Սադրանք Մեդվեդևի Ադրբեջան այցի նախօրեին

irevanaz.comՕրեր առաջ ավարտվեց ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի այցը Բաքու։

Պաշտոնապես հայտարարվել էր, որ Նարիշկինի այցի գլխավոր նպատակը Մեդվեդևի՝ Ադրբեջան կայանալիք այցի նախապատրաստումն է (Ռուսաստանի նախագահի այցն Ադրբեջան կարող է կայանալ մոտ ժամանակներս)։ Սակայն ոչ պաշտոնական տեղեկություններով, որը տարածել են Ռուսաստանի լրատվամիջոցները, «Ադրբեջանի մայրաքաղաքում ամեն բան չէ, որ հաջողվել է Նարիշկինին. նրան զբաղվածության պատճառով չի ընդունել նախագահ Իլհամ Ալիևը»։

Ադրբեջանում զարմանքով են ընդունել նման տեղեկատվությունը: Ադրբեջանի նախագահի վարչակազմում այդ տեղեկատվությունը հերքել են։ Այսպես, «Նեզավիսիմայա գազետային» տեղեկացրել են, որ Նարիշկինի՝ Բաքու կատարած այցի ծրագրով նման հանդիպում նախատեսված չի եղել։ Ավելին, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը գոհ է մնացել իր այցի արդյունքներից։

Միևնույն ժամանակ, ուշադրությունը բևեռելով ադրբեջանա-ռուսական հարաբերությունների առաջընթաց զարգացումների վրա, Նարիշկինը հայտարարել է. «Մեր երկու երկրների դիրքորոշումները միջազգային ասպարեզում շատ նման են, իսկ միջազգային կյանքի կարևոր հարցերում մեծամասամբ լիովին համընկնում են»։ Նրա խոսքով՝ Մոսկվան միանգամայն բավարարված է նրանից, թե «ինչպես է զարգանում համագործակցությունը երկու երկրների միջև տնտեսության ոլորտում»։

«Չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամին, կորուստները, որոնք նկատվում էին առևտրի ծավալում անցյալ տարի, մեծ չեն, և մենք վստահ ենք, որ կարճատև ժամկետում կկարողանանք վերականգնել ապրանքաշրջանառության այն ծավալը, որը գոյություն ուներ մինչև 2008թ.։ Անկասկած, տնտեսական համագործակցության ամենամեծ ոլորտը էներգետիկայի ոլորտն է, և այստեղ գազի, էլեկտրաէներգետիկայի ոլորտներում համագործակցության մասով նոր պայմանավորվածություններ կան», - ասել է Նարիշկինը Բաքվում։

Ադրբեջանի քաղաքագետների մեծ մասը Ալիևի՝ Նարիշկինին չընդունելու մասին տեղեկատվությունը որպես կանխամտածված սադրանք են բնորոշել։

«Կարծում եմ, որ եթե նախագահը Բաքվում լիներ, պարոն Նարիշկինն էլ նրա հետ հանդիպելու ցանկություն հայտներ, Ադրբեջանի ղեկավարը, անկասկած, նրան կընդուներ», - ասել է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։ Նրա խոսքով՝ նման տեղեկատվություն տարածող մարդիկ կամ պարբերականները նպատակ ունեն վնասել Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև զարգացող հարաբերությունները։

Միևնույն ժամանակ, ադրբեջանցի փորձագետները նման տեղեկատվության տարածումը Դմիտրի Մեդվեդևի՝ Ադրբեջան սպասվելիք այցի նախօրեին պատահական չեն համարում։

Բանն այն է, որ Ադրբեջանի հասարակությունը դժգոհ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի ձգձգումից և համարում է, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների, գործընթացն արագացնելու ավելի մեծ հնարավորություններ ունի։ Ի դեպ, այս մասին վերջերս ՀՀՇ-ի կոալիցիայի համագումարում հայտարարեց նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ «ղարաբաղյան հարցի լուծման բանալին Մոսկվայի ձեռքում է»։

Ակնհայտ է, որ որոշակի ուժեր փորձում են «կրակի վրա յուղ լցնել» և սեպ խրել Մոսկվայի ու Բաքվի հարաբերություններում։ Այս ֆոնի վրա Բաքվում ուշադիր հետևում են Ռուսաստանի ու Հայաստանի միջև ամրապնդվող ռազմական կապերին, իսկ ադրբեջանցի որոշ քաղաքագետներ անգամ կարծիք են հայտնում, որ Ադրբեջանը պետք է վերանայի հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ վերջինս զինում է հայկական բանակը, որն օկուպացրել է Ադրբեջանի տարածքների մոտ 20%-ը։

Ադրբեջանցի փորձագետները համոզված են, որ հենց դրա համար էլ բանակցությունների ժամանակ հայկական կողմը մշտապես ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում։ Նրանք ենթադրում են, որ շատ հարցերի պատասխաններ, ըստ երևույթին, կտրվեն Մեդվեդևի՝ Ադրբեջան կայանալիք այցի ընթացքում։



Читайте также

Оставить комментарий