ՊԵՏԴԵՊԻ ԽՈՍՆԱԿԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ՀԱՅՏՆԵԼ, ԹԵ ԻՆՉ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ Է ՇՈՖԵՐՆ ԱՅՑԵԼՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակը դժվարացել է հայտնել, թե ինչ կարգավիճակով է Էնդրյու Շոֆերն այցելում տարածաշրջան:
Նեդ Փրայսին օրերս կայացած ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի լրագրողը հարցրել էր Էնդրյու Շոֆերի կարգավիճակի մասին: Հարցման պատճառը Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի թվիթերյան էջի ապրիլի 18-ի գրառումն էր Շոֆերի տարածաշրջան այցի մասին, որում նա ներկայացված է որպես «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական»:
Ի՞նչ կարգավիճակով է տարածաշրջան այցելում Էնդրյու Շոֆերը հարցին Պետդեպարտամենտի խոսնակն արձագանքել է․ - «Մենք չենք տիրապետում տվյալ անհատի ուղևորության դետալներին, կամ թե ինչ կարգավիճակով է նա գործել ժամանակին, բայց կվերադառնանք Ձեր հարցին, եթե հավելելու որևէ բան ունենանք»։
Էնդրյու Շոֆերը Երևանում հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Մեկ շաբաթ առաջ էլ Երևանում Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներ էր ունեցել Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը։
Թե՛ ֆրանսիացի և թե՛ ամերիկացի դիվանագետները հայկական կողմի պաշտոնական հաղորդագրություններում ներկայացվել են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագրի հարցը առավել հրատապ է ապրիլի 8-ից հետո, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում:


Читайте также

Оставить комментарий