Սարգիս Արծրունի. «ԱԳ նախարարի խորհրդական Ռոբսոնը ցանկանում է, որ ԱՄՆ-ը ջնջվի երկրի երեսից»
Ոչ անհայտ Ռուբեն Թաթուլյանը, նույն ինքը՝ Ռոբսոնը, սկանդալային հարցազրույց է տվել ռուսական հեռուստաընկերություններից մեկին և անդրադարձել է ամերիկյան աղմկոտ պատժամիջոցներին, որոնք կիրառվել են իր և ռուսաստանցի այլ, այսպես կոչված, «օրենքով գողերի» հանդեպ:
Ուշագրավ է, որ Ռոբսոնը քրեական բառապաշարով հերքում է, թե ինքը որևէ առնչություն ունի հանցագործ աշխարհի հետ, ներկայանում է որպես գործարար և բարերար ու, բնականաբար, վիրավորական արտահայտությունների տարափ է թափում ԱՄՆ-ի հասցեին: Մեծ հաշվով՝ Ռոբսոնից այլ բան սպասել հնարավոր չէր, որովհետև նա կրիմինալի և ռուսական իշխանության հետ սերտաճած ռուսական բիզնեսի տիպիկ ներկայացուցիչ է: Ի դեպ, այս հարցազրույցը լավագույնս արտացոլում է նրա բարոյական և արժեքային սնանկությունը:
Սակայն մեզ պետք է մտահոգի այլ հանգամանք, որի հետևանքով Հայաստանը կարող է հայտնվել աննախադեպ դիվանագիտական սկանդալի կիզակետում, որովհետև հիշյալ հարցազրույցում Ռուբեն Թաթուլյանն առավելագույնս ասոցացվում է Հայաստանի հետ: Այն, որ նա Կարեն Կարապետյանի նախաձեռնած «Ներդրողների ակումբի» անդամ է և ունի Հայաստանի դիվանագիտական անձնագիր, հայտնի էր վաղուց, սակայն Ռոբսոնը բացահայտում է, որ ինքը Հայաստանի արտգործնախարարի խորհրդականն է ու տեղաշարժվում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կցված մեքենայով: Ամենասարսափելին այն է, որ նման բացահայտման ֆոնին Ռոբսոնն ասում է, թե ԱՄՆ-ը չպետք է քարտեզի վրա լինի:
Թերևս հարկ չկա բացատրելու, թե Ռոբսոնի սկանդալային հայտարարությունների հետևանքով ինչպիսի պրոբլեմների մեջ կարող է հայտնվել Հայաստանը: Խնդիրը նույնիսկ Ռոբսոնի անձը չէ, այլ Հայաստանի իշխանությունների անպատասխանատու, հանցավոր վարքագիծը, ինչի հետևանքով հանցագործ աշխարհի ներկայացուցիչը ոչ միայն արժանանում է Հայաստանի դիվանագիտական պաշտպանությանը, այլ նաև ԱԳ նախարարի խորհրդականն է, համենայնդեպս՝ նա այդպես է պնդում հիշյալ հարցազրույցում, և այդ պնդումն առայժմ չի հերքվել:
Հայաստանը հայտնվել է դիվանագիտական աղմկոտ սկանդալի շեմին, իսկ մեր իշխանությունների ակնհայտ սերտաճումը ռուսական կրիմինալ և կոռուպցիոն շրջանակների հետ ամերիկյան պատժամիջոցների ցավոտ հետևանքներն անխուսափելիորեն բերելու են Հայաստան:
Եթե նույնիսկ ամերիկյան հայտնի պատժամիջոցներից հետո Երևանում ատամներով պաշտպանում են Ռուբեն Թաթուլյանին և նրան չեն զրկում դիվանագիտական անձեռնմխելիությունից, ապա որակական, բարոյական որևէ տարբերություն չկա Հայաստանի իշխանության վերնախավի ու Ռոբսոնի միջև: Եթե նույնիսկ Հայաստանի արտգործնախարարությունը հերքի փաստը, որ Ռոբսոնը Նալբանդյանի խորհրդականն է, դրանից վիճակն արմատապես չի փոխվի, որովհետև Սոչիի «արքան» օգտվում է Հայաստանի դիվանագիտական անձեռնմխելիությունից ու ռեսուրսներից և, ըստ էության, երազում է ԱՄՆ-ը ոչնչացնելու մասին:
Այս համատեքստում Հայաստանը նույնանում է ոչ այնքան նույնիսկ Ռուսաստանի, որքան նրա իշխանության ամենամարգինալ ու կրիմինալ սեգմենտի հետ: Մնում է միայն ենթադրել, թե Ռոբսոնի մտքի «գոհարներն» ինչ տխուր հետևանքներ են ունենալու Հայաստանի համար: