Սարգիս Արծրունի. «100 միլիոնով Մոսկվան փակում է Հայաստանի բերանը` Ադրբեջանին սպառազինելու համար»

irevanaz.com«Հայաստանն արդեն 100 տոկոսով կախված է ռուսական զենքից: Սրանից ավելի շատ այն էլ չի կարող կախման մեջ լինել»,- tert.am-ին ասել է «Ռեգնում» ռուսական լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը: Ինչքան էլ ցինիկ հնչի ռուսաստանցի քաղաքագետի «կացնային» ձևակերպումը, այն արտացոլում է իրականությունը և ընդ որում` շատ ավելի խորքային նշանակություն ունի, որովհետև Կոլերովն ակնարկում է, որ Հայաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականություններն ամբողջովին վերահսկվում են Մոսկվայի կողմից: Երբ Մոսկվայից հնչում են նման ամբարտավան հայտարարություններ, զարմանալ պետք չէ, որովհետև Ռուսաստանում կայսերական մտածողությունը հատուկ է՝ նույնիսկ պայմանական ասած առաջադեմ մտածողներին: Հիշո՞ւմ եք` ժամանակին ռուսական լիբերալիզմի հայրերից մեկը` Անատոլի Չուբայսը, կարևորում էր լիբերալ կայսրության ստեղծումը:
Կայսրությունների կենտրոններում սովոր են վերցնել այնքան, ինչքան թույլ են տալիս ծայրագավառները: Երբ ռուսական ցանկացած ապտակ, կապիտուլյացիոն առաջարկ մեր իշխանությունների ներկայացուցիչները համարում են Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլ, ապա այդ հանգամանքն ավելի է առիթավորում Մոսկվայի քաղաքական և փորձագիտական շրջանակներին:
Ի դեպ, խիստ ուշագրավ է, որ ռուսաստանցի փորձագետները բացահայտ խոսում են Մոսկվայի պարիտետային քաղաքականության կարևորության մասին: Կոլերովն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին զենքի գնման համար 100 միլիոն վարկ է տրամադրում և այդպիսով ռազմական հավասարակշռություն է ապահովում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Աչքի է զարնում ռուսական քաղաքականության ցինիզմը, որովհետև Պուտինը շաբաթներ առաջ, Ուկրաինայի համատեքստում, ասել էր, որ սպառազինության մատակարարումը հակամարտության գոտի խաթարում է խաղաղության գործընթացը` ճանապարհ բացելով ռազմական գործողությունների համար: Այլ դեպքերում, երբ Հայաստանում քննարկվում է ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում գտնվելու նպատակահարմարության հարցը, Մոսկվայում առաջին պլան են բերում անվտանգության գործոնը: Մինչդեռ` իրական քաղաքականության ռեժիմում, Մոսկվան ոչ թե ավելացնում է Հայաստանի անվտանգության բաղադրիչները, այլ լուծում է հակամարտությունը, հետևաբար` Հայաստանի և Ադրբեջանի քաղաքականությունը ռուսական աքցանի մեջ պահելու խնդիրը:
Ավելի վտանգավոր է այն հանգամանքը, որ վաղը Մոսկվայում գուցե համարեն, որ Հայաստանին տրված 100 միլիոն վարկով խախտվել է տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը, և այն վերականգնելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի հետ կնքել սպառազինության մատակարարման նոր «միլիարդանոց» համաձայնագիր: Ստացվում է, որ 100 միլիոնով Մոսկվան ուժեղացնում Հայաստանի նկատմամբ վերահսկողության ռեժիմը, միևնույն ժամանակ` փակում է մեր բերանը` Ադրբեջանին դարձյալ սպառազինելու համար:



Читайте также

Оставить комментарий