Դոլարի փոխարժեքը Հայաստանում ամենաբարձր ցուցանիշն է գրանցել

irevanaz.comՉորեքշաբթի երևանյան տարադրամի փոխանակման կետերում մեկ դոլարը սահմանեց ռեկորդ՝ իր գոյության պատմության մեջ հասնելով ամենաբարձր ցուցանիշին։ Տիգրան մեծ պողոտայի վրա գործող արժույթի կետերում մեկ դոլարի վաճառքը տատանվում էր 620 - 635 դրամի միջև։ Հերթերում սպասող մարդկանցից սակայն ոչ բոլորին էր հաջողվում արտարժույթ գնել։ Նրանցից ոմանք դոլարի բացակայության դեպքում անցնում էին եվրոյի։
«Երևան Սիթի» խանութում գործող տարադրամի փոխանակման կետում այդօրինակ դեպքի կարելի էր հանդիպել։ Քաղաքացու խոսքով իրեն շտապ արժույթ է հարկավոր, քանի որ «երեխան դեսպանատանն իրեն է սպասում»։
Մեկ դոլարը 635 դրամով վաճառող տարադրամի փոխանակման կետի աշխատողը, ով չցանկացավ ներկայանալ, պնդեց որ արժույթի հարցում իրենք որևէ ազդեցություն ունենալ չեն կարող, նրա խոսքով իրավիճակը կկայունանա, երբ բանկերը սկսեն դոլար վաճառել։
«Թողել են միայն չենջերին, տենց չի, հսկա բանկերը 100 դոլար փող են տալիս», - ասաց աշխատողը։
Դոլարի ամենաբարձր գինն արձանագրվեց Վաղարշ Աբրահամյանին պատկանող ոսկու շուկայի տարադրամի փոխանակման կետում։ Լուսատախտակի վրա մեկ դոլարի գինը 665 դրամ էր։
Գրեթե նույն պատկերն էր հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում։ Տարադրամի փոխանակման որոշ կետերում մեկ դոլարը գերազանցել է 600 դրամի սահմանը։
Դրամի արժեզրկման հետևանքով առաջացած դոլարի պակասուրդ լուրջ հարված է հասցնում գործարար շրջանակին։ Սուրճի արտադրությամբ զբաղվող՝ Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանին այդ օրը չի հաջողվել իրեն անհրաժեշտ քանակի դոլար ձեռք բերել, ինչը նրա խոսքով, վտանգում է իր բիզնեսը, քանի որ պարտավորություններ ունի։
«Հենց հիմա ես պարտականություն ունեմ Թաիլանդի թագավորություն գումար փոխանցելու, բայց ես այդ գումարը չեմ կարողանում փոխանակել: Դեռրս այսօր մի բանկից 2 հազար, մյուսից՝ 3 հազար [դոլար], բայց դրանով ես չեմ կարող 30-40 հազար ամբողջացնեմ և ուղարկեմ: Վերջիվերջո դա աշխատելու ձև չէ, և խնդրել եմ իմ Թաիլանդի գործընկերներին, որ մի քիչ համփերեն, քանի որ մեր իրավիճակը էսպիսին է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մխչյանը:
Վերջին շաբաթներին փոխարժեքի անկայուն վիճակը մի քանի անգամ ստիպել է գործարարին նույնիսկ դադարեցնել գործունեությունը։ Մխչյանի պնդմամբ, այլ տարբերակ չի եղել, քանի որ իր արտադրանքի առավոտյան սահմանած գինը երեկոյան արդեն անեկամտաբեր է դարձել։ Գործարարին բարկացնում է հատկապես այն փաստը, որ պատկան մարմիննները չեն միջամտում՝ իրավիճակը կայունացնելու համար։
«Ոչ մի հայտարարություն չի կատարվում, ոչ իմ բան չի ասվում ժողովրդին, ժողովուրդը չի կարողանում պատկերացնել, թե ինքը ինչ իրավիճակի մեջ է հայտնվել: Դրա համար, թեկուզ 50, 100 հազար դրամ ունեցողը ասում է՝ փրկեմ իմ ունեցածը, գնամ մի տեղից դոլար առնեմ: Այս պանիկան է, որ ամեն ինչ էս աստիճանի հասցրեց», - նշեց գործարարը:
Դրամի արժեզրկումից անելանելի վիճակի մեջ են հայտնվում հատկապես դոլարով վարկառուները։ Տուն գնելու համար 33 հազար դոլար հիպոթեկային վարկ վերցրած մի քաղաքացի նույնիսկ դժվարանում էր հաշվարկել դրամի արժեզրկման հետևանքով իր հնարավոր վնասները։
«Եթե մենակ վերցնենք մայր գումարը ու տատանումները դոլարի, մի քանի միլիոն դրամի տարբերություն է տալիս միայն մայր գումարի մեջ, էլ չեմ ասում, որ տոկոսագումարները պետք է մարվեն ու եթե ես վերցրել եմ 33 հազար դոլար որպես մայր գումար 20 տարով, տոկոսագումարը 55-60 հազար դոլար է կազմում», - նշեց քաղաքացին:
«Ազատություն»



Читайте также

Оставить комментарий