ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԳՐԵԹԵ 90%-ՈՎ, ԵՐԿԱԹԳԻԾԸ՝ 70%-ՈՎ
Զանգեզուրի միջանցքի ավտոճանապարհը պատրաստ է գրեթե 90%-ով, երկաթգիծը՝ 70%-ով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների կառավարության ղեկավարների հանդիպման մասնակիցներին:«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի կառուցմանը, ապա այնտեղ ավտոմոբիլային ճանապարհը պատրաստ է գրեթե 90%-ով, իսկ երկաթգիծը՝ մոտավորապես 70%-ով։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում այս նախագիծը լիարժեք կյանքի կկոչվի»,- հայտարարել է նա։
Ադրբեջանի ղեկավարը նաև ընդգծել է Թուրքիայի հետ համակարգված աշխատանքի կարևորությունը՝ նշելով, որ հարևան երկրում արդեն մեկնարկել է Կարս-Նախչըվան երկաթգծի շինարարությունը։
«Մենք գիտենք և շատ ուրախ ենք, որ Թուրքիայում նույնպես սկսվել է Կարս-Նախչըվան երկաթգծի շինարարությունը։ Այս նախագծերի զուգակցումը կբացի նոր կարևոր միջազգային միջանցք, որը կդառնա «Միջին միջանցքի» ճյուղերից մեկը։ Մեր կողմից կառուցվող երկաթուղային ենթակառուցվածքն առաջին փուլում նախատեսված է 15 միլիոն տոննա բեռների փոխադրման համար, սակայն ապագայում այդ ցուցանիշը կարող է ավելանալ»,- հավելել է Ալիևը։

