Վահագն Խաչատրյան. Սերժ Սարգսյանի հնչեցրած թվերը հավատ չեն ներշնչում

irevanaz.com«Նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած թիվը այս տարի սպասվող ավելի քան 6 տոկոս տնտեսական աճի մասին, հավատ չի ներշնչում և ակնհայտորեն ուռճացված է», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով, հատկապես կասկածելի են գյուղատնտեսությանը վերաբերող թվերը․ - «Անցյալ տարի հոկտեմբերը նախորդ հոկտեմբերի նկատմամբ 30 տոկոս անկում եղավ, հիմա հոկտեմբերը հոկտեմբերի նկատմամբ 30 տոկոս աճ եղավ, և այս թվային խաղերի արդյունքում հիմա կարող են ասել, որ ունեն 6 տոկոս: Ես չէի զարմանա, եթե ասեին 8 տոկոս կամ 10 տոկոս»:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2016 թվականի հոկտեմբերին՝ 2015-ի հոկտեմբերի համեմատ, գյուղատնտեսությունում գրանցվել էր 29.8 տոկոս անկում, մինչդեռ այս հոկտեմբերին՝ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գյուղատնտեսությունը կտրուկ աճ է ապրել՝ 34.7 տոկոս:
Ըստ Վահագն Խաչատրյանի, տնտեսության նման կտրուկ՝ 6 տոկոսոց աճի դեպքում լրջագույն դրական փոփոխություններ պետք է գրանցվեին գործազրկության կրճատման և աղքատության նվազման առումով․ - «Կենսամակարդակի բարձրացում պետք է լիներ: Բայց երբ որ մենք նայում ենք դրա կողքին հրապարակված այլ թվեր, տեսե՛ք՝ գործազրկությունը 18 տոկոս է մնացել, աղքատությունը՝ 29․4, ընդամենը 0.4 տոկոսով է նվազել, դա շատ պայմանական է»:
Հանրապետության նախագահի նստավայրում երեկ ընդունելով գործարար հանրության ներկայացուցիչներին՝ Սերժ Սարգսյանը անակնկալ հայտարարություն արեց նախորդ տարիների համար անսովոր բարձր տնտեսական աճի մասին․ - Ես վստահ եմ, որ մենք 2018 թվականին ունենալու ենք շատ ավելի լավ արդյունքներ, քան 2017-ին, որովհետև 2017-ին արդեն բավականաչափ նախադրյալներ են ստեղծվել, որպեսզի տարին փակենք բավարար տնտեսական աճով: Կանխատեսումներ չանեմ, բայց կարծում եմ տնտեսական աճ 6 տոկոսից ավելին ենք ունենալու»:
Ըստ ԱՎԾ-ի, նախորդ չորս տարիներին Հայաստանի տնտեսությունը տարեկան միջինը աճել է ընդամենը 2.5 տոկոսով: Նախագահ Սարգսյանի երեկ հնչեցրած թվին մոտ աճ երկիրը ունեցել է 2012 թվականին՝ նախագահական ընտրություններին նախորդած տարում, երբ պաշոտանական տվյալներով գրանցվեց 7.2 տոկոս տնտեսական աճ:
Այս տարի սպասվող բարձր աճի մասին երեկ առաջինը հանրությանը ավետեց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը, ով, սակայն, խոսեց ավելի բարձ թվի մասին՝ հանրությունը վայելելու է 7 տոկոսը գերազանցող աճ:
Այս տարվա պետական բյուջեով, հիշեցնեմ, նախատեսված է տարին փակել 3.2 տոկոս տնտեսական աճով: Միջազգային հեղինակավոր ֆինանսկան կառույցները նույնպես 6 կամ 7 տոկոսի համեմատ համեստ թվեր են ներկայացրել:
Հոկտեմբերին հրապարակված Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման համաձայն 2017-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 3.5 տոկոս: Իսկ Համաշխարհային բանկը այս հունիսին է՛լ ավելի փոքր թիվ նշեց՝ 2.7 տոկոս:
«Ես չեմ կարծում, որ միջազգային կազմակերպությունների, առավել ևս Արժույթի հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները այդքան հնարավորություն չունեն ռեալ գնահատելու Հայաստանի տնտեսական պոտենցիալը: Եթե 4.3 ասեին, լիներ 4.6 կամ 4.7, այսինքն մինչև 0.2-0.3 տոկոս շեղում լիներ, ես կհասկանայի, որ իսկապես․․․ շեղումը հնարավոր է: Բայց երբ որ շեղումը լինում է 1 տոկոս, առավել ևս 2 տոկոս, սա մի բանի մասին է խոսում․ կա՛մ այդ մարդիկ չեն տիրապետում Հայաստանի տնտեսական վիճակին, կա՛մ Հայաստանի տնտեսության հետ ինչ-որ մի քանի արտառոց երևույթներ են տեղի ունենում, որ մասին կա՛մ չեն ուզում բարձրաձայնեն, կա՛մ ուղղակի ժամանակ կա և մեզ բացատրություններ կտան»:



Читайте также

Оставить комментарий