ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԵՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ... ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԸ ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԳՆԱՀԱՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԱՆԻ ՃԻՇՏ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ. ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, պատասխանելով Anadolu-ի հարցերին, նշել է, որ պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու մասին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը դրական է արձագանքել հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակմանը և նրանց մասնակցությամբ 3 հանդիպում անցկացնելուն։
Բայրամովն այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերն անվանել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղարկված դրական ուղերձների օրինակ։
«Հայաստանը մեկ տարի անտեսել է Ադրբեջանի խաղաղության կոչերը։ Չնայած դրան, Բաքուն այս տարվա սկզբին հրապարակել է այն սկզբունքները, որոնց վրա կարելի է հիմնել ապագա խաղաղության համաձայնագիրը»,- ասել է Բայրամովը։
Նրա խոսքով, պաշտոնական Բաքվի խաղաղության օրակարգը դրական արձագանք է ստացել միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրամիության մակարդակով։ ԵՄ-ի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները վերջին երկու ամիսների ընթացքում երկու դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել, հիշեցրել է Բայրամովը՝ նշելով, որ բանակցությունների օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է նաև տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանազատումը և սահմանագծումը։
Բայրամովն այնուհետև ասել է, որ Հայաստանից սկսել են որոշակի դրական ազդակներ գալ հարաբերությունների կարգավորման հարցում:
«Այս ազդանշանները մենք ընդունում ենք որպես դրական քայլեր։ Այս ուղղությամբ շարժման շարունակականությունը բխում է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի շահերից։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ամենից շատ անհրաժեշտ է հենց Հայաստանին... պաշտոնական Երևանը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը և անի ճիշտ եզրահանգումներ»,- ասել է Բայրամովը։
Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի բացման բանակցություններին, Բայրամովը նշել է, որ այս հարցում դեռ կոնկրետ արդյունքներ չկան։ Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը, հայտարարել է ադրբեջանցի նախարարը։
«Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ հայտարարում են. «Մենք Երևանի հետ խնդիրներ չունենք։ Մեր երկրները հանդես են գալիս Հայաստանի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների օգտին։ Եթե Երևանը համապատասխան քայլեր ձեռնարկի, հարգի միջազգային իրավունքի նորմերը և հաշվի առնի տարածաշրջանի իրողությունները, լավ արդյունքները հնարավոր կդառնան»,- ասել է Բայրամովը։


Читайте также

Оставить комментарий