ՕՎԵՐՉՈՒԿ. ԻՐԱՆԻ ԿԱՄ ՄԵՂՐԻԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐԿԱԹԳԾԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԱՄԵՆԸ 8 ԿԻԼՈՄԵՏՐ ԵՎ ԵՐԿՈՒ ԿԱՄՈՒՐՋ Է
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ասել է, որ ռուսական ընկերությունը սկսել է Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղու ծրագիրը իրականացնելու նախապատրաստական աշխատանքները՝ այն համարելով հյուսիս-հարավ միջանցքի մի մասը, որը կապելու է Իրանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Նա հայտնել է, որ նախօրեին ծրագիրը քննարկվել է Ռուսաստանի վարչապետի և Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպմանը։
Օվերչուկը, մեկնաբանելով Մեղրիի տարածքով ճանապարհ կառուցելու միջոցով այդ ծրագրին Հայաստանի միանալու հնարավորությունը, ասել է, թե այդ հարցը հիմա չի դիտարկվում Հայաստանի կողմից հստակ դիրքորոշման բացակայության պատճառով։
«Հայաստանը հյուսիս-հարավ միջանցքի մաս չի հանդիսանում։ Մեղրիով պլանավորած ճանապարհի վերաբերյալ նրանց մոտ դեռ վերջնական դիրքորոշում ձևավորված չէ։ Ինչ վերաբերում է հյուսիս-հարավին, ապա այստեղ փոխգործակցությունը բացարձակապես նորմալ է»,-ասել է Օվերչուկը՝ անդրադառնալով նաև Ադրբեջան-Իրան կառուցվող ճանապարհին։
«Ադրբեջանն ու Իրանը գործնականում արդեն սկսել են ավտոճանապարհի կառուցումը, որը կանցնի Արաքս գետի հարավային ափով՝ շրջանցելով Հայաստանը, ինչպես նաև հուշագիր է ստորագրվել Իրանի տարածքով երկաթգիծ կառուցելու համար։ Շրջանցելով Հայաստանը այն պարզապես կանցնի գետի մյուս ափով»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է Օվերչուկը, նշել, որ Հայաստանը շրջանցող ճանապարհը, որը Իրանի տարածքով կհասնի Նախիջևան և դուրս կգա Թուրքիայի սահման, իր երկարությամբ քիչ է տարբերվում «Զանգեզուրի» ճանապարհի տարբերակից։
«Գնահատել ենք, որ հայկական տարածքով երկաթգիծը կլինի 42 կիլոմետր, որքան ինձ հայտնի է՝ Իրանի տարածքով երկաթգիծը կլինի 50 կիլոմետր, ահա և ամբողջ տարբերությունը՝ 2 կամուրջ և 8 կիլոմետր»,- ասել է Օվերչուկը։