Իլգար Մամեդով. «Ադրբեջանի երիտասարդությունը հակված է Ղարաբաղի հարցի ռազմական լուծմանը»

irevanaz.com«Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին քաղաքական ուժերը լուրջ ուշադրություն են կենտրոնացնելու Ղարաբաղի խնդրի վրա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ, «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Իլգար Մամեդովը:

«Իմ դիտարկմամբ, Ղարաբաղի խնդիրը, հայ-ադրբեջանական հակամարտությունը նախընտրական քննարկումների ընթացքում միշտ էլ առաջնահերթ ուշադրության արժանացած թեմաների թվում են եղել: Այս ընտրությունները կարծում եմ բացառություն չեն լինի», - ասել է Մամեդովը:

Քաղաքագետի կարծիքով, թե' իշխանական «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, թե' ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը չեն կարող շրջանցել ղարաբաղյան հիմնահարցը նախեւառաջ հասարակական այն ճնշման պատճառով, որ առկա է խնդրի շուրջ. - «Մարդիկ այս թեմային սկսել են ավելի մեծ ուշադրությամբ վերաբերվել: Վերջին հինգ տարիների ընթացքում այդ առումով լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Բացի այդ, նոր սերնդի, երիտասարդության ներկայացուցիչներն են հրապարակ եկել: Սա բնակչության այն խումբն է, որը քաղաքական ճնշման լուրջ տարր է հանդիսանում: Երիտասարդության մեծամասնությունը համոզված է, որ խաղաղ կարգավորումը հայտնվել է փակուղում, եւ հարկավոր է հարցը լուծել ռազմական ճանապարհով: Հասարակության ներսում այս լարվածությունը աճում է եւ շարունակելու է աճել»:

1994-ին կնքված հրադադարից հետո Ադրբեջանի բնակչությունը ավելացել է գրեթե 20 տոկոսով. - «Հրադադարի հաստատումից անցած գրեթե 20 տարիների ընթացքում Ադրբեջանում մեկուկես միլիոն մարդ է ծնվել: Դուք հասկանո՞ւմ եք, թե սա բնակչության ինչ մեծ ծավալ է, եւ ինչ ճնշում է այն բանեցնում: Սա այն սերունդն է, որ ցանկանում է մեկընդմիշտ փակել Ղարաբաղի հարցն ու մինչեւ կյանքի վերջը չվերադառանալ այդ խնդրին», - նշել է Մամեդովը:



Читайте также

Оставить комментарий