ՕՎԵՐՉՈՒԿ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԽՆԴԻՐ Է»

Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացման եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը երկու երկրների գործն է:
«Ինչ վերաբերում է դրանում Ռուսաստանի մասնակցությանը և դերին, մենք միշտ պատրաստ ենք աջակցել։ Մենք պատրաստ ենք տրամադրել փաստաթղթեր, այդ թվում՝ քարտեզագրական, որոնք պատմականորեն գոյություն ունեն Ռուսաստանում»,- ասել է նա։
Խոսելով հաղորդակցությունների ապաշրջափակման մասին՝ Օվերչուկն ասել է, որ «պաշտոնապես գոյություն ունի աշխատանքային խումբ», և նշել, որ այն վերջին անգամ հունիսի 2-ին է հանդիպել։
«Մեղրիով երկաթուղու շինարարության մեկնարկի մասին համատեղ հայտարարության տեքստը նույնպես մեծ մասամբ պատրաստ է, ինչ վերաբերում է բուն ճանապարհի կառուցմանը, գիտեք, այժմ Ադրբեջանն արդեն սկսել է Իրանի տարածքով ավտոմայրուղու շինարարությունը՝ շրջանցելով Հայաստանի տարածքը»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։
Նրա խոսքով, Ադրբեջանը և Իրանը նաև ստորագրել են հուշագիր Իրանի տարածքով՝ Հայաստանի տարածքը շրջանցող երկաթուղու կառուցման մասին։


Читайте также

Оставить комментарий