Ամանդա Փոլ. «Կրեմլը Հայաստանը վերածում է պլացդարմի՝ ռուսական ռազմական գործողությունների համար»
Եթե Ռուսաստանը որոշի մարտական թռիչքներ իրականացնել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայից՝ Սիրիայում իսլամական ահաբեկիչների թիրախներին հարվածելու համար, վստահաբար դա չեն ողջունի տարածաշրջանի մյուս երկրները: Դա կլինի շատ լուրջ զարգացում, որը Մոսկվան կներկայացնի որպես իր ռազմական գերազանցության հերթական ցուցադրություն, բայց իրականում դա կվտանգի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը՝ Հայաստանը դնելով աննախանձելի վիճակի մեջ՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարել է Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը՝ մեկնաբանելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ նախորդ շաբաթ արած հայտարարությունը:
Լավրովը ասել էր, թե Տաջիկստանում, Ղրղըզստանում և Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները պատրաստ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին:
«Ռուսաստանը միշտ էլ փորձում է պահպանել ու ամրացնել իր դիրքերը և սիրում է ցուցադրել իր ռազմական հզորությունը: Մոսկվան որոշակի ջանքեր է գործադրել հետխորհրդային տարածաշրջանում իր դիրքերը պահպանելու նպատակով: Մասնավորապես, դա արվել է Հայաստանում, Ղրղըզստանում և Տաջիկստանում, Վրաստանի օկուպացված շրջաններում՝ Հարավային Օսիայում և Աբխազիայում, ինչպես նաև օկուպացված Ղրիմում տեղակայված ռուսական ռազմաբազաների միջոցով»,- նշեց Ամանդա Փոլը:
Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը ստեղծել է անվտանգության ինտեգրված գոտի, որը Ղրիմից Սև ծովի միջով ձգվում է մինչև Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա և դեպի ներքև՝ Սիրիա: Սա ռազմաօդային և ռազմածովային ուժերի պաշտպանության մի բարդ համակարգ է:
«Օրինակ՝ Սև ծովի տարածաշրջանում Ռուսաստանը կառուցում է սպառազինությունների համակարգեր՝ դիրքերի պահպանման և քաղաքական ահաբեկումների նպատակով: Այս զարգացումները ավելի են դժվարացնում ՆԱՏՕ-ի օդուժի ներկայությունը Սև ծովում և Կովկաս մտնելը: Միևնույն ժամանակ Ռուսաստանը այդ համակարգի շնորհիվ շրջափակում է Թուրքիան հյուսիսից, արևելքից և հարավից: Սա ծայրաստիճան վտանգավոր զարգացում է»,- ասել է փորձագետը:
«Ինչ վերաբերում է մասնավորապես Հայաստանի խնդրին, ապա արդեն որոշ ժամանակ է, ինչ ակնհայտ է դարձել, որ Կրեմլը վերածում է Հայաստանը (և ոչ միայն Հայաստանը) պլացդարմի (ռազմահենադաշտ)՝ ռուսական ռազմական գործողությունների համար այլ վայրերում, եթե կարիք լինի: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան համեմատաբար մոտ է Սիրիային: Բացի այդ, Ռուսաստանը ունի զգալի քանակով ռազմական տեխնիկա՝ տեղակայված Հայաստանի տարածքում: Եթե ռուսները որոշեն մարտական թռիչքներ իրականացնել Գյումրիից՝ հարվածելու, այսպես կոչված, «Իսլամական պետությանը» (ISIS) կամ Սիրիայի այլ թիրախների, որոնք Ռուսաստանը սպառնալիք է համարում, ապա դա կլինի շատ լուրջ զարգացում, որը գրեթե վստահաբար չեն ողջունի տարածաշրջանի մյուս երկրները:
Անկասկած Մոսկվան դա կհամարի տարածաշրջանում իր ռազմական գերազանցության հերթական ցուցադրություն, բայց իրականում դա էլ ավելի կթուլացնի, կքայքայի տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, էլ չենք խոսում Հայաստանին խիստ աննախանձելի վիճակի մեջ դնելու մասին»: