Սարգիս Արծրունի. «Փիսիկ» օլիգարխներին «առյուծացրած» իշխանություն
Վերջին տարիներին տեղի են ունեցել նշանային իրադարձություններ, որոնք բացահայտում են այն միֆի սնանկությունը, թե իբր քրեաօլիգարխիան կամ տեղական ֆեոդալներն այնքան հզոր են, որ նրանց դեմ պայքարելու համար տևական ժամանակ ու ջանքեր են պետք: 2015թ-ին ընդամենը հաշված օրեր պետք եղան, որ հայաստանյան օլիգարխիայի խորհրդանիշ Գագիկ Ծառուկյանն ընկրկի իշխանության ոչ թե գործողությունների, այլ` անգամ իսկ սպառնալիքների առաջ:
Օլիգարխին վերագրվող «առյուծային» կերպարը փլուզվեց և տեղին կլիներ օլիգարխին համեմատել այլ` ավելի նուրբ կենդանու հետ, եթե նրա շրջապատին անպայմսն նման ասոցիացիա է պետք` իրենց «թագավորի» բացառիկությունը ցույց տալու համար:
Կամ ի՞նչ դիմադրություն ցույց տվեց Սուրիկ Խաչատրյանը, երբ նրան ազատեցին Սյունիքի մարզպետի պաշտոնից, «ղաչաղների» զորքով արշավեց Երևանի՞ վրա: Իհարկե`ոչ, գլուխը կախ շարունակեց «տոկոս խփել» ՀՀԿ-ի համար:
«Թոխմախի» Մհերը դարձել է «դիսիդենտ», բայց շարունակում է երդվել Սերժ Սարգսյանի «արևով», Գագիկ Բեգլարյանը երջանիկ է արդեն այն փաստով, որ ինքն այս երկրում ունի «ամենաբարձր պաշտոնը»` շաբաթը մեկ նիստի է մասնակցում Սերժ Սարգսյանի հետ:
Եթե կան միամիտներ, ովքեր մտածում են, որ 2015-ին Սերժ Սարգսյանն անկեղծորեն ուզում էր քաղաքականությունը փրկել օլիգարխացումից ու հատկապես` դեգրադացումից, սխալվում են, որովհետև եթե չլինի քաղաքականության այդ խեղումը, Սերժ Սարգսյանը բացարձակապես «խելոք» չի երևա:
Կամ եթե մարդիկ կարծում են, որ Կարեն Կարապետյանը «ամպոտ ոտքերով» ակադեմիական միջավայրից է եկել ու «գենետիկորեն» անհամատեղելի է «վայրենի» Սուրիկ Խաչատրյանի հետ, դարձյալ սխալվում են, որովհետև «լիսկայությունը» շարունակում է մնալ Սյունիքի «կրոնը», սակայն արդեն «նոր ոգի» վարչապետի դրածո մարզպետի դեմքով:
Սերժ Սարգսյանը մի առիթով շատ դիպուկ խոսել է «տոկոս խփելու» մասին: Երբևէ լսե՞լ եք, որ նա հրաժարվի այդ հայտարարությունից: Ես չեմ լսել, հետևաբար Սարգսյանը չի կարող հրաժարվել «Մետաքսի» կամ «Թոխմախի» «մշակույթից»: Դրա կրողները կարող են փոխվել, բայց ավանդույթները` ոչ:
Քրեաօլիգարխիայի ամենազորության թեման արհեստական զարգացնում են հենց իշխանությունները` երկրում առկա պրոբլեմներն «օդիոզների վրա» դուրս գրելու նպատակով: Սերժ Սարգսյանը կամ Կարեն Կարապետյանն իրական քաղաքականության մակարդակում չեն կարող հետապնդել քրեաօլիգարխիայի հեռացման նպատակ, որովհետև դրա առաջին «զոհերը» լինելու են հենց իրենք` պաշտոնների անխուսափելի կորստով: Սարգսյանը կամ Կարապետյանն այլ համակարգում պաշտոններ և ազդեցություն ունենալ չեն կարող: Ըստ այդմ` նրանք իրենց շրջապատելու են օլիգարխներով, ովքեր անշառ «փիսիկ» են իշխանության պալատներում և դառնում են գազան «առյուծներ», երբ յուրայինների շրջապատում են կամ հանրային միջավայրում: