ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՊՎԵԼ ԲԱՔՎԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԵՏ․ԲԱՅՐԱՔԹԱՐ
Հայաստանը կարող է կապվել Բաքվի և Անկարայի էներգետիկ համակարգերի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։Նրա խոսքով՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է նաև դրական ազդեցություն ունենալ տնտեսական համագործակցության վրա։
Ըստ նախարարի՝ Անկարան հենց այս տեսանկյունից է աջակցում կարգավորման գործընթացին։
Ալփարսլան Բայրաքթարը ընդգծել է, որ Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս։
«Ըստ էության, կարգավորումը ենթադրում է տնտեսական հարաբերությունների արդիականացում։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում և օգտագործել առկա հնարավորությունները։ Հուսով եմ, որ այս գործընթացը կշարունակվի բոլոր կողմերի օգտին»,-նշել է նախարարը։

