Դրամի արժեզրկումը կարող է խորացնել սոցիալական լարվածությունը
Վերջին օրերին դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը, հայաստանյան որոշ փորձագետների գնահատմամբ, պայմանավորված է թե ներքին, թե արտաքին պատճառներով:
Մի քանի օր առաջ դոլարի փոխարժեքը Երեւանի արժույթի փոխանակման կետերում ընդհուպ մոտեցավ մեկ դոլարի դիմաց 420 դրամի հոգեբանական սահմանին՝ 419 դրամ, 15 լումա: Այսօր հայաստանյան բանկերում այդ ցուցանիշը կազմում է մոտ 417 դրամ: Դոլարի արժեվորումը, բնականաբար, հանգեցնում է նաեւ հիմնական սպառողական ապրանքների գնաճի: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվարի նկատմամբ արձանագրվել է 3.1 տոկոսի գնաճ: Այլ դիտարկումներով, սակայն, իրական գնաճը ավելի մեծ թիվ է կազմում:
Տնտեսական վերլուծաբան Արա Գալոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է մի քանի հանգամանքներ, որոնց հանրագումարում, թվում է` դրամը չպետք է արժեզրկվեր: Մինչդեռ ունենք հակառակ պատկերը: Այսպես՝ ըստ փորձագետի, նախագահական վերջին ընտրություններին, ի համեմատ նախորդների, ընտրակաշառք քիչ է բաժանվել, հետեւաբար շրջանառության մեջ դրամի զանգվածը մեծ չէ: Նախկինում հենց դրամի մեծ զանգվածն էր հանգեցնում արժեզրկման` գործոն, որ այս դեպքում բացակայում է: Չի նվազել նաեւ արտերկրից ստացվող մասնավոր տրանսֆերտների ծավալը, ինչը եւս դոլարի արժեվորումը զսպող գործոն է: Պաշտոնապես աճել է նաեւ Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալը:
Ուրեմն ի՞նչն է վերջին օրերին դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի կտրուկ անկման պատճառը: Արա Գալոյանի դիտարկումներով` առկա է մի էական միտում` մի շարք գործարարներ հակված են իրենց կապիտալը եւ ձեռնարկությունները դուրս հանել Հայաստանից:
«Կառավարությանը շատ է անհանգստացնում է այն փաստը, որ հայ գործարարների մի մասը գործող ձեռնարկություններ, կիսավարտ շինարարություններ գրավադրում է բանկային համակարգում եւ տարադրամը հանում են երկրից դուրս: Կարծում եմ` տնտեսական ճգնաժամի այս էտապում Հայաստանում հայտնվել է գործարարների մի խավ, որը փորձում է փրկել իր ունեցվածքը կամ ունեցվածքի մի մասը` չվստահելով հայկական բանկերին, չվստահելով մեր տնտեսությանը», - ասում է Գալոյանը:
Ըստ վերլուծաբանի` արտաքին գործոնների թվում կարելի է նշել համաշխարհային տնտեսական ճգնաժամի նոր ալիքի հանդեպ բացասական սպասումները, սակայն էական են նաեւ ներքին պատճառները: Դրանցից, թերեւս, առավել ազդեցիկը Հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններն էին, որոնց հետեւանքով միջին եւ փոքր բիզնեսի շատ ներկայացուցիչներ հարկադրված կլինեն մասնակիորեն ետ վերադառնալ ստվերային դաշտ:
«Այս տարվա հարկային փոփոխությունների արդյունքները դեռ վերլուծված չեն: Սոցիալական հարկերի գործատուի վրա բարձրացնելը էապես խփելու է տնտեսության իրական հատվածին, այն մարդկանց, ովքեր գործում էին հարկային դաշտում: Նրանք կամ իրենց բիզնեսը 25 տոկոսի չափով կտեղափոխեն ստվերային դաշտ, իսկ ստվերում գործելու համար անպայման քաղաքական աջակցություն է պետք, այլապես բիզնեսը վարի կգնա… երեւի շատ ավելի հեշտ է այդ մարդկանց ունեցվածքի մի մասը ուղղակի տանել այստեղից», - ասում է փորձագետը:
Այս ամենի սոցիալական հետեւանքները, ըստ Արա Գալոյանի, բավականաչափ ցավոտ են լինելու բնակչության համար՝ սպառնալով էլ ավելի իջեցնել առանց այդ էլ ցածր կենսամակարդակը: Իսկ հունիսին խոստացված թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման բարերար ազդեցությունը, ըստ էության, չի զգացվելու:
«Արդեն հաշվարկներ կան, որ անցած տարվա ինֆլյացիայի պարագայում կենսամակարդակը նվազել է, որովհետեւ աշխատավարձերի աճը գնաճին չի կոմպենսացրել», - շեշտում է նա:
Փորձագետը արդյունավետ չի համարում նաեւ դրամի հետագա արժեզրկման կանխմանը միտված Կենտրոնական բանկի ջանքերը: Միայն անցած շաբաթ ԿԲ-ն ֆինանսական բորսայում վաճառքի է հանել ավելի քան 13 միլիոն դոլար: Գալոյանը հիշեցնում է, որ տարիներ առաջ եւս պետական պահուստներից ֆինանսական շուկա էին նետվում հարյուրավոր միլիոնների հասնող դոլարի մեծ չափաբաժիններ, ինչը սակայն, սկզբունքային որեւէ հարց չլուծեց:
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նկատում է, որ իրական գնաճն ավելին է, քան փետրվարի դրությամբ գնաճի պաշտոնապես արձանագրված 3 տոկոսի ցուցանիշը: Դա, ըստ Պողոսյանի, սպառողների վրա արդեն իսկ ազդեցություն է ունեցել:
«Եթե ժողովրդի 40 տոկոսը ապրում է աղքատության շեմից ներքեւ, եթե թոշակներն ու նպաստները կազմում են նվազագույն սպառողական զամբյուղի մոտ 40 տոկոսը ... սրանք հայտնի թվեր են եւ չեն հուսադրում, որ դրական դինամիկա կլինի», - ասում է Պողոսյանը:
Եթե դրամի անկումը շահեկան է դրսից տրանսֆերտներ ստացող քաղաքացիների համար, ապա այս իրավիճակը անհանգստացնում է հատկապես թոշակառուներին, որոնք կենսաթոշակի առաջիկա բարձրացման հետ էլ հույսեր չեն կապում:
«1000-2000 դրամը թոշակառուին օգտուտ չի տալու, որովհետեւ ամեն ինչ թանկանում է», - ասաց երեւանցի մի թոշակառու: