Սոհբեթ Մամեդով. «Բաքուն ընդլայնում է իր ռազմական ներուժը»
«Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ձեռնարկություններից մեկում ավարտվում են ռեակտիվ հրթիռների արտադրության համար հոսքագծի բացման աշխատանքները,-ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում («Բաքուն ընդլայնում է ռազմական ներուժը» վերտառությամբ հոդվածում) գրում է Սոհբեթ Մամեդովը և ավելացնում,-Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության տվյալներով՝ ծրագիրն իրականացվում է թուրքական Roketsan ընկերության հետ համատեղ: Roketsan-ի աղբյուրների համաձայն՝ թուրքական ընկերությունն արտադրելու է միայն շարժիչները, իսկ զինամթերքի մյուս մասերի արտադրությունը և 107 և 122 մմ տրամաչափի հրթիռների հավաքումը կատարվելու է Ադրբեջանում»:
Թուրք-ադրբեջանական արտադրության 122 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը, հրապարակման համաձայն, կրկնակի գերազանցելու է ներկայում Ադրբեջանի Զինված ուժերի զինանոցում գտնվող և համազարկային «Գրադ» տեսակի ռեակտիվ համակարգերում օգտագործվող 122 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը: 107 մմ տրամաչափի հրթիռների արդյունավետ հեռավորությունն էլ 4 կիլոմետրով է գերազանցելու ռուսական և ուկրաինական արտադրության նմանօրինակ հրթիռների հեռահարությունը:
«Հարկ է նշել, որ ծրագրի իրականացումը վկայում է ընդամենը մի քանի տարի առաջ ստեղծված Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հաջող գործունեության մասին: Նախարարության ռազմավարությունն ուղղված է ժամանակակից և հզոր արտադրական բազայի ստեղծմանը և ազգային բանակը ժամանակակից տեխնիկայով և սպառազինություններով ապահովելուն:
Այդ նպատակով Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը սերտորեն համագործակցում է Թուրքիայի, Իսրայելի, Հարավային Աֆրիկայի և մի շարք այլ երկրների հետ: Օրինակ, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Օպտիկա» արտադրական ձեռնարկությունը թուրքական ASELSAN ընկերության արտոնագրի հիման վրա օպտիկական սարքերի արտադրություն է սկսել: ASELSAN-ի տվյալներով՝ Ադրբեջանի Զինված ուժերում մեծապես օգտագործվում են նաև թուրքական արտադրության «Շահինգյոզու» էլեկտրոնային օպտիկական սարքերը, «Պիթոն» տեսակի ջերմացույցային նշանոցները, AVS 6 տեսակի գիշերային տեսանելիության ավիացիոն համակարգերը»,- նշում է հոդվածագիրը:
Մամեդովն այնուհետև հավելում է, որ զենք ու զինամթերքի արտադրությանը զարկ տալուն զուգահեռ Բաքուն տարեցտարի ավելացնում է ժամանակակից ռազմական տեխնիկայի և սպառազինության գնման ծավալները: «Ռազմական ոլորտի ուսումնասիրություններով զբաղվող հեղինակավոր պարբերարականների վիճակագրական տվյալների համաձայն՝ 2003-2007 և 2008-2012թթ. Արևելյան Եվրոպայի երկրների կողմից ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման ծավալները 21 տոկոսով աճել են, և դա տեղի է ունեցել հիմնականում Ադրբեջանի հաշվին, որը տարածաշրջանի միակ երկիրն է, որ 155 տոկոսով ավելացրել է զենքի ներկրումը` զենք ներկրողների համաշխարհային առաջատարների ցուցակի 48-րդ հորիզոնականից հայտնվելով 35-ում: Նման թռիչք Ադրբեջանն արձանագրել է նաև պաշտպանական ոլորտի հատկացումների վարկանիշային աղյուսակում. Ադրբեջանի 2013 թ. բյուջեում ռազմական ծախսերի համար հատկացվել է 3 մլրդ 700 մլն դոլար,-գրում է նա:-Պաշտոնական Բաքուն երկրի պաշտպանունակության ամրապնդման համար այդքան միջոց հատկացնում և ազգային բանակի հնարավորություններն ընդլայնում է ղարաբաղյան հակամարտության պատճառով»:
Հոդվածագիրն այնուհետ վերլուծում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրերս արած հայտարարությանը և կարծիք հայտնում, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցությունների ձախողման դեպքում Բաքուն ԼՂ հարցը լուծելու է ռազմական ճանապարհով:
«Հայաստանը չի ցանկանում լուծել խնդիրը, ցանկանում է որքան հնարավոր է երկար պահել ստատուս-քվոն: Իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ցավոք սրտի, վերջին շրջանում ավելի շատ աշխատում են կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման, շփման գծում իրավիճակը կայունացնելու և այլ հարցերի ուղղությամբ, որոնք անմիջականորեն չեն առնչվում բանակցությունների էությանը,- նախօրեին Հանրապետության օրվա առթիվ իր ելույթում հայտարարեց Իլհամ Ալիևը և ավելացրեց,- Նման իրավիճակն անընդունելի է, պետք է փոփոխվի: Եթե բանակցություններ պետք է ընթանան, ապա դրանք իսկական բանակցություններ պետք է լինեն»: Ալիևի խոսքով՝ բանակցությունների էությունն այն է, որ «Արբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ճանաչում է նաև միջազգային հանրությունը, պետք է վերականգնվի»:
«Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Ադրբեջանը ստիպված կլինի ընդլայնել իր Զինված ուժերի կարողությունը: Եվ Բաքուն իրեն իրավունք է վերապահում՝ բանակցությունների ձախողման դեպքում ռազմական ճանապարհով ազատագրել իր տարածքները»,-եզրափակում է Մամեդովը:
«Նեզավիսիմայա գազետա», 29.05.2013թ.