ԹՐԱՄՓԸ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ Է ԻՐԱՆԻ ՀԵՏ ՀՐԱԴԱԴԱՐԸ, ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի ժամկետի լրանալուց ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միակողմանիորեն երկարաձգում է Իրանի հետ հրադադարը՝ հետագա խաղաղ բանակցությունները հնարավոր դարձնելու համար, բայց նշել է, որ իրանական նավահանգիստների շրջափակումը, կմնա ուժի մեջ։
«Հաշվի առնելով այն փաստը, որ Իրանի կառավարությունը լրջորեն պառակտված է, ինչը անսպասելի չէր, ինչպես նաև ֆելդմարշալ Ասիմ Մունիրի և վարչապետ Շահբազ Շարիֆի խնդրանքները՝ մեզ խնդրել են հետաձգել Իրանի դեմ մեր հարձակումը, մինչև նրանց առաջնորդներն ու ներկայացուցիչները կկարողանան միասնական առաջարկ ներկայացնել», - նախօրեին գրել է Թրամփը։
Սպիտակ տան առաջնորդն առանց ժամկետների մասին մանրամասնելու հավելել է, որ «կերկարաձգի հրադադարը, մինչև Իրանի առաջարկը ներկայացվի և քննարկումներն ավարտվեն՝ այս կամ այն կերպ»։
Հստակ չէ՝ Իրանը նույնպես երկարաձգո՞ւմ է հրադադարը։
«Թասնիմ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իրանը չի խնդրել հրադադարի երկարաձգում:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խորհրդականը հրադադարի երկարաձգումը «անակնկալ հարձակման համար ժամանակ շահելու հնարք» է անվանել՝ շեշտելով, որ Իրանը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի՝ առանց հստակեցնելու, թե ինչ նկատի ունի։
Խորհրդականը նաև նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների ներկայիս շրջափակումը «ոչնչով չի տարբերվում ռմբակոծությունից և պետք է ռազմական պատասխան ստանա»։


Читайте также

Оставить комментарий