ԲՈՐԵԼԸ ԵՎ ԲԱՅՐԱՄՈՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

Լեհաստանում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակում Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։
Բորելը Twitter-ում գրել է, որ Եվրամիությունը հավատարիմ է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին նպաստելուն։
«Մենք Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկեցինք տարածաշրջանային հարցեր: Ես ընդգծեցի Եվրամիության հանձնառությունը՝ խթանելու խաղաղ բանակցությունները և ամրապնդելու վստահությունը Հարավային Կովկասում: Խաղաղության ամրապնդման և տարածաշրջանային բարգավաճման ուղղությամբ ջանքերը շարունակելու համար Ադրբեջանի հետ համագործակցության հույս ունեմ», - գրել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն:
Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդմամբ՝ Բայրամովն ասել է, որ Հայաստանը խոչընդոտում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, խուսափում երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պարտավորությունների կատարումից և փորձում է ապակողմնորոշիչ կարծիք ստեղծել կարգավորման գործընթացի վերաբերյալ։


Читайте также

Оставить комментарий