Դրական սցենարներ ակնկալելը դժվար է. տնտեսագետները` դրամի արժեզրկման մասին
Դեկտեմբերի վերջին օրերի համեմատ ռուսական ռուբլին հունվարի առաջին օրերին սկսեց արժեզրկվել, և այսօր արդեն 1 ռուբլու առքի գինը փոխանակման կետերում հասել է 7 դրամի, իսկ վաճառքի գինը՝ 8.20 դրամի: Դրան զուգահեռ նորից սկսվել է ԱՄՆ դոլարի արժեվորումը դրամի նկատմամբ: Տնտեսագետ Զոյա Թադևոսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ զարգացումներ են սպասվում ֆինանսական շուկայում, հատկապես՝ առևտրային բանկերի աշխատանքի վերսկսումից հետո, ասաց, որ դեռ մինչ Ամանոր ինքը և մի շարք տնտեսագետներ զգուշացնում էին, որ ծանր օրերն սկսվելու են տոներից հետո: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ևս կանխատեսեց, որ դրամի արժեզրկումը կշարունակվի՝ կապված ռուսական տնտեսության խնդիրների, ՀՀ տնտեսության անմրցունակության և տարվա առաջին եռամսյակում մշտապես համեմատաբար պակասող տրանսֆերտների հետ:
«Ի՞նչը պետք է հակազդի, որ դրամը արժեվորվի, եթե իրական տնտեսություն գոյություն չունի, ոչինչ չի կարող օգնել, որպեսզի դրամը նորից կայունանա: Մեր երկրում որևէ ռեսուրս դրա համար չկա, հետևաբար արժեզրկումը շարունակվելու է: Ստեղծված իրավիճակի հիմնական կանխարգելիչ հնարավորությունը իրական տնտեսության ստեղծումն է:Երբ տնտեսությունը սկսի աշխատել, ապրանք կարտադրվի, կարտահանվի, այդ ժամանակ էլ վիճակը կփոխվի: Արտահանված ապրանքը հնարավորություն է տալիս, որպեսզի օտարերկրյա արժույթ մտնի տնտեսություն, եթե դա չկա, արհեստականորեն հնարավոր չէ կանխել գործընթացը»,-ասաց նա:
Զոյա Թադևոսյանն ընդգծեց, որ Կենտրոնական բանկը ոչինչ անել չի կարող ստեղծված իրավիճակում, քանի որ հարցը մշտապես չի կարող լուծվել ինտերվենցիաների միջոցով:
«Նախորդ ամիսներին արհեստականորեն պահեցին դրամը, մեծ ռեսուրսներ ծախսվեցին, հիմա դա շարունակել հնարավոր չէ: ԿԲ-ն արդեն ռեսուրսներ չունի»,- ասաց նա:
Զոյա Թադևոսյանն անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսության կախվածությանը ՌԴ տնտեսությունից և ասաց. «Սա շատ ծանր խնդիր է, մենք բազմիցս ահազանգում էինք, որ տարվող տնտեսական քաղաքականության արդյունքում բոլոր լծակները կսպառվեն, և մենք այսօր հասել ենք այդ կետին: Մենք սպառված հնարավորություններ ունենք»,-ասաց նա:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ ընդգծեց, որ 2015 թ-ի առաջին եռամսյակում սոցիալական դժվարություններ են սպասվում:
«Արդեն հունվար ամսին նկատվում է, որ մենք կունենանք ավելի բարձր գնաճ՝ պայմանավորված նրանով, որ դեկտեմբերին դրամի արժեզրկման արդյունքում ապրանքների գների բարձրացումից հետո ապրանքների հիմնական մասի գինը լիարժեք չվերականգնվեց: Կարելի է ասել, որ հատկապես՝ ԵՏՄ-ի հետ կապված անորոշությունների բացասական գործոնները ավելի շատ են, քան դրականները»,-ասաց նա:
Արտակ Մանուկյանը ևս կանխատեսեց, որ դրամի արժեզրկումը կշարունակվի՝ կապված ռուսական տնտեսության խնդիրների, ՀՀ տնտեսության անմրցունակության և տարվա առաջին եռամսյակում մշտապես համեմատաբար պակասող տրանսֆերտների հետ:
«Չեմ կարծում, որ ականատես կլինենք նրան, ինչ եղավ նախորդ ամիս, բայց ակնհայտ է, որ խիստ լավատեսական սցենարները բացակայում են, հատկապես՝ նավթի գների պատմական ցածր գների հասնելու պարագայում: Այդ առումով ռուսական ռուբլին, կարելի է ասել, իր ներկայիս սահմաններում կայունացել է, ու տատանումները մեծ չեն լինի: Եթե ուսումնասիրենք, կտեսենք, որ դրամի արժեզրկումը որոշակիորեն կշարունակվի, որովհետև չեմ տեսնում այն հիմքը, որի հաշվին դա կարող է տեղի չունենալ»,-ասաց նա:
Tert.am