ԱԼԵՔՍԵՅ ՕՎԵՐՉՈՒԿ. ՄԵՂՐԻՈՎ ԱՆՑՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԻՑ

Այսօր Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները և կապահովեն ամենակարճ ու հարմար տեղաշարժը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա նշել է, որ Մեղրիով անցնող երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Ռուսաստանցի պաշտոնյան հավելել է, որ միևնույն ժամանակ Իրանով անցնող, Հայաստանը շրջանցող ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը արդեն հաջորդ տարի պատրաստ կլինի։
«Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի բացումը հատուկ դեր կխաղա Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկի ձևավորման գործում», - հայտարարել է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ հանձնաժողովի ռուս համանախագահը՝ ելույթ ունենալով Մոսկվայում կազմակերպված «Արտադրված է Ռուսաստանում» համաժողովին։
«Հենց Հարավային Կովկասում է այսօր ձևավորվում «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկը։ Եթե այն ստեղծվի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսությունները կսկսեն լրացուցիչ վարձավճար ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելության հետ», - ասել է Ռուսաստանի փոխվարչապետը:


Читайте также

Оставить комментарий