Հայաստանում ընթացող գործընթացները ձեռնտու են միայն Սերժ Սարգսյանին և նրա շրջապատին
«Հայաստանը չորս տարի առաջ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց անակնկալ կերպով հրաժարվել է Ռուսաստանի կողմի ճնշումների արդյունքում»: Այսպես է համարում հայ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ընդգծելով, որ Մոսկվան՝ Երևանի դեպի Արևմուտք քայլը գնահատել է, որպես սպառնալիք իր շահերին:
Էդմոն Մարուքյանի կարծիքով, աշնանը Հայաստանը կստորագրի Եվրամիության հետ նոր համաձայնագիրը, քանի որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար վտանգներ չի պարունակում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օրերս հայտարարել էր, որ որոշման փոփոխության համար ոչ մի առիթ չկա՝ Հայաստանը կստորագրի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Չորս տարի առաջ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց անակնկալ կերպով հրաժարված Հայաստանի նախագահը նաև մեղադրել էր օտարերկրյա լրատվամիջոցներին՝ ասելով, թե դրանք Մոսկվայի գլխավորած միությանը անդամակցելու քայլը ներկայացրել են որպես մեկ գիշերում կայացրած որոշում: Էդմոն Մարուքյանը, մինչդեռ, հիշեցնում է, որ այդ տարիներին Հայաստանը հրապարակային բանակցություններ էր վարում բացառապես Եվրամիության հետ:
Ավելի քան երեք տարի Եվրամիության հետ բանակցություններից հետո, 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից և ստորագրեց Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հուշագիրը։
Հետո Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցության նոր համաձայնագիր մշակեցին, փաստաթուղթը նախաստորագրվեց 2017 թվականի սկզբին։ Այս փաստաթուղթը, ըստ փորձագետների, հատկապես տնտեսական առումով առավել համեստ է կյանքի չկոչված ասոցացման համաձայնագրի համեմատ: Հայաստանում ընթացող գործընթացները ձեռնտու են միայն Սերժ Սարգսյանին և նրա շրջապատին, վստահ է լրագրող Սյուզան Ջաղինյանը:
Հայաստանի և հայ ժողովրդի ծանր սոցիալտնտեսական վիճակը երկրի իշխանությունները փորձում են հիմնավորել հակառուսական պատժամիջոցներով: Ռուսաստանի դեմ կիրառվող նոր պատժամիջոցների ֆոնին՝ փորձագետները կանխատեսում են որ 2018 թվականին Հայաստանը կանգնելու է ավելի բարդ խնդիրների առաջ: