SIPRI. Զենքի գնման ծավալներով Ադրբեջանը գերազանցում է Հայաստանին
Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2015-2019թթ. զենքի համաշխարհային առևտրի վերաբերյալ զեկույցը, որի համաձայն աշխարհում սպառազինության առևտրի ծավալը մեծացել է 5.5 տոկոսով՝ նախորդ հնգամյակի համեմատ:
Ըստ զեկույցի՝ Ադրբեջանն ընդգրկվել է աշխարհի ամենաշատ զենք մատակարարող երկրների թոփ 40-յակում և հետխորհրդային տարածաշրջանի երկրորդ խոշոր մատակարարն է՝ Ղազախստանից հետո:
Զեկույցի հեղինակները նշում են, որ 2015-2019 թթ. կրկին զինված բախումներ են գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչի արդյունքում երկու երկրներն էլ ավելացրել են զենքի գնման ծավալները: «Երկու երկրներն էլ ռազմական ներուժը մեծացնում են ներմուծման հաշվին, այդ թվում՝ հրթիռների, որոնք ի զորու են հարձակվել մեկը մյուսի տարածքում գտնվող թիրախների վրա»,-ասվում է զեկույցում:
Տեղեկության համաձայն՝ Հայաստանը զենք ներմուծում է հիմնականում Ռուսաստանից (94 տոկոս), մինչդեռ Ադրբեջանի դեպքում ՌԴ-ի չափաբաժինը կազմում է 31 տոկոս, առաջին տեղը զբաղեցնում է Իսրայելը՝ 60 տոկոս: