ԵՄ-ն և ՌԴ-ն կփորձեն Բաքվին համոզել փոխել քաղաքական կուրսը
Այս շաբաթ երկօրյա այցով Բաքու կժամանի Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։ Նրանից հետո ադրբեջանական մայրաքաղաքում ռուսական դեսանտ կիջնի. հունիսի 17-18-ին Ադրբեջան կայցելի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ հետո ռուսական մեկ այլ պատվիրակություն՝ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի գլխավորությամբ, գրում է Независимая газета-ն։
Բաքվում տարբեր կերպ են գնահատում առաջիկա այցերը։ Դրանք, հայտնի լրագրող և իրավապաշտպան Էյնուլլա Ֆաթուլլաևի խոսքով, «վկայում են այն մասին, որ Ադրբեջանը գտնվում է աշխարհաքաղաքական գործընթացների էպիկենտրոնում, որոնք ուղղորդված փոխում են աշխարհի քարտեզը»։
Բարոզուի այցը Բաքու փորձում է փրկել ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը։
«Ամենայն հավանականությամբ՝ Բրյուսելում հույս ունեն, որ դեռևս հնարավորություն կա Ադրբեջանին թեքել այդ նախագծի կողմը, որը պատճառ էր դարձել Ուկրաինայում այժմ տեղի ունեցող ճգնաժամի»,- կարծում է Ֆաթուլլաևը։
Սակայն այդ հույսերը, ամենայն հավանականությամբ, անիրականանալի են, և պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու մասին։
Ավելի մեծ ինտրիգ է պարունակում ՌԴ արտգործնախարար Լավրովի այցը Բաքու։
Ինչպես նշում է ադրբեջանական միջազգային Caspian International Broadcasting Company (CIBC) հեռուստառադիոընկերությունը, Լավրովի, ապա Ռոգոզինի այցը Բաքու հաջորդելու է Հայաստանին Եվրասիական տնտեսական միություն ընդունելու որոշմանը։
Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը։ Այդ կերպ, CIBC-ի պնդմամբ, Մոսկվան ցանկանում է հասկացնել, որ չնայած Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին՝ իրենք հետաքրքրված են Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությամբ։
Տեղի քաղաքագետները վստահ են, որ Լավրովի այցը Բաքու ուղեկցվելու է ռուսական կողմի կարևոր առաջարկությամբ, մասնավորապես՝ Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցության հեռանկարի վերաբերյալ։
Ի դեպ, այդ առաջարկությունը Բաքվում մեկ շաբաթ առաջ բարձրաձայնել էր ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը։
Նման ցանկություն էր հայտնել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Սակայն պաշտոնական Բաքուն մտադիր չէ ետ կանգնել ընտրած ճանապարհից և շարունակում է երկկողմ հարաբերությունները ԵՄ-ի և Եվրասիական միության հետ։
Այդ առումով Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները կարելի է հաջող համարել։ Դրանք պաշտոնական որոշակի կառույցների մակարդակով արդեն ռազմավարական գործընկերության մակարդակի են հասել։ Հաջողությամբ զարգանում են առևտրային կապերը։
Այդ ամենից հետո Բաքվից քաղաքական կուրսի փոփոխություն ակնկալել պետք չէ։ Ադրբեջանը համագործակցության ճանապարհից չի շեղվի ո՛չ եվրոպական կառույցների, ո՛չ էլ մերձավոր հարևանների՝ առաջին հերթին Ռուսաստանի հետ հարաբերություններում, գրում է թերթը։