Ամանդա Փոլ. «Սարգսյանի 2018-ը և Էրդողանի 2019-ը. Թուրքիան կարող է անակնկալ մատուցել Հայաստանին»

irevanaz.comԹուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն այսօր առաջնահերթություն չէ Թուրքիայի համար: Նախագահ Էրդողանի առաջնահերթությունն այս պահին 2019 թ. նախագահական ընտրություններում հաղթելն է, և նա բոլոր հարցերին նայելու է հենց այս պրիզմայով: Բայց Թուրքիան լի է անակնկալներով, և միշտ էլ կարելի է սպասել մի նոր ֆուտբոլային, շախմատային կամ այլ տեսակի դիվանագիտության երկու երկրների միջև: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը՝ Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների համատեքստում գնահատելով հայ-թուրքական հաշտեցման հեռանկարները:

– Ամանդա, ի՞նչ նշանակություն ունեն Եվրամիության հետ ավելի լավ հարաբերությունները Թուրքիայի համար մի շրջանում, երբ վերջինս բավական բարդ վիճակում է հայտնվել իր մերձավորարևելյան քաղաքականության պատճառով և փչացրել է իր հարաբերությունները Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի մի շարք այլ երկրների հետ:

– Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում այսօր սկզբունքորեն միտված է իր անվտանգության ամրապնդմանը: Սա մի խնդիր է, որը չպետք է անհանգստացնի Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետություններին, քանի որ նրանք չեն սահմանակցում Սիրիային: Իսկ Թուրքիայի մտահոգությունները շատ իրական են: Թուրքիան ուզում է ամբողջությամբ վերահսկել իր սահմանները, ազատել այդ տարածքը ահաբեկչական խմբավորումներից: ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան օրինական իրավունք ունի անհանգստանալու իր հարավային սահմաններում տիրող իրավիճակով: Հետևաբար, թեև Միացյալ Նահանգները գուցե այնքան էլ ուրախ չէ Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության կապակցությամբ, նա ստիպված է համակերպվել դրան:
Ռուսները ևս տիպված են համակերպվել այս իրողությանը, քանի որ խնդիրներն ու տարաձայնությունները Անկարայի և Վաշինգտոնի միջև կտրուկ ավելացել են, իսկ Մոսկվան, ինչպես տեսնում ենք, հաջողությամբ օգտվում է դրանից: Միացյալ Նահանգների և Թուրքիայի քաղաքականություններն այս տարածաշրջանում գնալով ավելի շատ են հակադրվում իրար: Միացյալ Նահանգների մտադրությունը՝ Թուրքիային սահմանակից շրջաններում կազմավորելու 30 հազարանոց զորամիավորում, որի մեջ մտնելու են նաև քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG), Անկարայի կողմից դիտվեց որպես ահաբեկչական Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ընդլայնում: Սա շատ սխալ քայլ էր և ցույց է տալիս, թե որքան կարճատես է այսօր ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում:
Ուզում եմ ավելացնել, որ Երուսաղեմի խնդիրը ևս օգնեց Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններին: Նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Եվրամիության որոշումը Երուսաղեմի՝ ալ-Կուդսի մասին կարող է օգնել ընդհանուր հող նախապատրաստելու Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները բարելավելու համար: Այս տեսանկյունից Թրամփը երկու «նվեր» մատուցեց Թուրքիային: Առաջինը Երուսաղեմն էր, իսկ երկրորդը՝ Սիրիայում սահմանային ուժեր ձևավորելու որոշումը, որոնք ճանապարհ հարթեցին Թուրքիայի համար՝ ավելի մեծ դեր խաղալու տարածաշրջանում:

– Եվրամիությունն ինչպե՞ս կազդի Թուրքիայի ներքին իրավիճակի, ժողովրդավարական գործընթացների, արտաքին քաղաքականության և գործընկերների, ինչպես նաև իր հարևանների հետ հարաբերությունների վրա: Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների բարելավումը կարո՞ղ է նպաստել, որպեսզի Թուրքիան ինչ-որ կերպ փոխի իր մոտեցումը Հայաստանի հետ հարաբերություններին, Թուրքիան հիմա հայտարարում է, թե «այո, մենք շարունակում ենք հանձնառու մնալ հայ-թուրքական արձանագրություններին», բայց հետո ավելացնում է, թե «նախ վերադարձրեք Ղարաբաղը Ադրբեջանին»:

– Նախագահ Էրդողանի առաջնահերթությունն այս պահին 2019 թ. նախագահական ընտրություններում հաղթելն է: Քաղաքական բոլոր որոշումները կարող են դիտարկվել հենց այս պրիզմայով: Չեմ կարծում, թե Թուրքիա-Հայաստան հաշտեցումը այս պահին առաջնահերթություն է Թուրքիայի համար: Անկարայի դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանը պետք է վերադարձնի որոշ օկուպացված շրջաններ՝ որպես առաջին քայլ՝ կոտրելու այն շղթաները, որոնք արնաքամ են անում այս տարածաշրջանը:

– Երբ Հայաստանի նախագահը հայտարարում է, թե Հայաստանը 2018 թ. գարուն է մտնելու առանց հայ-թուրքական արձանագրությունների, եթե Թուրքիան որևէ քայլ չանի դրանց կենսագործման ուղղությամբ, պետք է եզրակացնենք, որ «ֆուտբոլային դիվանագիտության» այս շրջանն ավարտվե՞լ է: Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում հետագա ջանքերը, քայլերը՝ ինչ-որ երկխոսություն ձևավորելու երկու երկրների միջև:

– Եկեք հապճեպ եզրակացություններ չանենք: Թուրքիայում և Հայաստանում կան շատ մարդիկ, ովքեր ուզում են, որպեսզի հարաբերությունները կարգավորվեն և սահմանները բացվեն: Եկեք չմոռանանք, թե ինչ երկար ճանապարհ ենք անցել` երկու երկրների միջև ժողովրդական մակարդակով դրական կապեր ստեղծելու համար: Թուրքիան լի է անակնկալներով, և միշտ էլ հնարավորություն կա, որ կտեսնենք ֆուտբոլային, շախմատային կամ այլ տեսակի դիվանագիտություն ապագայում:



Читайте также

Оставить комментарий