հաշվի առնելով, որ վերջին շրջանի գրեթե բոլոր խաղաղարար առաքելությունները, այդ թվում նաև ռուսականը, ձախողվել են, անհասկանալի է, թե ի՞նչ անվտանգության երաշխիքների մասին է խոսքը:

Եթե խոսքը Ռուսաստանի տված անվտանգության երաշխիքների մասին է՝ իբրև նորընծա համաշխարհային գերտերություն, ապա ոչ մի վերլուծություն չմատուցվեց, թե Տեր-Պետրոսյանը ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի միջին և երկարաժամկետ դերը ռեգիոնում և աշխարհում: Եթե Մոսկվան է ԼՂ հայերի անվտանգության երաշխավորը, ապա որքանո՞վ է կայուն այդ երկրի նոր որդեգրած համարձակ արտաքին քաղաքականությունը: Կկարողանա՞ Ռուսաստանը իր դիրքերը պահել և ամրացնել այս նոր Սառը պատերազմում, երբ այն անգամ աշխարհի 10 ամենախոշոր տնտեսությունների շարքում չէ: Արդյո՞ք Տեր-Պետրոսյանը կարծում է, որ եկել է Ռուսաստանի՝ իբրև գերտերության, սկիզբը, թե՞ սա կարճաժամկետ պիկ է, որի համար Մոսկվան թանկ կարող է վճարել՝ մանավանդ, երբ իր օգտագործած խաղի կանոնները օգտագործվեն հենց Մոսկվայի դեմ: Ի՞նչ կլինի այդ դեպքում ԼՂ-ի անվտանգության հետ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը առավել ճկուն արտաքին քաղաքականություն է վարում և հստակ ծավալապաշտական ծրագրեր ունի Հայաստանի նկատմամբ:



Читайте также

Оставить комментарий