Հարութ Արայիկյան. «Սասնա Ծռեր»-ը զինված հարձակում է իրականացնելու»
«Գելափ ինտերնեյշնլ» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնն իր կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության հարցման արդյունքն է հրապարակել: Ըստ այդ տվյալների` 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը կստանա 68.3 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6.7 տոկոս, ՀՀԿ-ն՝ 1.5 տոկոս, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 1.2 տոկոս, ՀՅԴ-ն՝ 1 տոկոս, «Սասնա ծռեր»-ը՝ 0.9 տոկոս, Քրիստոնեա-Դեմոկրատական Վերածնունդը՝ 0,3 տոկոս, «Մենք» դաշինքը՝ 0,3 տոկոս, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատները՝ 0.2 տոկոս, ՕԵԿ-ը՝ 0.1 տոկոս, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 0 տոկոս:
Յուրաքանչյուր ընտրություններից առաջ «Գելափ ինտերնեյշնլ» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը նման հարցումներ է կազմակերպում: Հետաքրքիրն այն է, որ սրանց հրապարակած նախնական տվյալները գրեթե համընկնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական թվերի հետ: Մենք չենք պնդում, որ կենտրոնը լավ է աշխատում կամ վատ: Ավելին, կարծում ենք, որ «Գելափ»-ը սերտ համագործակցության մեջ է գտնվում օրվա իշխանությունների հետ և միշտ հրապարակում է այն տվյալները, որոնք օրվա իշխանությունները պատրաստվում են ապահովվել: Այսինքն, առկա է իշխանություն-«Գելափ» կապը, վերջինս իշխանությունից թիվ է հարցնում և չնչին տարբերությամբ այն հրապարակում, ներկայացնելով իբրև հետազոտություն: Հիմա էլ նույնն է: Սրան բոլորս սովորել էինք և անուշադրության էինք մատնում:
Այս տարի ընտրություններին մասնակցում է «Սասնա Ծռեր» կուսակցությունը: Սրանք ցանկացած խնդիր ուժով լուծելու ջատագովներ են: Սրանք հայտարարություն են տարածել «Գելափ ինտերնեյշնլ» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի հրապարակած թվերի վերաբերյալ: Մասնավորապես, սրանք ասում են. «Պետք է ընդունենք, որ Չախ-չախ թագավորի հեքիաթի ավանդույթներին հավատարիմ այս կեղծ «Գելափին» իսկապես հաջողվել է, ի վերջո, այնպիսի սուտ մոգոնել, որին մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, վերջապես հավատացինք: Այն է՝ թե մեզ առհասարակ անհայտ է «Սասնա Ծռեր» անունով քաղաքական ուժը, և որ նա իր անհայտությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր փոքր ու մեծ քաղաքական ուժերին: Ըստ երևույթին, այս կեղծ «Գելափին» պատվիրված հերթական անհեթեթությունը արդյունք է նախաէպոսյան Հայաստանում արված հետազոտության: Իսկ եթե ավելի լուրջ, ապա, ըստ էության, գործ ունենք քաղաքական այնպիսի պատվերի հետ, որը նպատակ ունի հասարակությանը նախապատրաստելու հերթական ընտրական կեղծիքին, այն է՝ Սերժ Սարգսյանի և նրա օլիգարխիկ, մարտիմեկյան ՀՀԿ-ԲՀԿ տանդեմի քաղաքական հարությանը, այս անգամ արդեն՝ որպես «քաղաքական ընդդիմություն»: Ակնհայտ է, որ սոցիոլոգիական կեղծարարության ասպեկտներն ուժից վեր խնդիր են դրել իրենց ուսերին: Պարոնայք կեղծարարներ, զուր ջանքեր մի վատնեք, Սասնա Ծռերը լինելու են գալիք խորհրդարանում»:
Սա հայաստանյան քաղաքական ուժի հայտարարություն է: Մենք, իհարկե, սույն հայտարարությունը չենք մեկնաբանի, քանզի դա բժշկության ոլորտի մասնագետների խնդիր է, սակայն հայտարարությունից կառանձնացնենք դրա հիմքը հանդիսացող մի քանի բառ և բառակապակցություն՝ «Չախ-չախ թագավոր», «նախաէպոսյան», «Սերժ Սարգսյան», «քաղաքական ընդդիմություն», «Պարոնայք կեղծարարներ», «Սասնա Ծռերը լինելու են» և ընթերցողներին կհորդորենք գտնել դրանց մեջ պատճառահետևանքային կապը: Եթե դա ինչ-որ մեկի մոտ հաջողվի, մենք պատրաստ ենք պարգևել այդ մեկին:
Իսկ եթե լուրջ, ապա «Սասնա Ծռեր»-ը հենց այնպես որևէ բան չեն ասում: Եվ ո՞վ գիտի, միգուցե սրանք զինված հարձակման արդյունքում գրավեն «Գելափ ինտերնեյշնլ»-ի գրասենյակը և փոխեն թվերը: Կարող է նաև այդպես լինել, սակայն մեզ թվում է, որ դրա համար էլ է Փաշինյան Նիկոլի համաձայնությունը պետք: Մանավանդ, որ « Իմ քայլը» -ի թվերն էլ են ցածր: