Պավել Ֆելգենգաուեր. «Պարոն Սարգսյանը կարող է նեղանալ, բայց Ռուսաստանը հանուն Հայաստանի իր ռազմավարությունն Անդրկովկասում չի փոխի»
«Ռուսաստանը զենքի վաճառքի միջոցով փորձում է հավասարակշռություն պահել Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- այս մասին ասել է ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները վերացնելու համար Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումներն Ադրբեջանին, ինչի վերաբերյալ երեկ իր մտահոգությունն էր հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ եթե կարճ պատասխանի հարցին, ապա կասի` «ոչ»: Ըստ Ֆելգենգաուերի` Ռուսաստանի համար հատկապես հիմա շատ կարևոր է Բաքվի հետ հարաբերությունների ամրացումը, ինչով էլ Մոսկվան այսօր զբաղված է: Ռազմական փորձագետի բնորոշմամբ` դա ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր է, քանի որ Ռուսաստանին հետաքրքրում է ողջ Անդրկովկասը և հատուկ կարևորություն է ստացել այն ցանկությունը, որն ունի Մոսկվան՝ Սովետական Միության սահմաններով Անդրկովկասի ռազմավարական սահմանը վերադարձնելու ուղղությամբ: «Մոսկվան մտածում է, որ Հայաստանը ոչ մի տեղ չի փախչի, և նման տեղ էլ, ըստ էության, չկա: Հարցն այն չէ, որ Ռուսաստանը դեմ է Հայաստանին, թեև կա նաև ադրբեջանական լոբբի Մոսկվայում: Պարզապես Ռուսաստանը ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի կողմն է, և ոչ էլ՝ դեմ: Ռուսաստանը ցանկանում է վերադարձնել Անդրկովկասում ունեցած իր ազդեցությունը և վերահսկողությունը: Այսօր հատկապես, երբ մենք ԱՄՆ-ի հետ պատերազմի շեմին ենք, այդ թվում և՝ Սևծովյան ավազանի հարավային հատվածում, հատկապես կարևոր է Մոսկվայի այս ցանկությունը: Այնպես որ, պարոն Սարգսյանը կարող է նեղանալ, բայց դա չի փոխի ռուսական ռազմավարությունը»,- մեկնաբանեց Պավել Ֆելգենգաուերը: Նրա խոսքով՝ Մոսկվան հասկանում է` Հայաստանի համար այլևս ուշ է Եվրոպական Միության հետ լուրջ փաստաթուղթ ստորագրելու համար, քանի որ ՀՀ-ն հրաժարվել է լուրջ փաստաթղթից, իսկ այսօր արդեն ԵՏՄ անդամ է և ունի որոշակի պարտավորություններ, ոչ մի տեղ չի կարող փախչել: «Մոսկվայի հայացքն այսպիսին է՝ «աղմկեք, հայհոյեք, կհանգստանաք», կամ գլուխներ կշոյեն, լավ զենք կմատակարարեն և այդ բողոքները կվերացնեն, բայց կարդինալ կերպով ռազմավարություն չի փոխվի հանուն Հայաստանի: Ռուսաստանի վրա ազդելու լուրջ լծակներ Հայաստանում չկան: Եթե ուզում են՝ թող արտահայտեն դժգոհություններ, բայց սկզբունքորեն հույս ունենալ, որ Հայաստանը կարող է փոխել Անդրկովկասում Ռուսաստանի վարած քաղաքականությունը, միամիտ է: Հայաստանը, ըստ իս, այլ տարբերակ չունի»,- ասաց Ֆելգենգաուերը: Հիշեցնենք, որ երեկ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք երախտապարտ ենք և շնորհակալ մեր դաշնակցին՝ մեզ օժանդակելու համար: Իհարկե, այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն՝ ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին...»:
168.am